Սերժ Սարգսյան. Հանրապետականը դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է 2026-ի ԱԺ ընտրություններին, թե՞ ոչ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել՝ մասնակցելո՞ւ է 2026-ի խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանում մեկ վարույթում քննվող «խոշոր չափերով կաշառք ստանալու» ու «դիզվառելիքի յուրացման» գործով նիստից հետո «Ազատությանը» հայտնեց հենց ինքը՝ Հայաստանի երրորդ նախագահը։ Սարգսյանը, սակայն, չնշեց՝ արդյո՞ք կուսակցությունում քննարկվել է այդ հարցը, կամ ե՞րբ են նախատեսում այդ հարցին անդրադառնալ։

«Հենց կայացվի, Դուք առաջիններից մեկը կիմանաք», - խոստացավ նախկին նախագահը:

Սարգսյանն այսօր նաև վստահեցրեց, թե չի լսել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ խորհրդարանական ընտրություններին մեծ բևեռով մասնակցելու առաջարկի մասին։ Մարուքյանը կուսակցության համագումարի ընթացքում ճանապարհային քարտեզ էր ներկայացրել «վարչապետ Փաշինյանին թոշակի ուղարկելու» համար:

«Ես անկեղծ ասած տեղյակ չեմ Ձեր ասած հայտարարությանը, ես տեղյակ եմ Իշխան Սաղաթելյանի [ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ. - խմբ.] հայտարարությանը, ոչ միայն հայտարարությանը, այլ Իշխան Սաղաթելյանը եկել, հանդիպել ենք, և բոլոր այդ դրույթները, որ նաև Իշխանը Սաղաթելյան շարադրել է գրավոր, ես վաղուց ծանոթ եմ, մենք վաղուց դրա մասին խոսում ենք», - ասաց Սերժ Սարգսյանը:

Երրորդ նախագահն այսօր անուններ չտվեց, բայց մեղադրեց ընդդիմադիրներից ոմանց իրենց քննադատելու համար: Այս տարվա ընթացքում Սարգսյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները մեկ անգամ չէ, որ կոշտ մեղադրանքներ են փոխանակել:

«Էստեղ կարևորը հայտարարություն անելը չի, կարևորը նա է, որպեսզի բոլորը գիտակցեն և տակից, կողքից կամ բացահայտ իրար չքննադատեն՝ հատկապես Հանրապետականին: Եթե առավոտից իրիկուն պետք է մեզ քննադատեն, մենք գնանք էդ մարդկանց հետ ի՞նչ ասենք», - ընդգծեց երրորդ նախագահը:

Սարգսյանը լրագրողներին վստահեցրեց՝ մինչ այդ, Հանրապետականը շարունակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթով հեռացնելու գործընթացը: Սակայն չասաց՝ ինչպե՞ս։ Առանց ՔՊ-ականների դա հնարավոր չէ, իսկ իշխող ուժից ամիսներ շարունակ վստահեցնում են՝ իրենց շարքերից իմփիչմենթի նախաձեռնությանը միացող չկա:

«Շարունակվում է, կտեսնենք, կտեսնենք: Շատ մեծ բաներ չեմ կարող ասել, բայց մենք էդ ուղղությամբ մեր գործը շարունակում ենք», - նշեց նախկին նախագահը:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հակակոռուպցիոն դատարանում մեկ վարույթով քննվող «Միխայիլ Բաղդասարովից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու» ու «դիզվառելիքի յուրացման» գործից բացի, առանձին մեկ վարույթով քննվում են «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողամասերի օտարման ու Սիլվա Համբարձումյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործերը, որոնք ևս առնչվում են առերևույթ խոշոր չափերով կաշառք ստանալուն և ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելուն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էդմոն Մարուքյանը ընդդիմադիր դաշտին համախմբում է առաջարկում «Նիկոլ Փաշինյանին թոշակի ուղարկելու համար»«Մեծ հավանականությամբ կմասնակցեմ 2026-ի ընտրություններին». Քոչարյան Փաշինյանի համոզմամբ՝ Քոչարյանն ու Սարգսյանը վաղուց այլևս մրցակից չեն «Եթե ուզում եք Փաշինյանը պարտվի, չպետք է մասնակցեք 2026-ի ընտրություններին». Թաթոյանի հորդորը նախկին նախագահներին«Կարողացանք կորզել բանակցային փաստաթղթերը հրապարակելու խոստում». Սերժ Սարգսյան Ինչո՞ւ սկսվեց 44-օրյա պատերազմը. Սարգսյանի 7 ժամանոց գիշերային հարցազրույցն ու Փաշինյանի վաղորդյան 10 ստատուսները 44-օրյա պատերազմի առաջին պատճառը բանակցային գործընթացից հրաժարվելն էր. Սերժ ՍարգսյանՍերժ Սարգսյանին նոր մեղադրանք են առաջադրել ու արգելել երկրից բացակայել