Սենատը հաջորդ շաբաթ կարող է քննարկել «Գրեհեմի օրինագիծը»

ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը` Կիևում, 2026թ. հուլիսի10-ին

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը կարող է արդեն հաջորդ շաբաթ քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը, որի հեղինակներից մեկը վերջերս մահացած սենատոր Լինդսի Գրեհեմն էր, գրել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ դեմոկրատները հասկացրել են Սենատում մեծամասնություն ունեցող հանրապետականներին, որ նրանց որոշումներից է կախված օրակարգը:

«Ուկրաինան այժմ նախաձեռնությունն ունի ռազմի դաշտում, իսկ Կրեմլի դիրքերն ավելի ու ավելի անկայուն են դառնում։ Չափազանց կարևոր է հնարավորինս արագ առաջ շարժվել», նշել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ դեմոկրատ Ջին Շահինը։

Օրինագիծն արդեն ստացել է ավելի քան 60 սենատորի աջակցությունը, ինչը բավարար է դրա ընդունման համար, սակայն, երբ այն կներկայացվի քննարկման և քվեարկության, կախված է պալատի ղեկավարությունից։

Վերջին շրջանում օրինագիծը վերանայվել է երկու անգամ։

Սկզբում՝ դեռ մինչև Գրեհեմի մահը՝ հուլիսի 11-ին, սենատորները Սպիտակ տան հետ համաձայնեցնելով, որոշ չափով մեղմացրել էին որոշ դրույթներ, մասնավորապես՝ Ռուսաստանից նավթ և գազ գնող երկրների նկատմամբ երկրորդային մաքսատուրքերի կետը։

Այնուհետև, արդեն Գրեհեմի մահից հետո, Թրամփը, հղում անելով հանգուցյալ սենատորի ցանկությանը, պահանջել էր փաստաթղթում ներառել նաև Իրանի դեմ պատժամիջոցներ։ Տեքստում նաև ավելացվել են վարչակազմի կողմից նախկինում սահմանված մի շարք պատժամիջոցներ, որոնց գործողության ժամկետն ավարտվում էր այս տարի։

Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ը խուսափում էին Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելուց՝ փորձելով միջնորդի դեր կատարել պատերազմի ավարտին հասնելու նպատակով։ Պատժամիջոցների մասին օրինագիծը երկար ժամանակ չէր առաջ շարժվում Կոնգրեսում։

Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ խաղաղ կարգավորման առաջարկները, որոնք անցյալ տարի քննարկվել էին ԱՄՆ-ի և Ռուսաստանի Անքորիջի գագաթնաժողովում, անընդունելի են Ուկրաինայի համար, և անհրաժեշտ են նոր գաղափարներ ու մոտեցումներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուբիո․ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար նոր գաղափարներ են անհրաժեշտ

Իսկ Լավրովը կրկին դժգոհել էր, որ Միացյալ Նահանգները՝ «չի կատարել իր իսկ առաջարկած պայմանավորվածությունները»։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը գնացել է զիջումների. «Մեր խիղճը մաքուր է...»։

Միաժամանակ ԱՄՆ-ում հայտարարում են, որ Անքորիջում քննարկվել են առաջարկներ, սակայն որևէ պայմանավորվածություն չի ձեռք բերվել, քանի որ դրանք կախված են նաև Ուկրաինայի դիրքորոշումից, որը գագաթնաժողովին ներկա չի եղել։

Մի շարք հաղորդումների համաձայն՝ Անքորիջում քննարկվել է Ուկրաինայի և Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների փոխանակման հնարավորությունը՝ Դոնեցկի մարզից ուկրաինական զորքերի դուրսբերման պայմանով։ Սակայն Կիևը բազմիցս ընդգծել է, որ դա իր համար անընդունելի է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ Սենատ է ներկայացվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր օրինագիծԼինդսի Գրեհեմին Սենատում կփոխարինի քույրըՄահացել է ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը