ՍԴ-ում 4-րդ օրն է՝ շարունակվում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը

Սահմանադրական դատարանը չորրորդ օրն է՝ շարունակում է ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։

Քաղաքական 7 ուժերն արդեն ներկայացրել են իրենց դիմումները։ Դիրքորոշում է հայտնել նաև պատասխանող կողմն ու որպես երրորդ կողմ ճանաչված իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», ինչպես նաև իրավապահ կառույցները։ Այժմ դատավորները հարցեր են տալիս կողմերին։

Նախքան նիստի մեկնարկը, լրագրողների հարցին, թե ընտրությունների ընթացքում տեղի ունեցած թերությունները արդյո՞ք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը պատասխանեց.- «Ոչ, չեն ազդել»:

Ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը մասնակցում են ՍԴ 9 դատավորներից 7-ը:

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչին հարցրեց երկու ընտրատեղամասերի մասին, որտեղ տեղամասերը փակվելուց հետո քվեարկել էին զինվորները: Արամ Վարդևանյանին ուղղված հարցին՝ պահանջե՞լ եք անվավեր ճանաչել այս երկու տեղամասերում քվեարկության արդյունքները, Վարդևանյանը պատասխանեց, որ հարցին նայում են այլ տեսանկյունից. «ԿԸՀ- ն ուներ բոլոր հնարավորությունները բացառելու այդ երևույթը, բայց չի արել»,- նշեց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը։

Շաթիրյանի հարցին, թե ընտրապայքարն անձերի մե՞ջ էր, թե՞ ծրագրերի, Վարդևանյանը պատասխանեց՝ ծրագրերի։

Հաջորդ հարցը ՍԴ դատավորն ուղղեց ԲՀԿ փաստաբան Արամ Օրբելյանին. արդյոք նման պայմաններում մանդատների բաշխումն իրատեսական է. ՍԴ դատավորը նկատի ուներ անվավեր ճանաչված ընտրատեղամասերը։ Օրբելյանը դրական արձագանքեց։ Ասաց, որ ԿԸՀ-ն ն պարտավոր էր վերաքվեարկություն անցկացներ, չի արել, և «միայն սա բավարար է, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն»։

Դատավարությանը որպես երրորդ անձ ներգրավված «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցչին ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը հարց ուղղեց՝ արդյոք ընտրական գործընթացներում ներգրավված քաղաքական միավորների հռետորաբանությունը կարո՞ղ էր լինել այնպիսին, որ կարող էր ազդեցություն ունենալ ընտրողի ազատ կամարտահայտության վրա և ընտրությունների վերջնապատկերի վրա։ ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց՝ ոչ։

«Անգամ այդպիսի խոսք չկա, որ մի հատ էլ դրա ազդեցությունից խոսենք: Վարչապետը քաղաքական հակառակորդների հասցեին հնչեցրել է շատ կոշտ, շատ սուր խոսք, բայց ընտրողներին ուղղված այդպիսի խոսք չի եղել»,- ասաց ՔՊ ներկայացուցիչը։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ նկատեց՝ պետք է տարբերակել ատելության խոսքը, քարոզը և ապատեղեկատվությունը։

«Ասվում է, թե՝ վարչապետն ասել է ինչու չես զոհվել, դա մարդկանց մոտ վախ է առաջացրել։ Հնչեցված արտահայտություններից որոշների մասով մենք կարող ենք խոսել նույնիսկ ռեյտինգի նվազման մասին, ընդ որում՝ խոսքը բոլոր քաղաքական ուժերին է վերաբերում»,- ասաց նախարարը՝ շարունակելով, որ վարչապետ Փաշինյանի եյույթն ուղղված է եղել քաղաքական ընդդիմախոսներին։ Նախարարն ընդգծեց՝ վարչապետի մասնակցությամբ առնվազն երկու դրվագի հետ կապված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը զբաղվում է:

Նախարարը նշեց, թե դեզինֆորմացիան է ունակ ահաբեկելու հանրությանը. «Եթե ընտրեք այլ ազգին դավանող մարդկանց, ապա գալու են 300 հազար ադրբեջանցիներ։ Եվ մեր քաղաքացիներին մատուցվում էին նման բազմաթիվ հոլովակներ՝ որպես հնարավոր իրողություն: Սա պետք է քննարկման առարկա դարձնենք»,- հայտարարեց Սրբուհի Գալյանն ու ընդգծեց՝ քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ պատասխանելով դատավոր Շաթիրյանի հարցին, ընդգծեց՝ ցանկալի չէր տեղամասում քվեարկությունը ութից հետո, բայց որքան էլ որ խնդիր կար, չեն տեսել էական խախտման փաստ։

«Երբ մի դեպքում 1 ժամ 22 րոպե, մյուս դեպքում 3 ժամ 38 րոպե քվեարկություն է շարունակվել, մենք սա ենք գնահատել էական խախտում»,- ասաց Հովակիմյանը:

Ինչո՞ւ ԿԸՀ-ն որպես վերադաս, այս երևույթներին արձագանքեց չորս օր անց, երբ ահազանգերը եղել են քվեարկության ավարտից անմիջապես հետո, հարցրեց դատավորը Հովակիմյանին։

«Մենք հունիսի տասին ենք խնդրին անդրադարձել, քանի որ կար հանրային պահանջ: Եվ մեզ անհրաժեշտ էր խորությամբ ուսումնասիրել և գնահատել»,- պատասխանեց ԿԸՀ նախագահը:

ՍԴ դատավորի հարցին, թե ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքների հրապարակման ժամանակ ԲՀԿ-ն հաղթահարե՞լ էր 4 տոկոսի շեմը, ԿԸՀ նախագահը պատասխանեց.- «Այս պահին, երբ մենք հրապարակել էինք նախնական արդյունքները՝ ոչ»:

Էդգար Շաթիրյան.- «Այս ամենի համատեքստում, երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր չճանաչելու պարագայում՝ ԲՀԿ-ն կհաղթահարե՞ր 4 տոկոսանոց»:

Վահագն Հովակիմյան.- «Եթե չկա վավեր քվեարկության արդյունք, բոլոր տվյալները 0 են»:

Դատավոր Շաթիրյանը դիմեց դատախազության ներկայացուցչին. 2021- ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՍԴ էր մուտքագրվել նույն թվականի հուլիսի վեցի դրությամբ Գլխավոր դատախազության կողմից պահանջված տեղեկատվություն։ Այդ տվյալներով, առերևույթ հինգ գործով նախաքննությունն ավարտվել էր։ Երեք անձի նկատմամբ մեղադրականն ուղարկված էր դատարան։ Դատավորը խնդրեց մինչև վաղը տրամադրել տեղեկատվություն հարցի վերաբերյալ. քանի՞ վարույթ է կարճված այս պահի դրությամբ, քանի՞ գործ է գտնվում քննության փուլում և քանիսո՞վ է կայացվել օրինական ուժի մեջ մտած մեղադրական կամ արդարացման դատական ակտ։

Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցչին էլ դատավոր Շաթիրյանը խնդրեց տրամադրել 2021-ից սկսած ընտրակաշառքների հետ կապված գործերի դինամիկան։

ՍԴ դատավորը քննչական կառույցի ներկայացուցչին նաև հարցրեց, թե արդյոք ընտրախախտումները կարող էին ազդեցություն ունենալ ընտրողների կամարտահայտության վրա, արդյո՞ք ընտրակաշառքն այն ծավալի է եղել, որ կարող էր ազդեցություն ունենալ ընտրության արդյունքի վրա: Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը պատասխանեց, որ նման գնահատական չունեն։

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը

Դատավոր Սեդա Սաֆարյանն էլ հարց ուղղեց երեք ուժերին՝ ԲՀԿ-ին, «Ուժեղ Հայաստան»-ին, «Հայաստան» դաշինքին, թե 2005 տեղամասերում քանի՞ հանձնաժողողական ու վստահված անձինք են ունեցել, և ի՞նչ խախտումներ են վերհանել։ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Գոհար Մելոյանը պատասխանեց, որ առաջիկայում կհրապարակվեն իրենց զեկույցը խախտումների, վստահված անձանց նկատմամբ ճնշումների մասին։

«Հայաստան» դաշինքի փաստաբան Տաթևիկ Սողոյանն էլ նշեց. «ԿԸՀ-ն կանաչ լույսը վառել է, ասել է՝ ինչքան ուզում եք վարչական ռեսուրս կիրառեք: Նույն կանաչ լույսը վառել է Հակակոռուպցիոն կոմիտեն: Երկու վերահսկող մարմիններն էլ կանաչ լույս են վառել իրավախախտումների համար»:

Սեդա Սաֆարյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքի վստահված անձը նկարահանել է քվեախցիկ մտնող անձանց։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հակադարձեց՝ եթե խախտվել է գաղտնիության սկզբունքը, ապա վարույթ պետք է հարուցվեր։

Սեդա Սաֆարյան.- «Երեք ուժերին խնդրում եմ պարզաբանեք, թե ընտրություններից առաջ ՌԴ նախագահի ր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը, որոնք պաշտպանության տակ էին առնում այդ երեք ուժերին: Որևէ ազդեցություն կարող էր ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա և ինչու է այս գործոնը դուրս մնացել ձեր դիմումի փաստարկներից»:

Արամ Օրբելյան.- «Խնդրում եմ, այսուհետ երեք ուժերի նույնացման գործընթացը դադարեցնել, դա տեղավորվում է երրորդ անձի քաղաքական պնդումների դաշտի լույսի ներքո, հակառակ դեպքում ես խնդրելու եմ դատավորներից որևէ մեկին՝ այդ թվում՝ բացակայող երկու դատավորներից որևէ մեկին քննարկել տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունն այս նոր փաստերի լույսի ներքո»:

Արամ Օրբելյանն ասաց, որ մի ուժ կա, որ ստացել է դրսի աջակցությունը. ՔՊ-ն է, որը ստացել է նման աջակցություն, ընդգծեց ԲՀԿ փաստաբան Օրբելյանը։

«Մենք գնում ենք Ուկրաինայի ճանապարհով, այս միտքը ի՞նչ ազդեցություն կարող էր ունենալ Հայաստանի ընտրողի վրա», հարցրեց Սաֆարյանը։ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հակադարձեց՝ սա քաղաքական, թե՞ իրավական հարցադրում է։ ՍԴ նախագահը հայտարարեց, որ դիմումների մեջ նման մտքեր կան, և դժվար է տարանջատել հարցի քաղաքական ու իրավական կողմը։

Դատարանն Արամ Օրբելյանին նկատողություն հայտարարվեց՝ Սեդա Սաֆարյանի հարցը քաղաքական հայտարարություն որակելուց հետո։

«Ինչ վերաբերում է ՌԴ նախագահին կամ բարձրաստիճան պաշտոնատար անձնանց արտահայտություններին, կարծում եմ, բարձր դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանն այս մասին պետք է հաղորդում ներկայացներ իրավապահներին: Այն մոտեցումը, որ տիկին Սաֆարյանը ներկայացրեց, բացարձակ չի համապատասխանում ոչ միայն իրականությանը, այլև սա կարող է ներկայացվել և մեկնաբանվել բոլոր ուղղություններով բացառապես ՀՀ գործող իշխանությունների աջակցության հարցին»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը։

Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։ Դա օրենքով նախատեսված ժամկետ է՝ դիմումների ստանալուց հետո, մուտքագրման օրվանից հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ դիմումները անցած ուրբաթ են մուտքագրվել:

Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ Բարձր դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այդ արդյունքների վերաբերյալ, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հիմնական որոշում կայացնի՝ «անվավեր ճանաչել ընտրության արդյունքները», «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգ», «նշանակել ընտրության երկրորդ փուլ»։

Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել են 7 քաղաքական ուժերի դիմումները: