Ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերից այս պահին արդեն երեքը ներկայացրել են իրենց փաստարկները։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը, որը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, մանդատների բաշխման նոր կարգ սահմանել կամ նշանակել ընտրության երկրորդ փուլ, համարում է, որ դրա համար առկա են բոլոր հիմքերը:
Դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի պնդմամբ՝ հավասար և ազատ միջավայրը ընտրություններում խախտվել է։ Ընտրությունները, ըստ Վարդևանյանի, ուղեկցվել են ատելության խոսքի տարածմամբ, նա մասնավորապես ընտրարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն էր մեջբերում։ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը նաև հայտարարեց, որ վարչական ռեսուրսի աննախադեպ ծավալի կիրառում է եղել, նա որպես օրինակ մասնավորապես շետում էր կենսաթոշակների բարձրացումը՝ այն դեպքում, երբ կարճ ժամանակ առաջ նույն գործադիրը դրա անհրաժեշտությունը չէր տեսնում:
«Կենսաթոշակի բարձրացումը պարզապես տեխնիկական գործընթաց չէ, կենսաթոշակի բարձրացումը սոցիալապես խոցելի ստվար զանգված ունեցող հասարակությունում մեծ ազդեցություն ունի», - ասաց Վարդևանյանը:
Անդրադառնալով ընտրակաշառքի դեպքերի մասին հաղորդումներին՝ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը իրավապահ մարմինների և մասնավորապես Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունները որպես խտրական վերաբերմունք որակեց։
Իշխանությունը ընդդիմության բաժանած ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ այդ բացահայտումները վառ օրինակ է համարում, և նրանք կարծում են, որ ընտրություններում ընտրակաշառք բաժանվել է, և ընդդիմադիրները շեմը հաղթահարել են հենց ընտրակաշառքի շնորհիվ, իսկ ընդդիմությունը հայտարարում է, որ որևէ իրավական ակտ այդ մասին չկա։
Այսօր Արամ Վարդևանյանը պնդում էր, որ 250-ից ավելի դեպքի մասին է խոսքը, և դրանք ամենևին էլ հազարավորներ չեն, ինչպես ներկայացվում է:
«Մենք երբ տեսանք մի քանի ձայնագրությունների հրապարակում, որտեղ անպայմանորեն որպես վերնագիր օգտագործվում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, բայց ձայնագրության բովանդակության հետ որևէ առնչություն չուներ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, բայց մի հատ նայեք դրա հասցրած վնասը սև փիառի տեսանկյունից։ Դժվարությունը ո՞րն էր, որ ընդհանրապես քաղաքական ուժի անվանում չօգտագործվի, երբ այդ ձայնագրություններում դրանք չկան», - ընդգծեց ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը:
«Այս ընտրությունները ուղեկցվել են նաև ակնհայտ ատելության խոսքի տարածմամբ», - նաև հայտարարեց Վարդևանյանը:
«Միասնության թևեր»-ը ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջ է ներկայացնում։ Շեշտը դնում է վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահման վրա։ Ըստ կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանի՝ քաղաքական և պետական ռեսուրսի միջև սահմանները ջնջվել են, երբ համայնքները սկսել են աջակցություն բաժանել նախընտրական շրջանում։
Դրմեյանի պնդմամբ՝ կրթական համակարգը, որ պետք է չեզոք լիներ, ներքաշված է եղել ընտրությունների գործընթացի մեջ:
«Անկախ նրանից, թե այդ հայտարարությունները հնչել են իշխանության ներկայացուցիչների կողմից, ընդդիմադիր գործիչների կողմից կամ այլ քաղաքական դերակատարների կողմից, դատարանը պետք է գնահատի նաև դրանց ազդեցությունը ընտրական միջավայրի վրա, որովհետև պատերազմի թեման սովորական քաղաքական թեման չէ։ Հայաստանի Հանրապետությունում պատերազմը վերացական գաղափար չէ՝ այն հազարավոր քաղաքացիների անձնական փորձառությունն է, այն ունի անմիջական ազդեցություն։ Երբ ընտրական գործընթացում ակտիվորեն օգտագործում են պատերազմի, անվտանգության փլուզման կամ ազգային աղետի մասին կանխատեսումներ, ընտրողը սկսում է որոշումներ կայացնել ոչ թե ծրագրերի հիման վրա, այլ վախի ազդեցության ներքո», - ընդգծեց «Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը:
Ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնող մյուս ուժը՝ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը իր փաստարկները հիմնականում կառուցել էր և՛ վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահման, և՛ ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու դեպքերի վրա, որոնց, նրանց կարծիքով, ընտրությունների արդյունքների վրա լուրջ ազդեցություն են ունեցել։
«Վարչական ռեսուրսի համակարգային կիրառումը ընտրական գործընթացի ընթացքում, իշխանության ներկայացուցիչների կողմից իրականացված թաքնված նախընտրական քարոզչությունը մինչ քարոզչության սկսվելը, ընտրողների կամքի ձևավորման վրա սոցիալ-տնտեսական միջոցների ազդեցությունը պետական միջոցների հաշվին, քաղաքական նպատակներով իրավապահ համակարգի օգտագործում և հանրության շրջանում վախի, սպառնալիքի, ճնշումների գործադրում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության գործընթացների նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության իրականացում, քվեարկության անվավեր ճանաչված ընտրատեղամասերի և անճշտությունները իրենց հետևանքն են թողել այս ընտրությունների վրա, և ընտրական գործընթացում արձանագրված կոռուպցիոն իրավախախտումների համապետական վիճակագրական պատկերը և դրանց համակարգային դրսևորումները սույն ընտրությունների արդյունքների վրա», - հայտարարեց ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչը:
Այսօր թե՛ Սահմանադրական դատարանի դատավորները, թե՛ դիմում ներկայացնող կողմերը այդքան էլ լավատես չէին, որ կարճ ժամանակում հնարավոր կլինի գործի քննությունը ավարտել. դիմողները յոթն են, որպես երրորդ անձ է ներգրավվել «Քաղաքացիական պայմանագիր»-ը, կա պատասխանող՝ ի դեմս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հարակից պատասխանողներ իրավապահ համակարգից՝ Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն և Ներքին գործերի նախարարությունն են ներգրավված։ Ելույթները, հարցերը, հարցերին պատասխանները բավական երկար ժամանակ, ըստ Բարձր դատարանի, կարող են տևել, և նույնիսկ ոչ աշխատանքային օրերին, նաև՝ աշխատանքային ժամերից դուրս աշխատելու առաջարկներ հնչեցին։ Համենայն դեպս, այսօր ժամը 18-ից՝
աշխատանքային օրվա ավարտից հետո Սահմանադրական դատարանը շարունակում է աշխատանքը:
Որոշումը Սահմանադրական դատարանը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։ Դա օրենքով նախատեսված ժամկետ է՝ դիմումների ստանալուց հետո, մուտքագրման օրվանից հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ դիմումները անցած ուրբաթ են մուտքագրվել:
Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ Բարձր դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այդ արդյունքների վերաբերյալ, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հիմնական որոշում կայացնի՝ «անվավեր ճանաչել ընտրության արդյունքները», «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգ», «նշանակել ընտրության երկրորդ փուլ»։
Նշենք նաև, որ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում այսօր հրապարակվել են 7 քաղաքական ուժերի դիմումները: