«Սատկացնելու եմ», «կզացնելու եմ» արտահայտություններում հանցակազմ կա՞. ՔԿ նախագահի արձագանքը

Քննչական կոմիտեն դարձել է մահակ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը՝ դիմելով ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին:

«Եթե ՀՀ մի քաղաքացի մյուսին ասում է՝ «սատկացնելու եմ, կզացնելու եմ», դա քրեական հանցակազմ իր մեջ պարունակո՞ւմ, թե՞ ոչ», - Գրիգորյանը հարց ուղղեց ՔԿ ղեկավարին:

Արթուր Պողոսյանը պատասխանեց. «Ցանկացած իրավաբան, երբ այդպիսի կարճ հարց է հնչեցվում... եթե մի իրավաբան կգտնվի, որ Ձեր հարցից հետո կասի՝ այստեղ հանցակազմ կա կամ չկա, ինքն ուրեմն իրավաբան չի: Հանցակազմը, երբ քննարկում ենք արարքում հանցակազմի առկայությունը, քննարկում ենք տեղը, իրադրությունը, միջավարը, անձը, սրանք վճռորոշ հատկանիշներ են: Ես հասկանում եմ՝ Դուք ինչն եք ակնարկում, վարչապետի հայտարարությունները, իմ կարծիքով, այդտեղ ոչ մի հանցակազմ չկա»:

Աննա Գրիգորյանը արձագանքելով ՔԿ նախագահին, ասաց, որ մեկ այլ քաղաքացու նույն արտահայտությունների համար մեղադրանք են առաջադրել. «Մեկ այլ քաղաքացի «Ֆեյսբուք»-ում գրել է՝ «Նիկոլ, քեզ ու ուսապարկերիդ սատկացնելու եմ, կզացնելու եմ, չոքացնելու եմ»: Ինքը մեկնաբանել է՝ քանի որ Փաշինյանը նման հայտարարություններ է հնչեցրել, ասվել է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվելու, մտածել է՝ դե եթե հանցակազմ չկա, ես էլ գրեմ: Բայց Քննչական կոմիտեն այս դեպքում հանցակազմ գտել է»:

Արթուր Պողոսյանն ասաց՝ «մենք գնահատում ենք անձը, իրադրությունը, ժամանակը, միջավայրը ու ըստ այդմ գնահատում ենք»: «Իրավաբանությունը դա է, շատ հետաքրքրիր գիտություն է», - նշեց ՔԿ նախագահը:

Մայիսին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հետևյալ արտահայտություններն էր հնչեցրել ընդդիմադիրների հասցեին. - «Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ, չոքցնելու եմ սաղիդ ...»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատախազությունը չի ուսումնասիրում վարչապետի երեկվա վարքագիծը