Սամվել Կարապետյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան, կալանավորելու միջնորդություն կա

Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին Քննչական կոմիտեից տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան: Այս մասին «Ազատությանը» հայտնեց փաստաբան Արմեն Ֆերոյանը:

9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Կարապետյանն այսօր ձերբակալվել է ՀԷՑ-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով: «Ազատության» տեղեկություններով՝ նույն գործով ձերբակալվել է նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը:

Նրանցից բացի, Քննչական կոմիտենի փոխանցմամբ, ևս 34 հոգու նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դրվագներով:

Ըստ Քննչականի հայտարարության՝ նշված անձանց մեջ են եղել ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի առանձին անդամներ, ընկերության գլխավոր տնօրենն ու նրա տեղակալը, ինչպես նաև այլ պատասխանատու անձինք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սամվել Կարապետյանը նորից ձերբակալված է. ինչ է հայտնի նոր քրեական գործից և ինչ է սպասվում նրա մերձավորներին

Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության համար։ Այս գործն արդեն դատարանում է, գործարարը տնային կալանքի տակ է:

Գործարարը պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: