Սամվել Կարապետյանի աջակիցները կառավարության շենքի մոտ պահանջեցին նրան ազատ արձակել

Գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի դեմ բողոքի հարցով դատական նիստին ընդառաջ նրա առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ակցիա իրականացրեցին կառավարության դիմաց:

Ակցիայի մասնակիցները վարչապետից պահանջում էին վերջ տալ «անօրինական գործողություններին, որ Հայաստանում այլևս չլինեն քաղբանտարկյալներ»: «Ազատություն Սամվել Կարապետյանին», «Ազատություն Հայաստանի Հանրապետությանը»՝ այս կարգախոսներով են նրանք եկել այստեղ:

«Ուժեղ Հայաստանի» անդամները պնդում են՝ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում չի վերընտրվելու, իսկ հիմա փորձում է լռեցնել իր ընդդիմախոսներին՝ նրանց կալանավորելով:


Իշխանությունները նախկինում բազմիցս հերքել են Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը և հերքել, թե Կարապետյանը կալանավորվել է քաղաքական նկատառումներով:

Վերջինիս թիմակիցներն այսօր նաև Երևանի այլ հատվածներում պաստառներ են կախել՝ իրենց աջակցությունը հայտնելով «Տաշիր կապիտալի» սեփականատիրոջը: Պաստառներն այնուհետև հեռացվել են:

Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց անցած տարվա հունիսին, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչից բացի, գործարարին մեաղադրում են փողերի լվացման հոդվածով: Սամվել Կարապետյանը յոթ ամիս Ազգային անվտանգության ծառայության նկուղում էր, հիմա՝ տնային կալանքի տակ է:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մարտի 5-ին մերժեց գործարարի փաստաբանների ներկայացված բողոքը՝ նրան տնային կալանքը տակ թողնելով:

Կարապետյանի թիմակիցները հայտարարում են, որ գործարարը «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն է, թեև փաստացի նա չի կարող վարչապետի թեկնածու լինել, քանի որ մի քանի երկրի քաղաքացի է: Նրա կուսակցությունը օրենսդրական այս արգելքը մտադիր է հաղթահարել ընտրություններում հաղթելու դեպքում Սահմանադրությունը փոխելու միջոցով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը գովաբանում Սամվել ԿարապետյանինIRI. «Քաղաքացիական պայմանագրի» օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 24 տոկոսը» Ինչպե՞ս են քաղաքական ուժերն արձագանքում IRI-ի հարցման արդյունքներինՓաշինյանը պատրաստ է Սամվել Կարապետյանին «ապահովել» հեռախոսով և ինտերնետով՝ ուղիղ եթեր մտնելու համար Երկու բանտարկյալ վարչապետի թեկնածու. ի՞նչ խմորումներ են ընդդիմադիր դաշտում Ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն Տեր-Պետրոսյան