Ռուսները շարունակում են հարձակումները Կիևի, Ուկրաինայի այլ քաղաքների վրա

Ռուսական ուժերի անօդաչուն հարվածում է Կիևի կամուրջներից մեկին, հոկտեմբեր, 2026թ.

Այս գիշեր ռուսական զորքերը կրկին հարձակվել են Կիևի վրա, վեց անգամ օդային տագնապ է հնչել: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ Դնեպրովսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են բնակելի տան տանիքին, տուժածներ չկան:

Այսօր առավոտյան Կիևում կրկին անօդաչուի հարձակման է ենթարկվել Հյուսիսային կամուրջը, Կլիչկոն հայտնել է ավտոճանապարհի վնասման մասին:

Վերջին օրերին ռուսները հարձակվում են Ուկրաինայի մայրաքաղաքի երկու կարևորագույն ավտոտրանսպորտային կամուրջների վրա՝ Հարավային և Հյուսիսային: Դա հանգեցրել է քաղաքում մեծ խցանումների:

Դնեպր քաղաքի կենտրոնում ռուսները հարվածել են հեռահաղորդակցության ընկերության շենքի, հրդեհ է բռնկվել: Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերվա ընթացքում երկրի վրա արձակվել է առնվազն 135 անօդաչու, դրանց մեծ մասը հաջողվել է ոչնչացնել:

Սումիի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի փոխանցմամբ՝ ռուսական ուժերը Սումի քաղաքի վրա կառավարվող ավիառումբեր են նետել, որոնք ընկել են բնակելի շենքերի մերձակայքում: Առնվազն 5 մարդ է տուժել, 2-ը ծանր վնասվածքներ են ստացել:

Երեկ ռուսները նաև Օդեսայի մարզի նավահանգիստներից մեկում հարված են հասցրել Լիբերիայի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավի, անձնակազմի անդամներից մեկը զոհվել է, 3-ը՝ վիրավորվել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե այդ նավը ռազմական բեռ էր հասցրել Ուկրաինա:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գերմանիայի կանցլերը ժամանել է ԿիևՌուսները հարվածել են Կիևի նաև Հյուսիսային կամրջին. Խարկովում ռումբերի տակ 2 կին է զոհվել Ռուսաստանը երեկ և այսօր 4 անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին