Ռուսաստանը նորանոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ներմուծումների համար

Ռուս - վրացական սահմանի Վերին Լարսի անցակետը, արխիվ

Ռուսաստանը «Ջերմուկ»-ի հերթական խմբաքանակի վաճառքն է արգելել իր շուկայում և օնլայն հարթակներում։ Այս անգամ խոսքը 64,5 միլիոն շշի մասին է։ Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է՝ հանքային ջրի բաղադրությունում խախտումներ է հայտնաբերել։

Ընկերությունից ամիսներ շարունակ չեն արձագանքում ռուսների այս սանկցիաներին։ Տարեսկզբից արդեն 38,4 միլիոն շշի վաճառք է կասեցվել։

Երկրորդ խմբաքանակի արգելքից հետո Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմինը «Ջերմուկ»-ի մայր գործարանում ստուգումներ էր արել ու հայտնել, որ ռուսական կողմի նշած ցուցանիշներում խախտումներ չի գտել։

«Նմուշառում ենք կատարել «Ջերմուկ»-ից, լաբորատոր փորձաքննության արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել, հիդրոկարբոնատ, սուլֆատ, քլորիդ իոնների քանակը համապատասխանել է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին», - ասում է ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

Չնայած Հայաստանն ու Ռուսաստանը նույն տնտեսական միության անդամ են, փորձը ցույց է տալիս, որ «Ջերմուկ»-ից բացի նաև հայկական այլ ապրանքների ստուգումների արդյունքները ռուսական կողմը հաճախ չի ընդունում ու կրկնակի ստուգումներ է անում։

Մի խումբ բեռնափոխադրողներ «Ազատությանն» այս օրերին պատմում են, որ ավելի քան հարյուր բեռնատար շարունակում է կանգնած մնալ ռուսական սահմանին։ Նրանց խոսքով՝ անգամ մերժված բեռներով մեքենաները դեռ չեն կարողանում վերադառնալ, քանի որ վերադարձի փաստաթղթերը ռուս մաքսավորներից չեն ստանում, իսկ Հայաստան հասնելն օրեր ու հավելյալ ծախս է պահանջում։

«Ճնշումներ ա գործադրում, էլի: Բոլորս էլ հասկանում ենք, էլի, էն որ ասում ա՝ ծեծված թեմա ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

Այս ընթացքում քարոզարշավով Հայաստանում շրջող վարչապետ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է՝ Ախալքալաք-Կարս երկաթուղին արդեն հասանելի է Հայաստանի բեռնափոխադրողների համար։ Բացի այդ, տնտեսվարողներն, ասում է, կարող են իրենց ապրանքը նաև Վրաստանի ու Ադրբեջանի սահմանով արտահանել։

«Վեց ամիս է՝ Հայաստանից երկաթուղով արտահանում անելու հնարավորությունը բաց է։ Կարելի է Վրաստան-Ադրբեջանի ճանապարհով ապրանքներ արտահանել, բայց մենք արտահանման մի դեպք նույնիսկ էս պահի դրությամբ չունենք, որովհետև բիզնեսը սովորել է 35 տարի, որ ֆուռով է արվում ապրանքի արտահանումը, այսինքն՝ բեռնատար մեքենայով, իսկ բեռնատար մեքենայի տարողությունը և վագոնի տարողությունը տարբեր են։ Մեր բիզնեսը սովորել է ֆուռ լցնել, բայց մեր բիզնեսը դեռ չի սովորել վագոն լցնել», - մասնավորապես ասել է Փաշինյանը:

Հայաստանի համար ամենամոտը ռուսական շուկան է, վարչապետին հակադարձում են բեռնափոխադրողներն ու հարցնում՝ հայկական ֆիտոսանիտարական ստուգումների դրական պատասխաններն անգամ Ռուսաստանը չի ընդունում, մյուս երկրներն ընդունելո՞ւ են։

Այս պահին Ռուսաստանի սահմանին կանգնած բեռնափոխադրողն էլ ասում է՝ հաճախ ֆերմերն ինքն է բերքը Ռուսաստան տանում։ Հիմա նրան շատ արագ վիզա կտա՞ն, որ Եվրոպա տանի, կամ պետությունն արդեն աջակցո՞ւմ է, որ հայկական գյուղմթերքը համապատասխանի արտասահմանյան շուկաների պահանջներին. - «Գիլասը որ պետք ա արդեն բերեին Ռուսաստան, որ մարդիկ հիմա չեն կարում, վագոնով ո՞նց են տանելու հասցնեն Եվրոպա։ Մարդիկ իրանց միրգը քաղում են ծառի, դե իրանք էլ գալիս են վաճառում են, Եվրոպա՞ ոնց են գնալու, որ վաճառեն»։

Վարչապետի պնդմանը, թե հայ բիզնեսմենները սովոր են միայն ֆուռ լցնել, ոչ թե վագոն, շուրջ տասը տարի դեպի ԵՄ և ԵԱՏՄ ուղղություններով բեռնափոխադրում իրականացնող «Սպինակեր գրուպ»-ի համահիմնադիր Նորայր Գևորգյանը հակադարձում է՝ ռուսական սանկցիաների տակ ընկած թարմ միրգ- բանջարեղենը, օրինակ, հնարավոր չէ գնացքով տեղափոխել, միայն չփչացող ապրանքի դեպքում է դա արդյունավետ:

«Շուտ փչացող բեռները երկաթգծով անհնար է տանել, ելակը, միրգ-բանջարեղենը չի կարող գնալ։ Շատ լավ է, որ բաց է, բայց երկաթուղու համար մեկ ֆուռը՝ պայմանական, շատ քիչ է։ Դա կարող է լինել միայն այն ապրանքների համար, որոնք ունեն մեծ ծավալ Հայաստանից դուրս եկող։ Հիմա այդ մարդը տարել է երկու ֆուռ ելակ կամ երկու ֆուռ կոնյակ, գինի կամ պահածո։ 40 տոննան երկաթուղու համար չնչին քանակ է։ Երկաթուղու համար պիտի լինի մի քանի հարյուր, եթե ոչ՝ հազար տոննա, որ դա լինի, այսպես ասած, իրեն արդարացնող», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Գևորգյանը:

Ռուս մասնագետները մեկ շաբաթով Հայաստանում էին, ստուգումներ էին անում տեղի մի քանի ձկնաբուծարաններում և ջերմոցներում։ Նրանք դեռ Ռուսաստան չէին վերադարձել, երբ երեկ «Ռոսսելխոզնադզոր»-ը նոր հայտարարություն տարածեց, թե մայիսի 30-ից կարգելվի թարմ լոլիկի, կանաչ բիբարի, վարունգի, կանաչեղենի ու ելակի ներմուծումը։ ՍԱՏՄ մամուլի խոսնակն ասում է՝ պաշտոնական գրությունը երեկ ստացել են։

«Տեսչական մարմնի ղեկավարը սկսել է բանակցությունները, արդյունքները առաջիկայում կհրապարակվեն, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կհասկանանք՝ խնդիրը որտեղ է և ըստ այդմ կփորձենք կարգավորումներն իրականացնել: Իսկ բուսաբուծական և ձկնաբուծական ձեռնարկություններում 21-ից 27 օր ռուս գործընկերների հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքները դեռևս չեն ամփոփվել, դրանք նույնպես կներկայացվեն ամփոփվելուց հետո», - «Ազատությանը» ասաց Անուշ Հարությունյանը:

Մոսկվային դուր չեն գալիս Եվրամիությանը մերձենալու Հայաստանի ձգտումները, տնտեսական սահմանափակումները սկսեցին ակտիվացնել մայիսին Երևանում անցկացված եվրոպական երկու մեծ գագաթնաժողովներից հետո։

Ռուսաստանին զգուշավոր արձագանքող Հայաստանի վարչապետը, որը հայկական բիզնեսին արտասահմանյան նոր ուղղությունների մասին է պատմում, օրերս հիշեցրեց. - «Մենք միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ում ենք ընդլայնվելու։ Հիմա մենք մեծացնելու ենք մեր արտահանումները Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, մենք մեծացնելու ենք մեր արտահանումները Չինաստան, որովհետև նախկինում դա տեղի չէր ունենում տրանսպորտային սահմանափակումների պատճառով»։

Լարսում ավելի քան տասն օր մնացած վարորդներն «Ազատությանն» ասում են՝ լսել են, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Բրյուսել է դիմել հայկական ապրանքները Եվրոպա տանելուն աջակցելու համար։ Վարչապետի այս հայտարարություններն էլ են լսել, բայց ընդգծում են՝ «քանի առուն չեն ցատկել, չեն բոբիկանում», իսկ մինչև այդ մեկ խնդրանք ունեն. - «Առաջինը թող օգնեն ինձ՝ մի հատ ես Լարսից տուն վերադառնամ, ես հիմա Լարսից չեմ կարում տուն վերադառնամ։ Ստեղ ինչքան հնարավոր ա՝ ինձ համար ավելի բարդացնում են վիճակը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մեկ ամսից շուտ տուն չեմ վերադառնա». հայկական բեռները՝ Լարսում, Մոսկվան նոր սահմանափակումներ է մտցրելԲեռնափոխադրողներն անորոշության մեջ են. Լարսում հայկական բեռնատարների կուտակումը մեծանում էՀայկական շուրջ 100 բեռնատարներ օրեր շարունակ կանգնած են Ռուսաստանի մուտքի մոտՌուսաստանն ուժեղացված ստուգումներ կիրականացնի հայկական որոշ ընկերություններումԻ՞նչ է պահանջում Ռուսաստանը՝ Wildberries-ում և Оzon-ում ապրանք վաճառող տնտեսվարողներից