Ռուսաստանը կշարունակի Ուկրաինայի հետ համագործակցել գերիների փոխանակման հարցով. Պեսկով

Մոսկվայի և Կիևի միջև Վաշինգտոնի միջնորդությամբ ընթացող բանակցությունները ընդհատվել են, «Իզվեստիա»-ին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չեն, պարզաբանել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի Ուկրաինայի հետ համագործակցել գերիների փոխանակման և զոհված զինծառայողների մարմինների հարցերով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել

Նախորդ ամիս Ժնևում անցկացված եռակողմ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահը հայտարարել էր՝ բանակցությունների արդյունքում գրեթե համաձայնեցրել են հրադադարի մեխանիզմը, սակայն տարածքների շուրջ դեռ համաձայնություն չկա։

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև անցկացված բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռազմական հարցերի շուրջ կողմերն առաջընթաց են գրանցել, սակայն հրադադարի մեխանիզմի շուրջ գրեթե ձեռք բերված պայմանավորվածությունը պահանջում է նաև քաղաքական որոշումներ, որոնք դեռ համաձայնեցված չեն։