Ռուսաստանը կրկին հարվածել է Կիևի կամուրջներին, Ուկրաինան էլ՝ Ղրիմի կամրջին

Ղրիմի կամուրջը

Ռուսական ուժերը գիշերը կրկին զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային։ Հիմնական թիրախներից մեկը եղել է Կիևը, որտեղ ռուսական զինուժը բալիստիկ հրթիռներով հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներին, հայտնում է Deutsche Welle:

Սոցիալական ցանցերի օգտատերերը լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում Կիևի Հյուսիսային կամրջի մոտ տեղի ունեցած առնվազն մեկ պայթյունի մասին: Տեղական տելեգրամյան ալիքների տվյալներով՝ ջրամատակարարման և ջեռուցման խափանումներ են գրանցվել նաև քաղաքի` Դնեպրի ձախ ափին գտնվող շրջաններում:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն «նախնական» հաստատել է Դնեպրի վրայով անցնող Հյուսիսային և Հարավային կամուրջներին հարվածները, ինչպես նաև մայրաքաղաքի որոշ շրջաններում ջրամատակարարման և ջեռուցման անջատումների մասին տեղեկությունները։ Քաղաքապետը սահմանափակվել է կարճ ծանուցումներով՝ առանց մանրամասներ հաղորդելու։

Արդեն առավոտյան Կիևի մետրոպոլիտենը հայտարարել է Դնեպր գետի վրայով անցնող Հարավային կամրջի հատման կետում «Կանաչ գծի» երթևեկության դադարեցման մասին: Կիևի իշխանությունները հայտարարել են, որ Հյուսիսային և Հարավային կամուրջներով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

2026 թվականի հոկտեմբերի սկզբից ի վեր ռուսական զորքերը բազմիցս հարձակվել են Կիևի տրանսպորտային անցումների վրա։ Այս ֆոնին քաղաքային իշխանությունները սկսել են Դնեպրով տրանսպորտային այլընտրանքային միջոցներ փնտրել։ Ժամանակավոր լողացող անցումներից բացի՝ երկարաժամկետ հեռանկարում քննարկվում է նաև Դնեպրի տակ թունելի կառուցումը, ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի վերակառուցման, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Նիկոլայ Կալաշնիկը։

Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի «ղեկավար» Սերգեյ Ակսյոնովը հայտնել է նոյեմբերի 17-ի գիշերը թերակղզին Ռուսաստանի տարածքին կապող Կերչի նեղուցի կամրջի վրա հարձակման մասին: Ակսյոնովի խոսքով՝ Ղրիմի կամրջով երթևեկությունը դադարեցվել է: Պաշտոնյան խոստացել է զեկուցել «իրավիճակի զարգացման» մասին ավելի ուշ, սակայն հարձակումից մի քանի ժամ անց լռել է:

Նախորդ գիշեր Ղրիմի կամուրջը կրկին հարձակման էր ենթարկվել, և երթևեկությունը փակ էր մինչև նոյեմբերի 16-ի երեկո։ Տելեգրամյան Astra, Mash և Exilenova+ ալիքների տվյալներով՝ կամրջի կամարներից մեկը վնասվել է։ Այս տեղեկության պաշտոնական հաստատում չկա։

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր, Ղրիմի կամուրջը բազմիցս ենթարկվել է ուկրաինական ուժերի հարձակումներին, որոնք զգալի վնաս են հասցրել։ Առաջին նման միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին, երկրորդը՝ 2023 թվականի հուլիսին։ 2025 թվականի հունիսին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարեց կամրջի հենարանները խաթարելու ստորջրյա գործողության մասին։ Սակայն էական հետևանքների մասին հաղորդումներ չեղան: