Ռուսաստանը հրթիռակոծել է Օդեսան. վեց զոհ կա

Օդեսա, 2026թ. հուլիսի 15-ի հարձակումից հետո։

Անցած գիշեր Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է Х-59/69 տեսակի երկու կառավարվող հրթիռ և 122 անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական զինված ուժերի ՀՕՊ-ը խոցել է 101-ը, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը։

Առավոտյան ռուսական զորքերը հրթիռակոծել են Օդեսան, որի հետևանքով վնասվել է բազմաբնակարան բնակելի շենք, հայտնել է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ զոհվել է երեք մարդ, ևս երեքը վիրավորվել են։

«Օդեսայի մարզի դեմ Ռուսաստանի զանգվածային հրթիռա-անօդաչու հարձակումը շարունակվում է արդեն հինգերորդ օրն անընդմեջ։ Թշնամին նպատակային հարվածում է խաղաղ բնակչությանը, ինչպես նաև մարզի քաղաքացիական, արդյունաբերական և նավահանգստային ենթակառուցվածքներին», նշել է մարզային վարչակազմի ղեկավարը։

Չեռնիգովի մարզի Պրիլուկիի շրջանում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է մեկ տղամարդ։ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ Նիկոպոլի շրջանում վնասվել են հինգհարկանի բնակելի շենք և գյուղատնտեսական ընկերություն, իսկ Կրիվոյ Ռոգում վնասվել են ենթակառուցվածքներ։ Տուժել է 53-ամյա տղամարդ։

Ռուսաստանը Սումիի համայնքի ուղղությամբ արձակել է կառավարվող վեց ավիառումբ։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ ռումբերից մեկն ընկել է բժշկական հաստատությունների հարակից տարածքում, իսկ մնացածը հարվածել են ենթակառուցվածքային օբյեկտներին։ Զոհվել է երեք մարդ, ևս 17-ը վիրավորվել են։

«Հարվածներից մեկի էպիկենտրոնում գտնվել են խաղաղ բնակիչներ և տրանսպորտային միջոցներ։ Սա ռուսների կողմից խաղաղ բնակչության դեմ հերթական կանխամտածված հարվածն է», - հայտարարել է նա։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական ուժերը ավիառումբերով և «Շահեդ» անօդաչուներով հարվածել են Խարկովին