Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին, կան զոհեր

Էլեկտրոստալում գտնվող Wildberries-ի պահեստը հուլիսի 18-ին անօդաչու թռչող սարքի հարձակումից հետ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Ռուսաստանի արևմտյան հատվածում գտնվող լոգիստիկ կենտրոնում 8 մարդ է զոհվել, ևս 24-ը՝ վիրավորվել, այսօր հայտնել է տարածաշրջանի նահանգապետը։

Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում գտնվող տարբեր թիրախների՝ հայտարարելով, որ դրանք պատասխանն են Մոսկվայի կողմից Ուկրաինայի տարածքի դեմ ավելի քան չորս տարի շարունակվող հրթիռակոծություններին և հարձակումներին։

«Գիշերային հերթափոխի 7 աշխատակիցներ զոհվել են, երբ հակառակորդի ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին», - հայտարարել է Տամբովի շրջանի նահանգապետ Եվգենի Պերվիշովը։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով, որը տեղի է ունեցել Կոտովսկ քաղաքում, 24 մարդ վիրավորվել է», - հավելել է նա։

Ռուսական Wildberries ընկերությունը հայտարարության մեջ հայտնել է, որ հարձակման են ենթարկվել իր լոգիստիկ համալիրները Կոտովսկում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում։

Հաղորվում է, որ «Էլեկտրոստալ» պահեստում մեկ մարդ զոհվել է, 37-ը՝ վիրավորվել։

«Տամբովի շրջանում գտնվող օբյեկտում բռնկված հրդեհը մեկուսացվել է, իսկ Էլեկտրոստալում հրշեջները դեռ շարունակում են աշխատանքները», - հայտնել է ընկերությունը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի Մոսկվայի և Տամբովի շրջաններում գտնվող երկու խոշոր լոգիստիկ օբյեկտների, ինչպես նաև ռուսական նավթային օբյեկտի:

Զելենսկին հայտնել է, որ լոգիստիկ կենտրոններն օգտագործվում էին Ռուսաստանի կողմից՝ անօդաչու սարքերի արտադրության համար նախատեսված պատժամիջոցների ենթարկված բաղադրիչներ և նավիգացիոն սարքավորումներ մատակարարելու նպատակով։

Վերջին ամիսներին ԱՄՆ-ի գլխավորած դիվանագիտական ջանքերը՝ դադարեցնելու ռուս-ուկրաինական պատերազմը, կանգ են առել, քանի որ Վաշինգտոնը ուշադրությունը կենտրոնացրել է Իրանի հետ հակամարտության վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփ. ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը «ավելի մոտ է, քան մարդիկ պատկերացնում են»Զելենսկին նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցը «շատ լավ է» որակելԹրամփը Պուտինին առաջարկել է օգնել Ուկրաինայի հետ համաձայնության գալԿրեմլը հայտարարել է՝ Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունները վերսկսելու հեռանկար չկա