Ռուսաստանը համաձայն է վերականգնել եռակողմ հանդիպումները. Ուշակովն ասել է, թե ինչ են քննարկել Պուտինն ու Ուիթքոֆը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագանց Սթիվ Ուիթքոֆը հանդիպում են Սանկտ Պետերբուրգում, 21-ը հոկտեմբերի, 2026թ.

Մոսկվան համաձայնել է վերականգնել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ ձևաչափով հանդիպումները, այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ Սանկտ Պետերբուրգում նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցություններից հետո:

«Նախագահը Սթիվ Ուիթքոֆին տեղեկացրել է, որ մենք, սկզբունքորեն, պատրաստ ենք վերսկսել վերոնշյալ եռակողմ բանակցությունները հիմնական թեմայի շուրջ նոյեմբերի 10-ին։ Այս թեման վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի համար անվտանգության համակարգի կառուցմանը հակամարտության ավարտից հետո», - լրագրողներին ասել է Ուշակովը։

Նրա խոսքով՝ Ուիթքոֆը հանդիպման ժամանակ աջակցել է առաջարկին՝ ասելով, որ «նման որոշումը, անկասկած, մեծ գոհունակությամբ կընդունվի նախագահ Թրամփի կողմից»։

Ուշակովն ասել է, որ հաջորդ հանդիպման վայրը կարող է լինել Աբու Դաբին, պատվիրակության կազմը դեռևս հաստատված չէ։ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցություններ արդեն տեղի են ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում 2026 թվականի հունվարին։

Տնտեսական համագործակցություն

Կողմերը մեծ ուշադրություն են դարձրել նաև ԱՄՆ և համաշխարհային շուկաներ ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի իրականացման հետ կապված հարցերին, որոնք Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը քննարկել էին հոկտեմբերի 9-ի հեռախոսազրույցի ժամանակ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուիթքոֆը Պուտինին է ներկայացրել խաղաղության նոր առաջարկները. ի՞նչ են դրանք նախատեսում

«Երկու կողմերն էլ ընդգծել են, որ գործարքը ծառայում է ոչ միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերին, այլև կնպաստի համաշխարհային վառելիքի շուկայում առաջարկի և պահանջարկի կայունացմանը։ ԱՄՆ վարչակազմի կողմից ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ որոշակի պատժամիջոցների վերացումից հետո այս ոլորտում գործնական աշխատանքներն արդեն սկսվել են»,- հայտնել է նա։

Եռակողմ հանդիպում Չինաստանում

Ուշակովն անդրադարձել է նաև Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպմանը չինական Շենժենում նոյեմբերին անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության շրջանակում:

Նա ասել է, որ երեք երկրներից և ոչ մեկը չի մերժել այս գաղափարը, ապա հավելել է, որ հյուրընկալող կողմն է պատասխանատու նման հանդիպումներ կազմակերպելու համար և արդեն աշխատում են նախապատրաստական աշխատանքների վրա։ «Եթե հանգամանքները բարենպաստ լինեն, իհարկե, մեր չինացի բարեկամները նման հանդիպումը կներառեն Շենժենում կայանալիք գագաթնաժողովի ծրագրում»,- ասել է նա։

Փոփոխություններ մոտեցումներում

Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի օգնականը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում ասել է, որ պատմել է Մոսկվայի արձագանքի մասին ամերիկյան կողմի առաջարկներին, որոնք Օսլոյում պատրաստվել էին եվրոպացի առաջնորդների հետ բանակցություններից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ժամանակն է, որ Զելենսկին գործարք կնքի. Թրամփ

«Ամերիկացիները որոշ նրբերանգներ են զգացել եվրոպացի առաջնորդների, մասնավորապես ներկաների վարքագծում,- այնտեղ են եղել Եվրոպական հանձնաժողովի, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, ամերիկացիներն ինչ-որ նոր նրբերանգներ են զգացել։ Նրանք մեզ պատմեցին դրա մասին, սակայն մենք այդ նրբերանգներից, այսպես ասած, այդքան էլ գոհ չենք»,- ասել է Ուշակովը:

Միաժամանակ ռուս պաշտոնյան ասել է, որ հակամարտության կարգավորման հարցում մոտեցումը սկսել է փոխվել։ «Գոնե նրանք սկսել են մտածել և ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել այս ճգնաժամի լուծմանը», - ասել է Պուտինի օգնականը։

Ուշակովը նաև նշել է, որ պատերազմի կարգավորման գործընթացը մոտենում է ավարտին: «Չգիտեմ, թե որքան մոտ ենք, բայց մենք շարժվում ենք այդ ուղղությամբ», - ասել է նա՝ պատասխանելով պատերազմի ավարտի հեռանկարների վերաբերյալ հարցին։

Կիևը կողմ է եռակողմ ձևաչափի վերականգնմանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է՝ հայտարարելով, որ աջակցում են եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ առաջարկին և ցանկալի է՝ ոչ ուշ, քան նոյեմբերի սկիզբը։

«Մենք ստացանք արձագանք, ինչպես հասկացանք ճեպազրույցից, որ Ռուսաստանը աջակցում է մեր թիմերի մակարդակով եռակողմ հանդիպմանը։ Ամերիկյան կողմն առաջարկում է այն անցկացնել հնարավորինս շուտ։ Մենք աջակցում ենք դրան»,- ասել է Զելենսկին։