Շուրջ մեկ տարվա բողոքի ակցիաներից հետո, Ռուսաստանը որոշել է հանել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների այն բեռնատարների վարորդների մուտքի արգելքը, որոնք դա ստացել էին ոստիկանության որոշմամբ։ Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն արդեն փաստաթղթեր է ստանում բեռնատարների հայ վարորդներից, որոնք Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության 2025 թվականի փոփոխություններից հետո, իրենց կամքից անկախ խախտել էին երկրում գտնվելու 90-օրյա ժամկետը և հայտնվել մուտքի արգելքի տակ։
«314 դիմումից 65-ը եղել է մուտքի արգելքով: Հիմա այս 65 մուտքի արգելք ունեցողներից երկուսը դատական կարգով են, 63-ը՝ ոստիկանության որոշումով: Չի բացառվում, որ նրանց թիվը ավելին լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բեժանյանը:
«Հայկական Կարիտաս»-ի միգրացիոն մասնագետի խոսքով՝ այս որոշումը չի լուծելու այն վարորդների խնդիրը, որոնց նկատմամբ Ռուսաստան մուտքի արգելք է սահմանվել դատարանի որոշմամբ. նրանք ստիպված են լինելու արգելքը վիճարկել ռուսաստանյան դատարաններում։
Իսկ այն վարորդները, որոնց նկատմամբ 2-ից մինչև 5 տարվա մուտքի արգելք է կիրառվել ոստիկանության որոշմամբ, այժմ պետք է ապացուցեն, որ տվյալ ժամանակահատվածում զբաղվել են միջազգային բեռնափոխադրումներով:
«Անհրաժեշտ է, որ բեռնափոխադրող և ուղևորափոխադրող վարորդները ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր: Ցանկը տրամադրել են արդեն, փաստաթղթերը հիմա հավաքման պրոցեսում են, մինչև երկուշաբթի կհավաքենք, հետո ես փաստաթղթերը կփոխանցեմ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որ փոխանցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողով», - ասաց Տաթևիկ Բեժանյանը:
Խնդիրը ծագեց նախորդ տարի, երբ Ռուսաստանը խստացրեց միգրացիոն օրենսդրությունը։ Առանց վիզայի Ռուսաստան մուտք գործող, այդ թվում՝ բեռնափոխադրող վարորդները տարվա ընթացքում արդեն ոչ թե 180 օր կարող էին այնտեղ մնալ, այլ՝ 90:
Սա փաստի առաջ կանգնեցրեց հայկական բեռները Ռուսաստան տանող հայ վարորդների համար, որոնք հաճախ շաբաթներով մնում էին Ռուսաստանը Հայաստանին կապող ցամաքային միակ ճանապարհին՝ Լարսում: Պատճառը թե՛ եղանակային պայմաններն էին, թե՛ տարբեր սահմանափակումներն ու խոչընդոտները, վերջինն, ըստ վարորդների, հիմնականում քաղաքական բնույթ է կրում։
Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանին նախորդ տարի դիմել էին բեռնատարների շուրջ 250 վարորդներ: 90-օրյա սահմանափակումը խախտելու պատճառով նրանք հայտնվել էին Ռուսաստանի վերահսկվող անձանց ցուցակում, ինչի հետևանքով սառեցվել էին նրանց բանկային հաշիվներն ու արգելվել էին ֆինանսական գործարքները ՌԴ տարածքում։ Եթե ժամանակին նրանք չլքեին երկիրը կամ լքելուց հետո փորձեին կրկին մուտք գործել Ռուսաստան, ապա կարող էին ստանալ 2-5 տարվա մուտքի արգելք։
Ըստ Բեժանյանի՝ այսպիսի ռիսկի տակ հայտնված վարորդների խնդիրն էլ է լուծվել. - «Ռեեստրում գտնվողներին հանեցինք անցյալ տարի, բավականին երկար ժամանակ, առնվազն Հայաստանի և Ղազախստանի կողմից ավելի շատ ՀԿ գործընկերներ ... բավականին երկար պայքարում էինք, անընդհատ դիմումներ էինք գրում, և Հայաստանից էլ պատկան մարմիններին էին այդ դիմումները ուղարկում»:
«Ազատության» բեռնափոխադրող զրուցակիցը, ով ցանկանում է անանուն մնալ, ասում է՝ լավ նորություն է մուտքի արգելքի վերացումը, սակայն մտահոգ է, որ Ռուսաստանի մյուս սահմանափակումները չեն հանվել, հատկապես հայկական գյուղմթերքի արտահանման հետ կապված։
Նրա խոսքով՝ անգամ արտահանման դեպքում հայկական բեռնատարներին հաճախ չեն վստահում, և ընկերությունները բեռներն իրենց նպատակակետ են տեղափոխում հիմնականում թուրքական կամ վրացական մեքենաներով։ Սա, ըստ բեռնափոխադրողի, արվում է անգամ այն դեպքում, երբ ապրանքը ուղարկվում է Եվրամիության և այլ երկրներ:
«Հիմա արտահանման հետ որ խնդիրներ ունենք, ոչ մի բան մեր աչքին չի երևում, քանի էս հարցը չի լուծվել, դա ցավոտ հարց է մեզ համար: Ոչ մի հայկական մեքենա չի իրականացնում արտահանում, բոլորն էլ կանգնած են: Ես ինքս ԵՄ բեռնափոխադրում կատարում եմ, դեռ մինչև էսօր հստակ արտահանում Եվրամիություն ո՛չ ծիրանի, ո՛չ դեղձի ... ոչ մի պատվեր դեռ չունենք», - ասաց բեռնափոխադրողը:
«Ռոսսելխոզնադզոր»-ն, ի դեպ, օրերս էր հայտարարել, թե հայկական հիմնականում գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումները ոչ թե քաղաքական բնույթ են կրում, այլ՝ որակական: Խնդիրն, ըստ նրանց, Հայաստանից իրենց երկիր մտնող ապրանքների որակն է: «Ազատության» բեռնափոխադրող զրուցակցին «Ռոսսելխոզնադզոր»-ի այս պնդումը չի համոզում. - «Չէ, չէ, դե ուրիշ ինչ պետք է հայտարարեին, պրոտոկոլային հայտարարություն է; Հայաստանի էլ ասում են՝ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ ջերմ է: Օրվա մեջ էնքան հայտարարություն են անում, էլ չենք էլ հետևում արդեն»:
Երկարատև բողոքներից հետո, նախորդ ամիս Ռուսաստանը մի որոշում էլ է վերանայել: Այս ամսվա 30-ից արդեն բեռնատարների վարորդները կրկին կկարողանան մեկ տարվա ընթացքում մինչև 180 օր գտնվել ՌԴ-ում՝ հատուկ գրանցման կարգի պահպանման դեպքում։