Ռուսաստանից եկած հոգևորականներին վարժական հավաքի ծանուցագրեր են տվել

Արձակուրդն այստեղ անցկացնելու համար Ռուսաստանից Հայաստան եկած Տեր Առաքել քահանան՝ Յարոսլավլի մարզի հոգևոր հովիվը, վարժական հավաքի ծանուցագիր է ստացել հենց «Զվարթնոց» օդանավակայանում։

Տեր Առաքել քահանա Ամիրյանը

«Երբ մոտեցա անձնագրային բաժին, ինձ տարան օդանավակայանի ռազմական ոստիկանության բաժին և այնտեղ ծանուցումը տվեցին»,- պատմեց ՌԴ Յարոսլավլի մարզի հոգևոր հովիվ Տեր Առաքել քահանա Ամիրյանը։

«Մեծ սիրով, մեծ պատիվ է»,- ավելացնում է քահանան։

Այն, որ ռուսակաան ուղղություններից եկող հայերին «Զվարթնոց»-ում վարժական հավաքի ծանուցագրեր են բաժանում, դեռ ընտրություններից առաջ իշխանականները տարածեցին, բայց պաշտպանության նախարարն արագ հերքեց՝ ասելով՝ «անհնար է, որ «Զվարթնոց»-ում ծանուցագիր տան»։

«Ծանուցման համար կա կարգ, ծանուցումը սովորաբար լինում է ըստ այդ կարգի, էնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չի»,- ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարը։

Իսկ ինչպե՞ս է հնարավոր դարձել, պաշտպանության նախարարին ուղղված այս հարցի պատասխանը դեռ չունենք: Օրենքում էլ ձևակերպումը հստակ է՝ քաղաքացուն հավաքի կանչում է զինկոմիսարիատը:

Վարժական հավաքների թեման թեժացավ նախընտրական փուլում։ Ընդդիմությունն ահազանգում էր՝ սահմանին ծառայելու սուրբ գործն իշխանության ձեռքին պատժատեսակ է դարձել, որ կիրառում են ընդդիմախոսների ու անցանկալիների նկատմամբ: «Բոլորի պարտքն է ծառայելը», - հակադարձում էին իշխանականները՝ առանց հստակեցնելու՝ ինչպես է, որ, օրինակ, լրագրողը նկարահանում է Սոթքի զորամասում ընտրության օրը զինվորների մեծ կուտակում ու նյութը հրապարակելուց ժամեր անց՝ վարժական հավաքի ծանուցում ստանում:

Հոգևորականը մտահոգվում է՝ մի քանի ամիս հավատացյալներն առանց հոգևոր ծառայողի են մնալու

Այժմ էլ Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի այս պահի դրությամբ 5 քահանաներ են ծանուցագրեր ստացել, նրանցից երկուսը՝ Վորոնեժի ու Իժևսիկի հոգևորականներն այսօր առավոտյան արդեն մեկնել են 25-օրյա ծառայության: Տեր Առաքել քահանան նույնպես այսօր պիտի մեկներ, բայց բժշկական ստուգումների պատճառով, ենթադրում է, որ օգոստոսյան հավաքին կգնա։ Խնդրել է, որ մինչև այդ վերադառնա Յարոսլավլ. արարողություններ ունի մարզի միակ քահանան.

«Խնդրեցի, ասացի՝ ոչ մի խնդիր չկա, ուղղակի այս շրջանում վերադառնամ իմ արարողությունները կանեմ, իմ ժամանակը կպլանավորեմ այնպես, որ մարդկանց հոգևոր կյանքը չխաթարվի, կվերադառնամ, կգնամ՝ երբ կասեք, ոչ մի խնդիր չունեմ։ Ասացին՝ չէ, ելքը փակ է»,- պատմեց ՌԴ Յարոսլավլի մարզի հոգևոր հովիվ Տեր Առաքել քահանա Ամիրյանը։

Հոգևորականի մտահոգությունն այն է, որ մի քանի ամիս հավատացյալներն առանց հոգևոր ծառայողի են մնալու՝ առջևում տաղավար տոներ են՝ Վարդավառ ու Խաղողօրհնեք, էլ չասած պսակ-մկրտություններ.

Հոգևորականն ընդգծում է.- «Միակ անհանգստացնող բանը սա է, իսկ հայրենքին ծառայելը մենք ապացուցել ենք այն օրից, երբ ոտք ենք դրել եկեղեցի։ Որևէ հոգևորական, հայ եկեղեցու ծառայող նվիրյալ, հայրենիքի համար ծառայելը երբեք պատիժ չի համարում։ Երբեք։ Սա պատիվ է»։

Նույն մտքերով է Պերմի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանան։ Տեր Դանիելը մայիսի 31-ից է Հայաստանում։ Կինը զավակ պիտի ունենար։ Փոքրիկը ծնվել է, բայց ընտանքիով հոգևոր ծառայության վայր վերադառնալ չի կարող՝ վարժական հավաքի մասնակցության ծանուցագիր է ստացել։ Բանակից ընդամենը ամիսներ առաջ զորացրված քահանան տարակուսում է.

Տեր Դանիել քահանա Մկրտչյան

«Ես սիրով 5 տարի ծառայում էի Զինված ուժերում և դեռևս 10- 15 տարի էլ կարող էի ծառայել։ Եթե իմ ծառայության կարիքը կար, ինչո՞ւ ինձ զորացրեցին ու 4 կամ 4,5 ամիս հետո նորից զորակոչի են հրավիրում»։

Այս տարեսկզբին Հայ Առաքելական եկեղեցու տնօրինությամբ Զինված ուժերում ծառայող հոգևորականներին՝ գնդերեցներին, պաշտպանության նախարարը տուն ուղարկեց՝ այն հիմնավորմամբ, որ բանակում հոգևոր ծառայությունը պիտի զինվորականները համակարգեն: Իսկ բանակում ծառայող հոգևորականները պատմում էին, որ կորպուսի հրամանատարներն իրենց առաջարկում էին միանալ Փաշինյանի հռչակած հոգևոր ռեֆորմին. հատուկենտ միացողներ են եղել:

Վարժական հավաքների կանչված բոլոր քահանաները Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականներ են: Թեմի ղեկավարը՝ կաթողիկոսի եղբայր Եզրաս արքեպիսկոպոսը, Փաշինյանի մեղադրանքների գլխավոր հասցեատերն է, բայց թեմի քահանաները հավաքներին մասնակցության այս անկանկալ հրավերը նրա անվան հետ չեն կապում՝ ընդգծելով.- «Սա կապ ունի եկեղեցու դեմ արշավի հետ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Այսօրվանից մեկնարկում են վարժական հավաքները. Ռուսաստանից եկած քանի՞ հայ է ներգրավվել Ի՞նչ են անում ռազմական ոստիկանները սահմանային անցակետերումԵկեղեցու բարենորոգման օրակարգը հասել է նաև ՊՆ խորհրդակցությունների դահլիճ. ինչ են պատմում գնդերեցներըԿաթողիկոսն ընդունել է գնդերեցներին, որոնց ծառայությունը բանակում դադարեցվել է. նոր նշանակումներ են արվելԲանակում չի կարող լինել երկակի ենթակայություն. Պապիկյանը՝ գնդերեցներին առնչվող հրամանի մասինՀրամանի նպատակն այն է, որ Մայր Աթոռի նշանակած հոգևորականները չլինեն ԶՈՒ-ում, վստահ է արդեն նախկին գնդերեցը«Եզրաս սրբազա՞նն է Հայաստանին ավելի մեծ վնաս տվել, թե՞ Փաշինյանը». Պասկևիչյան