Ռուսաստանի Գերագույն դատարանն սկսել է քննել «Յաբլոկո»-ի բողոքը

Ռուսաստանի Գերագույն դատարանի վերաքննիչ կոլեգիան այսօր սկսել է «Յաբլոկո»-ի բողոքի քննարկումը, որով ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է վերականգնել Պետդումայի ընտրություններին մասնակցելու իր իրավունքը:

Իշխանամետ «Ռոդինա» կուսակցության հայցադիմումի հիման վրա Գերագույն դատարանն անցած երկուշաբթի էր չեղարկել «Յաբլոկո»-ին դաշնային ցուցակի գրանցումը՝ փաստացի ընտրապայքարից դուրս է թողնելով կուսակցությանը, որը սեպտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցող ուժերից միակն է, որ դեմ է Ուկրաինայում ընթացող պատերազմին:

Այսօր ևս «Յաբլոկո»-ի կողմնակիցները հավաքվել էին դատարանի դիմաց: Նրանցից շատերին ոստիկանությունը բերման է ենթարկել՝ զգուշացնելով չմասնակցել չարտոնված միջոցառումներին: «Յաբլոկո»-ն հայտարարել է, որ ոչ մեկին կոչ չի անում մասնակցել բողոքի ցույցերի:

Կուսակցության մոսկովյան մասնաճյուղի նախագահ Կիրիլ Գոնչարովը հայտնել է, որ ձերբակալվածների թիվը կարող է հասնել 35-ի։ Նրանց թվում է նաև SOTAVision լրատվամիջոցի թղթակիցը։ Ոստիկանական բաժանմունք տարվածներին զգուշացնում են չմասնակցել անկարգություններին, թեև որևէ իրավախախտման մասին հաղորդում չի ներկայացվել։

«Յաբլոկո»-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ թեև դատական նիստը բաց էր հանրության համար, դատարանի դահլիճ թույլ են տվել մտնել միայն կողմերին և լրագրողներին:

Կուսակցության դիմումը քննում է երեք դատավոր՝ Վլադիմիր Զայցևի գլխավորությամբ: Հենց այս դատավորն է 2018-ին օրինական ճանաչել նախագահական ընտրություններին ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թեկնածությունը չգրանցելու մասին որոշումը:

«Յաբլոկո»-ն մեղադրվում է ենթադրաբար արտասահմանից ստացած նվիրատվությունների, ինչպես նաև Ռուսաստանում արգելված սոցիալական ցանցերում քարոզարշավ անցկացնելու և հեղինակային իրավունքի խախտումների համար: Կուսակցությունն այս պնդումները համարում է աբսուրդ: Ինչ վերաբերում է արտերկրից ֆինանսավորում ստանալուն, «Յաբլոկո»-ն հայտարարել է, որ դա կազմել է ընդամենը 16,900 ռուբլի, որը հետագայում վերադարձվել է ուղարկողներին:

Կուսակցությունն իր հերթին հայտարարել է, որ արտասահմանյան ֆինանսավորման հետքեր է գտել մյուս կուսակցությունների մոտ, այդ թվում՝ իշխող «Եդինայա Ռոսիա»-ի, որը «Յաբլոկո»-ի հաշվարկով՝ ամենաշատ գումարն է ստացել՝ շուրջ 812 միլիոն ռուբլի: Ընդ որում, կուսակցության դոնորների արտասահմանյան կապերը, ըստ «Յաբլոկո»-ի, ընդգրկում են 51 երկիր, որոնցից 22-ը Ռուսաստանում համարվում են «ոչ բարեկամական»։

«Յաբլոկո»-ի նախագահ Նիկոլայ Ռիբակովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովային կոչ է արել կա՛մ «ընդունել, որ «Յաբլոկո»-ի դեմ մեղադրանքներն աբսուրդ են և պահպանել կուսակցության ցուցակի գրանցումը», կա՛մ ԿԸՀ-ն պետք է գնա մինչև վերջ և դատարանների միջոցով պահանջի, որ չեղարկվի մնացած բոլոր կուսակցությունների գրանցումը: Բողոքի քննարկման ժամանակ իր ելույթում էլ Ռիբակովը հայտարարել է, որ «Յաբլոկո»-ին ընտրապայքարից դուրս թողնելու փորձը «խաթարում է պետության կայունությունը»: Նա մերժել է հայցվորի բոլոր մեղադրանքները և կոչ է արել չեղյալ համարել այդ որոշումը։

«Այս որոշումը, ենթադրաբար, ուղղված է «Յաբլոկո»-ի դեմ, բայց այն կազդի բոլորի վրա։ Ի վերջո, ներկայումս իշխանության ղեկին գտնվող կուսակցություններն իրենք մի օր կարող են հայտնվել ընդդիմադիր դաշտում», - նշել է Նիկոլայ Ռիբակովը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տասնյակ ձերբակալվածներ Ռուսաստանի Գերագույն դատարանի շենքի մոտ «Յաբլոկո»-ն արտասահմանյան ֆինանսավորման հետքեր է գտել մյուս կուսակցությունների մոտ«Յաբլոկո»-ն հայտարարում է, որ շարունակելու է պայքարը