Ուկրաինայի տարածքում ռուսական հարվածների հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։ Տասնյակ անձինք, այդ թվում՝ երեխաներ վիրավորվել են, հայտնել է Ուկրաինայի նախագահը։
«ԱԹՍ-ներով ընդհանուր 390 հարված է հասցվել։ Բալիստիկ, թևավոր և այլ հրթիռներով՝ 34 հարված», - տելեգրամյան էջում գրել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ երկրի 11 շրջան է տուժել, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են։
Զապորոժիեում, Պոլտավայում և Դնեպրում բարձրահարկ շենքեր են վնասվել, նաև հրդեհներ են բռնկվել։
Արևելյան Խարկովի շրջանում գնացքին անօդաչուի հարվածից զոհվել է 61-ամյա ուղևորներից մեկը։ Դնեպրում էլ 14 հարկանի շենքի թիրախավորման պատճառով առնվազն 12 անձ է տուժել։
Զելենսկին շեշտել է ավելի արդյունավետ հակաօդային պաշտպանության անհրաժեշտության մասին։ Նա զգուշացրել է՝ Իրանում պատերազմի ֆոնին Ուկրաինային տրամադրվող միջազգային աջակցությունը չպետք է նվազի։
Եվրոպան հակաօդային պաշտպանության նպատակով բավարար քանակությամբ հրթիռներ պետք է արտադրի, ընդգծել է Զելենսկին՝ կոչ անելով իրագործել արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունները։
Չորս տարի է՝ Ուկրաինան դիմադրում է Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժմանը։