Ռուսական հարձակման հետևանքով Կիևում առնվազն 13 զոհ կա․ ՌԴ-ն մեկ զոհի մասին է հաղորդում

Որոնողափրկարարական աշխատանքները Կիևի բնակելի շենքերից մեկում՝ ռուսական հրթիռակոծությունից հետո, 2-ը հուլիսի, 2026թ․

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա ռուսական ուժերի գիշերային հարձակումներից առնվազն 13 մարդ է զոհվել, 50-ից ավելին՝ վիրավորվել, հղում անելով երկրի իշխանություններին, հայտնում է Reuters-ը։ Վիրավորների թվում երկու երեխա կա։

Վերջին ավելի քան երկու շաբաթվա ընթացքում սա Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա իրականացված առաջին լայնածավալ հարվածն է, որից ժամեր առաջ նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է «զանգվածային» հարձակման, ինչից հետո քաղաքի մի քանի թաղամասեր տարհանվել էին։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ հարվածի հետևանքով բնակելի շենքի առաջին վեց հարկերն են փլուզվել։ Բնակելի շենքերի փլատակներում դեռ կենդանի մարդիկ կան։ Վիրավորների թվում կան շտապօգնության աշխատակիցներ։

Կիևում մի քանի պայթյունի ձայն է լսվել, հայտնել է Reuters-ի հետ զրուցած ականատեսը։ Քաղաքապետի խոսքով՝ շուրջ երեք տասնյակ շենք է վնասվել։ Reuters-ի կադրերում փլուզված ինը հարկանի շենք է երևում։

Ուկարինական լրատվականները հաղորդում են, որ Կիևում հուլիսի 3-ը հայտարարվել է սգո օր՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից մայրաքաղաքի նկատմամբ իրականացված ամենազանգվածային հարձակման հետևանքով զոհվածների հիշատակին։ Քաղաքում կիջեցվեն պետական դրոշները, ինչպես նաև կչեղարկվեն բոլոր ժամանցային և զվարճանքի միջոցառումները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հաստատել են հարձակման մասին լուրերը՝ մանրամասնելով, որ օդից, ցամաքից և ծովից արձակվող հեռահար բարձր ճշգրտությամբ զինատեսակներ և ԱԹՍ-ներ են կիրառել։

Պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ ռուսական զինուժը Կիևի շրջակայքում ռազմական և էներգետիկ օբյեկտներ, նաև մի քանի շրջանների ռազմական օդանավակայաններ է թիրախավորել։ Ըստ կառույցի՝ այդպես ռուսական կողմը պատասխան էր հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Ուկրաինայի հարձակմանը:

Իսկ Ուկրաինային սահմանակցող Բելգորոդում առանձնատանը հասցված ԱԹՍ հարվածից ամուսինը մահացել, կինը՝ վիրավորվել է, հաղորդել են տեղի իշխանությունները։

Գերատեսչությունից տեղեկացրել են, որ 327 ուկրաինական ԱԹՍ են վնասազերծել գիշերվա ըթնացքում։ Հյուսիս-արևմտյան Լենինգրադի մարզային ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն իր հերթին հայտնել է, որ տարածաշրջանում յոթ անօդաչու թռչող սարք են խոցել։

Ըստ կողմերի՝ նրանք միտումնավոր չեն թիրախավորում քաղաքացիական ենթակառուցվածքները։

Այս հարվածների ֆոնին Լեհաստանը օդ է բարձրացրել կործանիչներ՝ իր օդային տարածքը պաշտպանելու համար, դա որակելով որպես «կանխարգելիչ» միջոցառում: Լեհաստանի տարածքում հարձակումների մասին հաղորդումներ չկան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. «Ռոյթերզ»Gallup․ Ռուսաստանցիների 60%-ը կարծում է, որ տնտեսական իրավիճակը վատթարանում էՈւկրաինան Շվեդիայից 16 Gripen E կործանիչ կգնիReuters. Ուկրաինան ԵՄ խաղաղության հիմնադրամից 6,6 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն է խնդրումԲենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա