Մատչելիության հղումներ

Reuters. Ուկրաինան ԵՄ խաղաղության հիմնադրամից 6,6 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն է խնդրում

Ուկրաինան Եվրամիության իր գործընկերներին խնդրում է Եվրոպական խաղաղության հիմնադրամում հասանելի 6,6 միլիարդ եվրոն ուղղել ռազմական օգնությանը՝ համարելով, որ ռազմաճակատում առաջիկա վեցից ինը ամիսը «հնարավորությունների պատուհան» է, գրում է Reuters-ը։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը Reuters-ին հասանելի դարձած նամակում նշել է, որ երկրի պաշտպանական ընդհանուր կարիքը այս տարի գնահատվում է մոտ 136 միլիարդ եվրո։ Դրանից շուրջ 53 միլիարդ եվրոն Կիևը նախատեսում է ծածկել պետական բյուջեից։

Նախօրեին Ֆեդորովը Politico-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինան փորձում է արագորեն նոր ռազմական օգնություն ստանալ Արևմուտքից՝ նախքան Ռուսաստանը կհարմարվի ռազմաճակատում վերջին զարգացումներին։

Նրա խոսքով՝ Կիևը կարծում է, որ ռուսական զորքերին, լոգիստիկ հանգույցներին և նավթային ենթակառուցվածքներին հարվածելու շնորհիվ կարողացել է ռազմաճակատում նախաձեռնությունը վերադարձնել իր ձեռքը։

Ուկրաինան դաշնակիցներին կոչ է անում ֆինանսավորել դրոնների, հրթիռների և ռազմական տեխնոլոգիաների նոր փաթեթը, որը, Կիևի գնահատմամբ, կարող է պահել Ռուսաստանին ճնշման տակ և ամրապնդել վերջին ձեռքբերումները։

«Մեզ օգնության հաջորդ մակարդակն է պետք, որպեսզի կարողանանք ավարտին հասցնել գործը», - Politico-ին ասել է Ֆեդորովը։

XS
SM
MD
LG