«Ռուսական երկաթուղիներ»-ը հայտարարում է՝ եթե հայկական կողմը մտադիր է փոխել կամ դադարեցնել կառավարման պայմանները, պետք է վերադարձնի ներդրումները։
«Կողմերի բոլոր իրավունքներն ու պարտականությունները նշված են կոնցեսիոն պայմանագրում, որի կողմ է նաև Հայաստանի կառավարությունը։ Մենք մտադիր ենք խստորեն պահպանել այն, և եթե հայկական կողմը մտածի այն դադարեցնելու կամ դրա պայմանները փոխելու մասին, մենք իրավունք ունենք ակնկալել մեր ներդրումների վերադարձ», - ТАСС-ին ասել է ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզերովը։
Ավելի վաղ «Ազատություն»-ը հաղորդել էր, որ երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու դեպքում Կառավարության պարտավորությունները առավելագույնը կարող են կազմել ավելի քան 273 մլն դոլար։ Այդ մասին նշված է Հայաստանի կառավարության՝ 2025-ի հունիսին ընդունված պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում։
«Կոնցեսիոն պայմանագրի վաղաժամ դադարեցման մասով պայմանական պարտավորությունները հիմնականում չափելի են, և դրանց առավելագույն ազդեցությունը վատագույն սցենարի դեպքում գնահատվում է 103.6 մլրդ դրամ», - նշվում է փաստաթղթում:
Հաշվարկն իրականացվել է կոնցեսիոն պայմանագիրը վաղաժամ դադարեցնելու փոխհատուցումների հիման վրա, այն չի ներառում ընկերության ունեցած վարկերը։
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը պատրաստ է դիմել արբիտրաժի՝ ռուսական ընկերությունից հայկական երկաթուղիների կառավարումը ետ ստանալու համար, եթե չհաջողվի խնդիր լուծել բարեկամաբար։
Ավելի վաղ՝ փետրվարին նա առաջարկել էր, որ Ռուսաստանը կոնցեսիոն կառավարման իրավունքը փոխանցի Մոսկվային և Երևանին բարեկամ որևէ պետության, այդ շարքում նշելով Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։
Ռուսական կողմը մերժել էր այդ առաջարկը։
Հայկական երկաթուղիների շուրջ պայմանագիրը կնքվել է 2008-ին, դրա համաձայն՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է։ Շահագործման առաջին 20 տարվանից հետո կողմերը փոխադարձ համաձայնությամբ այս ժամկետը կարող են երկարաձգել ևս 10 տարով։