Ռուսական դիզվառելիքով սկզբնապես ԱՄՆ մեկնող 2 նավեր փոխել են երթուղին

Ենթադրաբար ԱՄՆ ռուսական դիզվառելիք տեղափոխող Agioi Fanendes տանկերը, արխիվ

Ռուսական դիզվառելիքով բեռնված երկու տանկերներ, որոնք սկզբնապես մեկնում էին ԱՄՆ՝ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի պայմանավորվածությունների շրջանակում, փոխել են իրենց երթուղին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով նավերի հետևման տվյալներին և շուկայի մասնակիցներին:

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության պատժամիջոցների տակ գտնվող Talisman նավն ուղևորվել է Միջերկրական ծով և Ալժիրի ափերին է: Ամերիկյան նավահանգստի փոխարեն, այժմ նավի կարգավիճակն է՝ «սպասում է հրահանգների»:

Մյուս՝ Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և Կանադայի պատժամիջոցների տակ գտնվող Leruo տանկերն իր նավարկության նպատակակետ երկիր այժմ նշում է Բրազիլիան:

Agioi Fanendes նավը շարունակում է շարժվել ԱՄՆ-ի ուղղությամբ, սակայն որպես դրա կարգավիճակ ևս նշված է՝ «սպասում է հրահանգների»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 9-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, հայտարարել էր, որ Ռուսաստանը վերսկսելու է դիզելային վառելիքի մատակարարումները Միացյալ Նահանգներ և միջազգային շուկաներ։ Սպիտակ տունն ակնկալում էր այդ ճանապարհով նվազեցնել վառելիքի գինը նավթամթերքների դեֆիցիտի ֆոնին:

Համաձայնությունը հարուցել էր թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների մի մասի քննադատությունը;: Օրենսդիրները հարցականի տակ դրեցին դրա օրինականությունը և պահանջեցին չեղարկել:

Kpler ընկերության վերլուծաբան Մեթ Սմիթը Financial Times-ի հետ զրույցում ասել է, թե ամերիկացի գնորդներն անվճռականություն են ցուցաբերում իրավաբանական և պատժամիջոցների վտանգների պատճառով:

TORM նավագնացության ընկերության ղեկավար Ջեյքոբ Մելդգաարդն էլ ընդգծել է՝ մատակարարումների դժվարությունները ցույց են տալիս, թե որքան բարդ է Ռուսաստանին համաշխարհային տնտեսություն վերադարձնելը նույնիսկ ամերիկյան վարչակազմի օժանդակությամբ:

Financial Times-ի տվյալներով՝ դիզվառելիքի ամերիկյան պաշարները նվազել են 100 միլիոն բարելից ցածր մակարդակի՝ առաջին անգամ ավելի քան երկու տասնամյակում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևից պնդում են՝ 8 նավեր ռուսական դիզվառելիք են տանում ԱՄՆՌուսական դիզվառելիքի առաջին խմբաքանակը ԱՄՆ-ի ճանապարհին է