Ռուսական ավիահարված Ուկրաինայի Սումի քաղաքի վրա. առնվազն 5 զոհ կա

Այսօր ռուս զինվորականները ավիառումբեր են նետել Ուկրաինայի Սումի քաղաքի Զարեչնի շրջանի վրա։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 5 մարդ, վիրավորվել՝ 17-ը։

Զոհվածների թվում է նաև երեխա։ Ոստիկանության տվյալներով՝ 13-ամյա աղջիկ է, որը հարվածի պահին գտնվել է հասարակական տրանսպորտի կանգառում։

Սումիի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեհ Գրիգորովը հայտնել է.

«Երկու կառավարվող ավիառումբ հարվածել են մարդաշատ վայրի, որտեղ գտնվել են խաղաղ բնակիչներ, երթևեկել են ավտոմեքենաներ և հասարակական տրանսպորտ։ Հարվածներից մեկի էպիկենտրոնում հայտնվել են ճանապարհն ու հասարակական տրանսպորտի կանգառը»։

Գրիգորովի խոսքով՝ ևս մեկ հարված հասցվել է ենթակառուցվածքային օբյեկտի։

«Ռուսները չեն դադարում փորձել ոչնչացնել քաղաքի կենսապահովման համակարգը», գրել է նա տելեգրամի իր ալիքում։

Նրա խոսքով՝ զգալի վնասներ են հասցվել նաև ավիառումբերի ընկնելու վայրերի հարևանությամբ գտնվող բազմաբնակարան շենքերին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ն մեծացրել է «հրթիռների և ԱԹՍ-ների հարվածների ինտենսիվությունը» քաղաքացիական տարածքների վրա