Ռուս դիպուկահարին մեղադրում են Բուչայի խաղաղ բնակիչների սպանությունների համար 

Ուկրաինան ռուս զինվորականին մեղադրում է 2022-ին Բուչայի օկուպացիայի ընթացքում խաղաղ բնակիչների սպանությունների մեջ։ Արտյոմ Դեմենտևը կասկածվում է առնվազն հինգ մարդու սպանության, ինչպես նաև խոշտանգումների, ծեծի, կրակոցների և ապօրինի կալանավորումների համար։

Բուչայի բնակիչ Կոնստանտին Շևչենկոն վերհիշում է 2022-ի գարնան իրադարձությունները, երբ Կիևի մերձակայքում գտնվող քաղաքը գտնվում էր ռուսական օկուպացիայի տակ։ Նա հրաշքով էր ողջ մնացել ռուս զինվորի հետ բախումից հետո. «Նա ջարդուփշուր արեց ոտքս, հենց այստեղ։ Փառք Աստծո, որ ոսկորը չջարդեց։ Այլապես պիտի ընկած մնայի»։

Ռուս զինվորը մնաց այնտեղ՝ ձեռքին պահելով խլացուցիչով «Վինտորեզ» հրացանը. «Երբ զինակիցները տեսան, թե ինչ է արել, բացականչեցին՝ «Աստված իմ...»։ Նա պատասխանեց՝ «իսկ ի՞նչ էիք սպասում»։

Ավելի ուշ Շևչենկոն լուսանկարներից ճանաչել է կրակողին։

Ուկրաինացի իրավապահները Ռուսաստանի Պսկով քաղաքում տեղակայված 234-րդ օդադեսանտային-գրոհային գնդի հետախույզ-դիպուկահար ռուս զինվորին անվանել են «Բուչայի դահիճ»։

«Ազատություն» ռադիոկայանը Դեմենտևի ինքնությունը պարզել է՝ Բուչայից ստացված տեսանկարահանումները, զինվորական փաստաթղթերը և գնդի դիպուկահարների լուսանկարները համադրելով։ Հետագայում փորձաքննությունը հաստատեց նույնականացումը։

Ուկրաինացի քննիչներն այժմ Դեմենտևին կասկածում են Բուչայի հինգ բնակչի սպանության, ինչպես նաև խոշտանգումների, ծեծի, կրակոցների և ապօրինի կալանավորման բազմաթիվ դեպքերին մասնակցելու համար։

Նրա դեմ հարուցված գործը միայն վկաների ցուցմունքների վրա չի հիմնված: 2024-ի դեկտեմբերին քննիչները զննել են այն վայրը, որտեղ նկարահանվել էր Դեմենտևը՝ «Վինտորեզից» կրակելիս։ Ուկրաինացի իրավապահները նաև գտել են բետոնե պատի մեջ խրված գնդակը։

Քննիչները նաև զննել են այն վայրը, որտեղ սպանվել է Բուչայի մեկ այլ բնակիչ՝ Անդրի Մատվիյչուկը։ Տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես են ռուս զինվորները Մատվիյչուկին տանում իրենց շտաբ։ Ձերբակալման ընթացքում երեխաների կնքահայրը զանգահարել էր նրան և ճիչեր լսել։

Քննիչների խոսքով՝ Մատվիյչուկին պահել են մոտ կես ժամ՝ ձեռքի և ոտքի հրազենային վնասվածքներով։ Այնուհետև նրան տարել են հետնաբակ և կրակել գլխին։ Ավելի ուշ քննիչները գտել էին արձակված գնդակը: Դա 9x39 մմ չափսի զինամթերք էր՝ նույն տրամաչափի, որն օգտագործվում է «Վինտորեզի» դեպքում:

Փորձագետները համեմատել են այն փամփուշտի հետ, որը գտել էին պատի մեջ և պարզել, որ երկուսն էլ արձակվել էին նույն փողից։

Քննիչները Դեմենտևին կապում են Բուչայի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ։ Բուչայի բնակիչ Արսեն Շեպերովը պատմում է՝ ռուս զինվորը մտել է իր բնակարան և կրակ բացել։

Ոստիկանությունը հայտնել է՝ այդ բնակարանում հայտնաբերված երեք գնդակները համընկել են Դեմենտևի սպանության վայրում ավելի վաղ հայտնաբերված փամփուշտների հետ։ Իսկ վերևի հարկում քննիչները գտել էին 54-ամյա Վոլոդիմիր Կովտունի դին։

Դեմենտևը Բուչայում խաղաղ բնակիչների սպանություններում ներգրավված միակ ռուս զինվորը չէր։ Բայց քննիչները նշում են՝ նա առանձնանում էր. «Նա աչքի էր ընկնում դաժանությամբ՝ մեկն, ով պատրաստ էր սպանության»։

Դեմենտևը հեռացել է Բուչայից և շարունակել էր իր զինվորական կարիերան։ Ըստ քննության՝ հետագայում անգամ սպայական կոչում էր ստացել։ Բուչայի դեպքերից վեց ամիս անց էլ նրան լուսանկարել էին կնոջ հետ՝ դստեր տարեդարձին։

2025-ի օգոստոսին Ռուսաստանի Ռոստովի մարզում գտնվող դպրոցում հրապարակվեց մահախոսական, որում նշվում էր՝ Դեմենտևը «զոհվել է հերոսաբար»: Դպրոցում նրան բնութագրել էին որպես քաջ, բարի և ազնիվ մարդու։ Ռուսաստանի իշխանությունները քննարկում էին Դեմենտևին հերոսի կոչում շնորհելու հարցը:

Տեղի իշխանությունների տվյալներով՝ ռուսական օկուպացիայի ընթացքում Բուչայում սպանվել է 552 խաղաղ բնակիչ։ 38 մարմին դեռևս չի գտնվել, իսկ 15 խաղաղ բնակիչ համարվում է անհետ կորած։

Առնվազն 29 մարդ շարունակում է գերության մեջ մնալ, իսկ բնակիչներից երկուսը մահացել են ռուսական բանտում։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում.

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևը հայտնում է Բուչա և Բորիսպոլ բնակավայրերի վրա ռուսական հարձակման մասինՀարվածներ Խարկովի և Բուչայի շրջանի ուղղությամբ, հաղորդվում է մեկ զոհի մասին