Ռուս ակտիվիստը 6 տարվա ազատազրկման է դատապարվել՝ ահաբեկչությունը «արդարացնելու» մեղադրանքով

Լեոնիդ Մելեինի սելֆին Մեքսիկա-ԱՄՆ սահմանային անցակետում

Ռուսական դատարանը ահաբեկչությունը «արդարացնելու» մեղադրանքով վեց տարվա ազատազրկման է դատապարտել Պերմի բնակիչ, ակտիվիստ Լեոնիդ Մելեխինին, որը Միացյալ Նահանգներից 2025 թվականի հուլիսին էր արտաքսվել, հաղորդում է Mediazona-ն։

Դատական գործի համար հիմք են դարձել Պերմից մեկ այլ ակտիվիստ՝ Յուրի Բոբրովի («Бобр. Туда и обратно (дневник иммиграции)») Telegram ալիքում արված երկու գրառումներ և համացանցում արված մեկնաբանությունը (որի բովանդակությունը հայտնի չէ):

Պարբերականի տվյալներով՝ գրառման մեջ եղել է երկու լուսանկար՝ մեկը՝ Մելեխինի լուսանկարը Մեքսիկայից դեպի ԱՄՆ սահմանային անցման ֆոնին, իսկ երկրորդը՝ պաստառ, որում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարով մանեկեն է պատկերված՝ պարանոցին պարան, իսկ լուսանկարի վրա՝ գրություն. «Վ.Վ. Պուտինը մարդասպան է, ֆաշիստ և բռնազավթիչ։ Չարի հաղթանակի համար անհրաժեշտ է միայն բարի մարդկանց անգործությունը/ֆաշիստին՝ կախաղան»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ն «Մեդիազոնա»-ն և մի քանի լրագրողի «օտարերկրյա գործակալ» է ճանաչել

Մելեխինը Ռուսաստանը լքել է 2023 թվականին՝ «Ազատություն Նավալնիին» ցուցանակը ձեռքին ձերբակալվելուց հետո։ Նա մեկնել է Մեքսիկա, իսկ այնտեղից՝ 2024 թվականի ամռանը, հատել է Միացյալ Նահանգների սահմանը՝ օգտագործելով ապաստան խնդրողների պաշտոնական հավելվածը՝ CBP One-ը։

Սահմանը հատելուց հետո Մելեխինը մի քանի ամիս անցկացրել է Սան Դիեգոյի ներգաղթյալների կալանքի կենտրոնում (detention center): Դատարանը նրան մերժել է ապաստան տրամադրել, չնայած նրան, որ Մելեխինին արդեն իսկ քրեական մեղադրանքներ էր առաջադրվել Ռուսաստանում՝ ահաբեկչությունը «արդարացնելու» համար, իսկ «Ռոսֆինմոնիտորինգ»-ը նրան ներառել էր «ահաբեկիչների և ծայրահեղականների» իր ցուցակում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկովյան դատարանը Յուրի Դուդին հեռակա կարգով կալանավորել է

Մելեխինին Միացյալ Նահանգներից արտաքսել են հերթական մի չվերթով, իսկ ռուս իրավապահները նրան ձերբակալել են «Շերեմետևո» օդանավակայանում: 2025 թվականի հուլիսի 25-ին ակտիվիստն ուղարկվել է նախնական կալանքի կենտրոն: