Ռումինիայի օդային տարածքում երկրորդ ԱԹՍ-ն է խոցվել

Երկնքում երևում է անօդաչու թռչող սարք, արխիվ

Ռումինիայի իշխանությունները հայտնել են, որ 24 ժամվա ընթացքում երկրի օդային տարածքում խոցվել է երկրորդ անօդաչու թռչող սարքը, հայտնում է Euronews-ը:

Ռումինիայի պաշտպանության նախարար Ռադու Միրուտան ասել է, որ «անօդաչու թռչող սարքի մնացորդները ներկայումս ուսումնասիրվում են», սակայն «օրինաչափությունը համապատասխանում է ռուսական անօդաչու թռչող սարքերի նախկինում հաստատված թռիչքներին»։

Նախօրեին Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանն էր հայտարարել, որ F-16 կործանիչը Ռումինիայի երկնքում խոցել է անօդաչու թռչող սարք, որն ավելի վաղ է մուտք գործել երկրի օդային տարածք:

Ռումինիայի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ անօդաչու թռչող սարքը «Շահեդ» տեսակի էր, որն օգտագործվում էր ռուսական ուժերի կողմից, հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Ցոյուն։

Անօդաչու թռչող սարքերը նախկինում ևս բազմիցս խախտել են Ռումինիայի օդային տարածքը։ Մայիսի վերջին, ինչպես պնդում էին երկրի իշխանությունները, ռուսական ԱԹՍ-ն բախվել էր Գալաց քաղաքում գտնվող բազմահարկ շենքին, որի հետևանքով բնակարաններից մեկում հրդեհ էր բռնկվել։

Ռումինիայում տեղակայված է ՆԱՏՕ-ի ավիաբազա, իսկ երկրի ռազմաօդային ուժերը սպառազինված են F-16 կործանիչներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռումինիայի երկնքում ԱԹՍ է խոցվել՝ առաջին անգամ Ուկրաինայում պատերազմից ի վեր