Ռումինիան և Մոլդովան հայտնել են, որ իրենց օդային տարածքներ ներխուժած անօդաչու թռչող սարքեր են կործանվել: Տուժածների մասին չի հաղորդվում:
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի օդային տարածք ներխուժած անօդաչու թռչող սարք է կործանվել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Սուչավա շրջանի Սոլկա քաղաքի մոտակայքում։
Գերատեսչության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը երկրի օդային տարածքում մնացել է մոտ չորս րոպե։ Դրա կործանման հետևանքով ոչ ոք չի տուժել։ ՆԱՏՕ-ի անդամ երկրի ներքին գործերի նախարարության աշխատակիցները շրջափակել են տարածքը և գտել փոքր անօդաչու թռչող սարքը։ Կործանման վայրում հրդեհի հետքեր չեն եղել։
Ավելի վաղ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Բոտոշանի շրջանի հյուսիսային հատվածում Ուկրաինայի սահմանի մոտ շարժվող օդային թիրախի մասին: Երկու շրջանների բնակիչները զգուշացվել էին օդային սպառնալիքի մասին, ինչից հետո օդ էին բարձրացել Ռումինիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բեռլինի օդանավակայանն անօդաչուի պատճառով մեկ ժամով դադարեցրել է աշխատանքըԱյսօր գիշերը ռումինական ռադարները նաև գրանցել են օդային թիրախների խումբ Ուկրաինայի սահմանի մոտ։
Անօդաչու թռչող սարքերն այսօր գիշեր խախտել են նաև հարևան Մոլդովայի օդային տարածքը: Տեղի բնակիչները պայթյունների ձայներ են լսել Վադուլ-Ռասկով և Չերնիտա գյուղերի մոտակայքում: Անօդաչու թռչող սարքերից մեկը կործանվել է Չերնիտայի մոտակայքում, և դրա բեկորները հայտնաբերվել են ֆերմայի մոտ գտնվող դաշտում:
Մոլդովայի ոստիկանության նախնական գնահատականների համաձայն՝ սարքն ունի «Գերբերա» տիպի անօդաչու թռչող սարքերին բնորոշ տարրեր, որոնք ռուսական զորքերն օգտագործում են Ուկրաինայի դեմ պատերազմում։
Այսօր նաև հայտնի դարձավ, որ Գերմանիայի «Բեռլին-Բրանդենբուրգ» օդանավակայանը սեպտեմբերի 23-ի երեկոյան մոտ մեկ ժամով դադարեցրել էր աշխատանքը մոտակայքում նկատված անօդաչու թռչող սարքի պատճառով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՌԴ-ն ու Ուկրաինան հարվածներ են փոխանակել, Կիևում 2 զոհ կա, Ռոստովում նավթի բազա է վնասվելԱնօդաչուների այս միջադեպերը տեղի են ունեցել Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հարվածների ֆոնին։ Այս գիշեր ռուսական ուժերը հարձակվել են Կիևի և Օդեսայի մարզի վրա։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանն օգտագործել է «Ցիրկոն» հականավային հրթիռներ, «Իսկանդեր-Մ», «Ս-400» և «ԿՆ-23» բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև 282 հարձակողական անօդաչու թռչող սարքեր և «Բանդերոլ» ու «Դան-Տ» թռչող զինամթերք։