Ռուբիոն մեղադրել է Զելենսկուն՝ պատերազմը դադարեցնելու ամերիկյան ջանքերի մասին ստելու համար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պնդել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստել է, երբ ասել է, որ Վաշինգտոնը Կիևին տրամադրվելիք անվտանգության երաշխիքները կապում է Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման հետ։

Զելենսկու հայտարարության շուրջ վեճը կարող է սրել լարվածությունը Վաշինգտոնի և Կիևի միջև մի փուլում, երբ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները կանգ են առել, մերձավորարևելյան հակամարտությունն էլ շեղում է ուշադրությունը Եվրոպայում 1945-ից ի վեր շարունակվող ամենածանր պատերազմից։

Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ից ստանալ անվտանգության ամուր երաշխիքներ՝ որպես ցանկացած խաղաղության համաձայնագրի մաս, որպեսզի պաշտպանվի Ռուսաստանի հետագա ագրեսիայից: Իսկ Մոսկվան պահանջում է, որ Ուկրաինան դուրս գա Դոնբասից, որը ռուսական ուժերը չեն կարողացել ամբողջությամբ գրավել:

«Ամերիկացիները պատրաստ են բարձր մակարդակով վերջնականապես հաստատել այս երաշխիքները, երբ Ուկրաինան պատրաստ լինի դուրս գալ Դոնբասից», - մարտի 25-ին «Ռոյթերս»-ին տված հարցազրույցում ասել է Զելենսկին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը անվտանգության երաշխիքները կապում է Դոնբասից զորքերի դուրսբերման հետ. Զելենսկի

«Դա սուտ է…դա այդպես չէ», - պնդել է Ռուբիոն՝ մարտի 27-ին պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին։

«Ցավալի է, որ նա նման բան է ասել, քանի որ գիտի՝ դա ճիշտ չէ: Անվտանգության երաշխիքները չեն գործի մինչև պատերազմի ավարտը… հակառակ դեպքում դուք ինքներդ ձեզ ներքաշում եք պատերազմի մեջ», - ասել է Մարկո Ռուբիոն՝ պնդելով, որ ԱՄՆ Կիևին որևէ բան չի հարկադրում։

«Մենք ուկրաինական կողմին ասել ենք, թե ինչ են ուզում ռուսները: Մենք այդ պահանջը չենք սատարում… որոշումը նրանք պետք է կայացնեն», - հավելել է նա։

2025-ի հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է դադարեցնել Ուկրաինայում պատերազմը, սակայն Մոսկվան և Կիևը շարունակում են տարակարծիք մնալ կարևորագույն հարցերում, այդ թվում՝ Դոնբասի վերահսկողության։

Ռուբիոն վերահաստատել է, որ Վաշինգտոնը շարունակում է հանձնառու մնալ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի դադարեցմանը, սակայն նոր նախաձեռնությունների մասին չի հայտարարել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը կախված կլինի Մերձավոր Արևելքում իրավիճակից. Զելենսկի

«Մենք միշտ ցանկանում ենք տեսնել այդ պատերազմի ավարտը… Մենք պատրաստ ենք խաղալ ցանկացած կառուցողական դեր, որը կարող ենք», - հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ղրիմի թերակղզին օկուպացնելուց բացի Ռուսաստանը անհիմն կերպով իրենն է համարում Դոնեցկը, Լուգանսկը և Ուկրաինայի երկու այլ շրջաններ։ Զելենսկին ասել է, որ զորքերի դուրսբերումը այդ տարածքներից կվտանգի ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի անվտանգությունը՝ Ռուսաստանին հանձնելով ուկրաինական ամուր պաշտպանական դիրքերը։

«Ես շատ կցանկանայի, որ ամերիկյան կողմը հասկանար՝ մեր երկրի արևելյան մասը անվտանգության երաշխիքների մաս է կազմում», - ասել է նա «Ռոյթերս»-ին։

Մարտի 27-ին Ռուբիոն նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ շարունակվող պատերազմի պատճառով Ուկրաինային տրամադրվող որևէ օգնություն դեռևս չի կասեցվել։

«Դեռևս ոչինչ չի փոփոխվել, բայց կարող է: Եթե մեզ ինչ-որ բան է պետք ԱՄՆ-ի համար, և դա ամերիկյան է, մենք այն առաջին հերթին կպահենք Ամերիկայի համար», - ասել է Ռուբիոն:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ դեռևս որևէ փոփոխություն չի եղել Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկում: ՆԱՏՕ-ի այս նախաձեռնության շրջանակներում եվրոպական երկրները Միացյալ Նահանգներից զենք են գնում Ուկրաինայի համար։