ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ կայցելի Հռոմ և Վատիկան, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում է Իտալիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը:
AFP-ի աղբյուրի հաղորդմամբ՝ սպասվում է, որ Կաթոլիկ եկեղեցու հետևորդ Ռուբիոն կհանդիպի Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինի և Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։ Իտալական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ հանդիպում տեղի կունենա նաև Իտալիայի պաշտպանության նախարարի հետ:
Չի նշվում, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարն առանձնազրույց կունենա Հռոմի պապի հետ։
Առաջին ամերիկացի Հռոմի պապը վերջին շրջանում դարձել էր Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել հարձակման քննադատներից մեկը՝ բազմիցս կոչ անելով դադարեցնել կրակը և վերադառնալ դիվանագիտական լուծումների։ Նա ընդգծել էր, որ հնարավոր չէ հասնել խաղաղության ուժի կիրառմամբ։
Նախագահ Թրամփն էլ քննադատել էր Հռոմի պապին, ասելով, թե պապը «սարսափելի է արտաքին քաղաքականությունում»:
Ամերիկյան և իտալական իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել Ռուբիոյի այցի մասին լուրը։ Սուրբ Աթոռից ևս:
Հաղորդվում է նաև, որ այցը նպատակ է ունենալու մեղմել Վաշինգտոնի և Հռոմի միջև լարվածությունը, որն առաջացավ, երբ Թրամփի քննադատության ֆոնին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին «անընդունելի» էր համարել Թրամփի քննադատությունը Հռոմի պապ Լեո XIV-ի հասցեին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրերս հայտարարել էր նաև, որ «հավանաբար» կքննարկի Իտալիայից և Իսպանիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը՝ քննադատելով ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներին Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնին չաջակցելու համար։