Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր այդպես էլ հրապարակային չի արձագանքել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ իրեն ուղղված նամակին՝ թեև այն հրապարակվել էր առավոտյան: Պաշտպանի գրասենյակն անպատասխան է թողել նաև մեր հարցումները:
Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Վարդանյանը Բաքվի բանտից դիմել է Մանասյանին՝ խնդրելով դիտարկել Ադրբեջան այցելելու հնարավորությունը: Ընտանիքի հետ հեռախոսազրույցում փոխանցված դիմումում Ռուբեն Վարդանյանը պատմել է, որ հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ, բարձրացրել իր և մյուս հայ բանտարկյալներին վերաբերող կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական և դիվանագիտական հարցեր:
Ի պատասխան՝ ադրբեջանցի պաշտոնյան ասել է, թե հայ պաշտոնակից Անահիտ Մանասյանի հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այցի կազմակերպմանը։ Սակայն այդ նախաձեռնությունը դեռ չի իրականացվել։ Թե ինչու, Վարդանյանը չի մանրամասնել:
44-օրյա պատերազմից հետո Արցախ տեղափոխված Վարդանյանը հիշեցնում է, որ Հայաստանի քաղաքացիները երկար ժամանակ պահվում են ադրբեջանական բանտերում՝ առանց ընտանիքի անդամների հետ հանդիպումների և անկախ մոնիթորինգի, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից, որի գրասենյակը Բաքուն անցած տարի փակեց: Վարդանյանը Մանասյանի ղեկավարած կառույցին մեղադրում է անգործության մեջ, միաժամանակ հիշեցնում է, որ չնայած Երևանի և Բաքվի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան՝ կողմերը բանակցում են տնտեսական հարցերի շուրջ:
«Ուստի ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն, և ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին», - Անահիտ Մանասյանին Բաքվի բանտից հարցնում է Ռուբեն Վարդանյանը:
Մանասյանի՝ Բաքու հնարավոր այցին զուգահեռ Վարդանյանը խնդրում է նաև, որ դիտարկվի հայկական պատվիրակությունում բանտարկյալների հարազատներին ընդգրկելու հարցը՝ փոխանցելով, որ իր կինը պատրաստ է մեկնել Բաքու: Այցը, սակայն, ըստ Վարդանյանի պետք է ունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական աջակցությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարի ազատազրկում. ընտանիքը սարսափեցնող է որակումԱռանց անկախ փաստաբանների ու լրատվամիջոցների դատապարտված Վարդանյանը համոզված է, որ երկու երկրների Մարդու իրավունքների պաշտպանների համագործակցությունը մարդասիրական միակ խողովակն է, որը փաստացի կփակվի, եթե Մանասյանը չարձագանքի: Ռուբեն Վարդանյանի գնահատմամբ՝ Հայաստանի Կառավարությունը անտեսում է Ադրբեջանում բանտարկված իր քաղաքացիների շահերը:
Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին հանդիպելուց մեկ ամիս առաջ Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցում փորձել էր դիմել Սաբինա Ալիևային, սակայն, ենթադրաբար բանտապահները ընդհատել էին զրույցը.
«Ցավոք որևէ այլ հնարավորություն չունեմ Ձեզ փոխանցելու այն, ինչ կատարվում է ինձ և իմ գործընկերների, զինակիցների հետ: Դուք Հանրային միակ ինստիտուտի ղեկավարն եք, որին կարող եմ դիմել այս հարցով, որովհետև Ադրբեջանի բոլոր այլ կառույցները կամ պետական վերահսկողություն են իրականացնում կամ... Ահա, ինձ թույլ չեն տալիս անգամ սա անել»,- ձայնագրությունում ասում էր Ռուբեն Վարդանյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ցմահից մինչև 15 տարի. գերիների հարազատների արձագանքը Բաքվից հնչած պատժաչափերինՀայաստանում սպասող գերիների հարազատները արտգործնախարար Արարատ Միրզոյանին և միջազգային կառույցներին էին դիմել Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում «Հովանավոր տերության» մեխանիզմը գործարկելու խնդրանքով, որպեսզի Շվեյցարիայի միջոցով հնարավոր լինի պաշտպանել հայերի իրավունքերը: Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էր արձագանքել.
«Այդ մեխանիզմները, որոնց մասին խոսվում են, բնականաբար, մեզ նույնպես հայտնի են և շատ ավելի վաղ են սկսվել մեզ մոտ ներքին քննարկումները, թե արդյոք դա է օպտիմալ ճանապարհը, որով պետք է առաջ գնանք։ Եվ մենք նաև մեր այլ միջազգային գործընկերների հետ ենք կապի մեջ գտնվում, ովքեր հետաքրքրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությամբ, և նրանց միջոցով նույնպես փորձում ենք որոշակի ճշտումներ իրականացնել մեր հայրենակիցների առողջական վիճակի վերաբերյալ և այլն։ Բայց, նույն Կարմիր Խաչի գործընկերները, չնայած նրան, որ փակվել է գրասենյակը Բաքվում, ունեցել են այցեր»,- «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Amnesty International-ն է տարեկան զեկույցում գրել, որ Ադրբեջանի իշխանությունները ձախողել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած մարդկանց պաշտպանությունը: Իրավապաշտպան հեղինակավոր կառույցը հիշեցնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Բաքվին տեղեկություններ տրամադրել հայ բանտարկյալների կալանքի և առողջական պայմանների վերաբերյալ: Վերջին տվյալներով Բաքվի բանտերում 19 հայ է պահվում, այդ թվում 20 տարվանից մինչև ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի նախկին ղեկավարները: