Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ իրավապաշտպաններ Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակի:
Առաջադրող խմբի հայտարարությունում նշվում է, որ այդ առաջադրման հիմքում Ռուբեն Վարդանյանի «նշանակալի ներդրումն է մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրա նվիրվածությունը՝ բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղում (Արցախում)»:
«Ռուբեն Վարդանյանի, նրա գործընկերներ Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի համահիմնադրած «Ավրորա» մրցանակը հնարավորություն է տվել շարունակել «Ավրորա» -ի դափնեկիրների գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և բառացիորեն հազարավոր կյանքեր փրկել աշխարհի տարբեր երկրներում ու մայրցամաքներում: Ռուբենը հավատում է, որ բարին հավերժ է և անմահ, և այն ուժեղանում է, երբ բարի գործ ես անում: Նրա շնորհիվ ու աջակցությամբ հնարավոր է եղել շարունակելպաշտպանել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց իրավունքները, կյանքը շարունակելու երկրորդ հնարավորություն տալ նրանց»,- ասված է իրավապաշտպանների հայտարարությունում:
«Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանությունը ամեն ինչից վեր է: Այդ իսկ պատճառով մեզ բոլորիս համար ավելի քան հասկանելի էր ծանր վիճակում հայտնված Լեռնային Ղարաբաղի իր հայրենակիցների կողքին գտնվելու նրա որոշումը: Ռուբենն այնտեղ հանդես էր գալիս որպես բնիկ ժողովրդի իրավունքների պաշտպան»,- նշում են իրավապաշտպանները:
Այս տարվա փետրվարին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։ Վարդանյանը փաստաբանին արգելել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ՝ տեղի ունեցողը որակելով ոչ թե դատ, այլ ֆարս:
Իրավապաշտպանների տարածած հայտարարությունում ասված է. «Մենք խորապես հավատում ենք, որ նրա [Ռուբեն Վարդանյանի-խմբ.] առանձնահատուկ գործունեությունը լիովին համահունչ է այս մրցանակի ոգուն և Վացլավ Հավելի սկզբունքներին: Ճակատագրի հեգնանքով այսօր մարդու իրավունքների ջատագով ու մարդասեր Ռուբեն Վարդանյանն ինքն ունի պաշտպանության կարիք, քանի որ Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից շինծու մեղադրանքներով դատապարտվել է քսան տարվա ազատազրկման և Լեռնային Ղարաբաղի մի շարք այլ գործիչների հետ ներկայումս պահվում է Բաքվի բանտում:
Հավատացած ենք, որ այս մրցանակի շնորհումն արժանի գնահատական կլինի ինչպես Ռուբեն Վարդանյանի բացառիկ ջանքերին, այնպես էլ կարևոր քայլ կդառնա նրա և Բաքվում պահվող մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ»,- նշվում է տարածված հայտարարությունում:
Մրցանակը հիմնադրվել է և շնորհվում է 2013 թվականից՝ նպատակ ունենալով գնահատել անհատների և կազմակերպությունների բացառիկ գործունեությունը՝ միտված մարդու իրավունքների պաշտպանությանը: