Ռուբեն Վարդանյանի կինը գերիների իրավական կարգավիճակի պարզաբանման խնդրանքով դիմել է ԿԽՄԿ նախագահին

Ակցիա Երևանում՝ հաջակցություն հայ գերիների, մարտ, 2025թ.

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տիկինը՝ Վերոնիկա Զոնաբենդը ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ-Էգերին է դիմել նամակով՝ խնդրելով պարզաբանել Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակը:

Նա շեշտել է, որ ապօրինի կալանավորվածների ընտանիքների համար չափազանց կարևոր է իմանալ, թե Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների պահին իրավական ինչ կարգավիճակ են ունեցել իրենց հարազատները։

«Պարզաբանման անհրաժեշտությունն առավել հրատապ է դառնում Ադրբեջանում ակնհայտորեն թերի դատական վարույթների լույսի ներքո՝ հաշվի առնելով հիմնարար երաշխիքներից զուրկ դատավարությունները և փաստական ու իրավական հիմքերից զուրկ մեղադրանքները», - նշել է Վերոնիկա Զոնաբենդը:

Նա խնդրել է պարզաբանել այն կոնկրետ իրավական կարգավիճակը, որի հիման վրա ԿԽՄԿ պատվիրակները այցելել են Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ բանտարկյալներին՝ որպես ռազմագերինե՞ր, անվտանգության նկատառումներով կալանավորվածնե՞ր, ինտերնացվածնե՞ր, թե՞ ունեցել են որևէ այլ կարգավիճակ:

Ըստ Զոնաբենդի՝ այս հարցի պարզաբանումը ընտանիքներին դա կտա խիստ անհրաժեշտ վստահեցում և պատկերացում այն մասին, թե ինչպես են կալանավորվածները դիտարկվում միջազգային մարդասիրական իրավունքի և ԿԽՄԿ մարդասիրական այցելությունների չափորոշիչների շրջանակում։

Բաքվում պահվող հայ գերիների հարազատներն մտահոգված են նրանց առողջական վիճակով: Հայ գերիներին անկախ հասանելիություն վերջին անգամ ունեցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, սակայն ԿԽՄԿ-ն նախորդ սեպտեմբերի 3-ին դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում:

Վարդանյանը կալանավորել է 2023-ի սեպտեմբերի 27-ին Արցախից Հայաստան անցնելու ժամանակ։ Բաքվում նա դատապարտվել է 20 տարի ազատազրկման, որից 10-ը՝ խիստ ռեժիմի բանտում: Երբևէ որևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը նրան «կեղծ մեղադրանքներով դատապարտելը արդարադատության ծաղր» է որակել:

Ադրբեջանում այս որոշումը որակել էին «ոչ միայն արդարադատության իրացում, այլև Ադրբեջանի ժողովրդին անասելի տառապանքներ պատճառած 30-ամյա հակամարտության խորհրդանշական և տրամաբանական ավարտ»:

Ռուբեն Վարդանյանը վերջին նիստում փաստաբանին արգելել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ՝ տեղի ունեցողը որակելով ոչ թե դատ, այլ ֆարս: Շուրջ մեկ տարի տևած դատավարությանը այդպես էլ որևէ անկախ փաստաբան, իրավապաշտպան ու լրատվամիջոց չմասնակցեց:

Վարդանյանի ընտանիքը շաբաթասկզբին հայտնել էր, որ մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է:

15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման էին դատապարտվել Արցախի մյուս ղեկավարներն ու գործով անցնող մեղադրյալները:

Ադրբեջանի նախագահը, ըստ էության, բացառել էր, որ նրանք ազատ կարձակվեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուբեն Վարդանյանը փորձել է կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, բայց այն հարկադրաբար ընդհատվել է. ընտանիքի հայտարարությունը Ռուբեն Վարդանյանը որոշել է Բաքվի դատարանի վճիռը չբողոքարկելՌուբեն Վարդանյանի փաստաբանը ԱՄՆ նախագահին կոչ է արել գերիներին ազատ արձակելու խոստումը կատարել Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարի ազատազրկում. ընտանիքը սարսափեցնող է որակում Այս դատավճիռն իրավաբանորեն անհիմն է. Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի հայտարարությունը