Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում

Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ

Արցախի նախկին պետնախարար, Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը ուղերձ է հղել Հայաստանի Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ ողջունելով Բաքու այց կատարելու նրա պատրաստակամությունը և իր հերթին պատրաստակամություն հայտնելով նրա հետ մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք:

«Ողջունում եմ նման այց կատարելու Ձեր պատրաստակամությունը և հույս ունեմ, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ բանտարկյալների և նրանց ընտանիքների հետ կապված մարդասիրական հարցերի լուծման համար», - ասված է Զոնաբենդի ուղերձում, որը հրապարակված է Ռուբեն Վարդանյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

«Դուք նախկինում նշել էիք հետևյալը. «Խաղաղության հասնելու ճանապարհին բոլոր մարդասիրական հարցերի լուծումը կենսական նշանակություն ունի, և այս համատեքստում առաջնային նշանակություն ունի հայ գերիների շտապ և անվտանգ վերադարձը»: Կիսում եմ այս դիրքորոշումը։ Անձամբ ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև մյուս բանտարկյալների ընտանիքները։ Խնդրում եմ դիտարկել այցին, եթե այն կայանա, մեր մասնակցության հնարավորությունը, և աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպման հարցում», - գրել է Վերոնիկա Զոնաբենդը:

Ռուբեն Վարդանյանի կինը ԱԽ քարտուղարին հարցնում է՝ նախատեսո՞ւմ է այցի ընթացքում այցելել հայ բանտարկյալներին, և պատրա՞ստ է մինչև այցը հանդիպել բանտարկյալների ընտանիքների հետ՝ լսելու նրանց խնդրանքները և ընդունելու բանտարկյալներին փոխանցվելիք նամակները։

«Հույս ունեմ ստանալ Ձեր պատասխանը և ակնկալում եմ Ձեր պատրաստակամությունը՝ քննարկելու, թե ինչպես կարելի է այս հնարավորությունն օգտագործել կոնկրետ մարդասիրական քայլ իրականացնելու համար», - ասված է ուղերձում:

Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարն անցած շաբաթ չբացառեց, որ Ադրբեջան մեկնի, թեև ժամկետի շուրջ որևէ հստակ պայմանավորվածություն դեռ չկա: Նա ճեպազրույցում նշեց, որ նման մտադրություն արտահայտվել է իր նախորդի՝ Արմեն Գրիգորյանի և նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի դիլիջանյան հանդիպմանը:

Ալեն Սիմոնյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Բիշքեկում մասնակցել էր հայ - ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպմանը, ապա առանձին հանդիպել Հաջիևի հետ, պնդեց, թե իր տպավորությամբ՝ «ադրբեջանական կողմը խաղաղության հետ կապված բոլոր քայլերն անում և անելու է»:

«Պարզ է, որ մենք ունենք հարցեր, որ բարձրացնում ենք, և դրանք դեռ լուծելու խնդիր կա, մասնավորապես՝ պահվող անձանց, անհայտ կորածների հետ կապված... բոլոր հարցերի շուրջ քննարկում է տեղի ունեցել և պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր մեխանիզմներ ներդնել, որպեսզի չլուծված հարցերը իրենց լուծումները գտնեն», - ասաց ԱԽ նորանշանակ քարտուղարը:

Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի կինը կոչ էր արել կանանց մարդասիրական պատվիրակություն ձևավորել՝ Բաքվի բանտում գտնվող հայերին այցելելու նպատակով։

Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր է ճանաչել մի շարք ծանր հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։

Վարդանյանը տեղի ունեցողը որակել է ոչ թե դատ, այլ ֆարս:

Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԽ նորանշանակ քարտուղարը չի բացառում, որ առաջիկայում Ադրբեջան մեկնի Սիրանուշ Սահակյանը Բաքվում բանտարկված հայ գերիների հարցով դիմել է ՄԻԵԴԱԳՆ-ն չի ասում՝ դիմե՞լ է Ադրբեջանին երրորդ երկրի կողմից հայ գերիներին տեսակցելու նպատակով«Ինձ հետ կապ չի հաստատվել»․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասինԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնում Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը Արդյոք Հայաստանի իշխանությունը պատրաստ է կազմակերպել գերիների հարազատների այցելություն ԲաքուՌուբեն Վարդանյանը Հայաստանի օմբուդսմենին խնդրում է դիտարկել Բաքու այցելելու հնարավորությունը