«Ռուբեն Վարդանյանի դատավճիռը հակամարտության խորհրդանշական ավարտն է». Հաջիև

«Օլիգարխ Ռուբեն Վարդանյանին վերաբերող Բաքվի դատարանի որոշումը ոչ միայն արդարադատության իրացում էր, այլև Ադրբեջանի ժողովրդին անասելի տառապանքներ պատճառած 30 ամյա հակամարտության խորհրդանշական և տրամաբանական ավարտ»,-X-ի իր օգտահաշվում այսօր գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա շեշտել է, որ հակամարտության լուծման եզակի՝ ռազմական-քաղաքական մոդել առաջ մղելով և հակամարտությունից հետո խաղաղության օրակարգ նախաձեռնելով՝ «Ադրբեջանը նաև ապահովել է, որ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց, այդ թվում՝ Բակո Սահակյանին Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին և մյուսներին պատասխանատվության ենթարկեն»։

«Մեր ակնկալիքն էր, որ Նյուրնբերգյան դատավարության, նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի կամ Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալի օրինակով Ադրբեջանի դեպքում ևս նմանատիպ դատական ատյան ստեղծվի։ Այսօրվա անարդար միջազգային միջավայրում, սակայն, օրենքի կիրառումն անգամ դարձել է ավելի քաղաքականացված և ենթարկվում է երկակի ստանդարտների։

Այդ իսկ պատճառով Ադրբեջանը բաց դատական գործընթաց կազմակերպեց և արդարադատությունն իրացրեց իր սեփական իրավական համակարգի շրջանակներում՝ օրինակ ծառայելով միջազգային ողջ հանրության համար»,- պնդում է Հաջիևը։

Ադրբեջանում ծանր մեղադրանքներով 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման դատապարտվեցին Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարներն ու մյուս գերիները: Վերջինը հրապարակվեց նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը՝ 20 տարի ազատազրկում, որից 10-ը՝ խիստ ռեժիմի բանտում:

Երբևէ որևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը Վարդանյանին «կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտելը արդարադատության ծաղր է որակել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը ԱՄՆ նախագահին կոչ է արել գերիներին ազատ արձակելու խոստումը կատարել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարի ազատազրկում. ընտանիքը սարսափեցնող է որակում