Գերիները պահվում են բացարձակ մեկուսացվածության պայմաններում. փաստաբան

Ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիները «բացարձակապես մեկուսացվածության պայմաններում են»,- հայտարարում է ՄԻԵԴ-ում գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

Սիրանուշ Սահակյանը

«Ֆիզիկական շփում արտաքին աշխարհի հետ գոյություն չունի. նրանք չեն տեսնում հարազանտներին, չեն տեսնում հյուպատոսական աշխատակիցներին, չեն տեսնում անկախ բժիշկներին, փաստաբաններին, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին, այսինքն՝ պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում: Արտաքին աշխարհի միակ շփումը դա հեռախոսային խոսակցություններն են: Զանգերը վերահսկվում են, կարող են նաև հարկադիր ընդհատման ենթարկվել, դրա վառ օրինակը տեսանք Ռուբեն Վարդանյանի դեպքում»,- այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՄԻԵԴ-ում գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

Հայ գերիների կապը ընտանիքների հետ մինչև անցած տարվա սեպտեմբեր ապահովվում էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով: Բաքուն անցած տարի ԿԽՄԿ-ից բացի այլ միջազգային կազմակերպությունների գրասենյակներ է փակել իր տարածքում:

Ադրբեջանական բանտերում 20 հայ է պահվում, նրանց շարքում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ութ ղեկավարները: Բոլորը հայերի դատավճիռներն արդեն կայացվել են, նրանք դատապարտվել են 20 տարուց մինչև ցմահ ազատազրկման: Իրավապաշտպաններն այժմ փորձում են հայերի իրավունքները պաշտպանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Ինտեսիվացվել է առողջական խնդիրների բարձրաձայնումը»

Սահակյանն այսօր նշեց նաև, որ Ադրբեջանում պահվող հայերից դժգոհություններ կան, որ բուժօգնություն չի կազմակերպվում:

«Հիմնականում կարող է ծայրահեղ վիճակում որոշ սիմպտոմներ մեղմելու դեղորայք տրամադրվի, սակայն, գոյություն ունեցող հիվանդությունը կամ դրա վատթարացումը կանխող միջոցներ չեն ձեռնարկվում: Մեր տեղեկությամբ՝ բուժօգնություն և բուժսպասարկում պատշաճ կերպով չի կազմակերպվում հայերի համար: Անկախ որևէ գնահատական նրանց իրական առողջական վիճակի վերաբերյալ չունենք»,- հայտնեց ՄԻԵԴ-ում գերիների շահերը ներկայացնող փաստաբանը:

«Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով»


Լրագրողների հետ հանդիպմանը Սիրանուշ Սահակյանը հայտարարեց նաև՝ ադրբեջանական բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով:

Սիրանուշ Սահակյանը ծանոթացել է դատավճռի մանրամասներին և պնդում է, որ դատավճռում չի նշվել որևէ կոնկրետ հրաման, որ Վարդանյանը տվել է սպանելու, խոշտանգելու, տեղահանելու կամ խաղաղ բնակչության վրա հարձակվելու վերաբերյալ։

«Չի հաստատվել նրա մասնակցությունը նրան վերագրված հանցանքներում»,- ընդգծեց Սահակյանը՝ հավելելով.- «Չկա գեթ մեկ ապացույց կամ վկա ու տուժող, որը նշել է, թե Վարդանյանը հանցագործություն է արել, որից էլ տուժել է որևէ ադրբեջանցի»:

Վարդանյանին վերագրվող տասնյակ հանցանքների շարքում Բաքուն նրան մեղադրում է նաև Ավրորա մարդասիրական նախաձեռնության համար, թե ահաբեկչություն է արել. Արցախ այցելած մրցանակակիրը ներկայացվել էր որպես հանցավոր կազմակերպության անդամ, իսկ նրան տրված մրցանակը համարվել է քրդական ծագում ունեցող բարեկամների ֆինանսավորում։

«Հայ գերիների մաշկից այրելով հեռացվել է խաչի տեսքով դաջվածքը»

Փաստաբան Սիրանուշ Սահակյանն այսօր նաև հայտարարեց, որ կրոնական խորհրդանիշների առնչությամբ տեսել են թիրախավորված գործողություններ. «Սա նաև միջազգային զեկույցներում արձանագրված փաստ է, որ օրինակ՝ մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով՝ այրելով հեռացվել է խաչի տեսքով դաջվածքը: Կամ արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը: Մենք արձանագրել ենք, որ եղել են դեպքեր, երբ հարկադրել են Ղուրան ընթերցել»:

Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները տարիներ շարունակ իրենց զեկույցներում քննադատում են Ադրբեջանին՝ մարդու իրավունքների ոտնահարման, ազատազրկման վայրերում կտտանքների ու խոշտանգումների համար: Ըստ Human Rights Watch-ի վերջին զեկույցի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վատ վիճակը շարունակել է առավել վատթարանալ, քանի որ «կառավարությունն ուժեղացրել է ճնշումներն անկախ մեդիայի, քաղաքական ընդդիմադիրների և քաղաքացիական հասարակության նկատմամբ՝ լռեցնելով այլախոհությունը և ավելի ամրապնդելով վախի մթնոլորտը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սիրանուշ Սահակյանը Բաքվում բանտարկված հայ գերիների հարցով դիմել է ՄԻԵԴ«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ուղերձը Բաքվի բանտից«Ինձ հետ կապ չի հաստատվել»․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասինԼեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնում Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ«Մեզ հուշում էին՝ այստեղ եք այնքան, ինչքան կցանկանա ՀՀ իշխանությունը, ցավոք այդպես է». Իշխանյանը՝ Բաքվի բանտիցԱԳՆ-ն չի ասում՝ դիմե՞լ է Ադրբեջանին երրորդ երկրի կողմից հայ գերիներին տեսակցելու նպատակովՌուբեն Վարդանյանին՝ 20 տարի ազատազրկում. ընտանիքը սարսափեցնող է որակում «Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներով դատապարտելը արդարադատության ծաղր է». Գենսեր