Ռոբերտ Քոչարյանը զղջում է «իրավահաջորդի ընտրության համար», Սերժ Սարգսյանն արձագանքում է

Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դեկտեմբեր, 2008թ.

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հետահայաց ամենից շատ զղջում է իրավահաջորդի ընտրության համար:

Սերժ Սարգսյանն այսօր արձագանքել է. - «Գրեթե երկու տասնամյակ է, որ այդ նույն բառերը ես լսել եմ տարբեր աղբյուրներից, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցինք: Ինձ համար դա նորություն չէ»:

Երրորդ նախագահի արձագանքին նախորդել էր իր առաջնորդած «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի պատասխանը՝ ենթատեքստով, թե ՀՀԿ-ում էլ կասկածում են, որ այս ընտրապայքարի մեջ մտած Քոչարյանի դաշինքն 8 տոկոս ձայն կարող է ստանալ:

«Քարոզչական ինչ հնարք ուզում եք, կիրառեք. միայն թե հաղթահարեք անցողիկ շեմը», - հայտարարել է Մամիջանյանը:

Ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունը կրկին ջրի երես հանեց երբեմնի դաշնակիցների՝ նրա և Սերժ Սարգսյանի միջև տարիների հակասությունները:

2008-ին նախագահ դարձավ այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը: Ընդդիմությունը համաձայն չէր ընտրության արդյունքի հետ, այն կեղծված էր համարում: Հենց Քոչարյանի նախագահության վերջին օրերին Երևանի կենտրոնում տեղի ունեցան մարտիմեկյան արյունալի դեպքերը՝ խլելով 10 մարդու կյանք:

Քոչարյանի երեկվա հարցազրույցի հրապարակումից ժամեր առաջ Սերժ Սարգսյանի հայտարարությունն էր տարածվել՝ հրաժարականի 8-ամյակի կապակցությամբ, որտեղ երրորդ նախագահն օգտագործել էր «ոխերիմ ընկերներ» արտահայտությունը, թե նրանց կողմից իր հրաժարականի հարցով մանիպուլյացիաներ են եղել:

Երկար ժամանակ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը՝ կողմնակիցների հետ, վիճում էին «ով բերեց Նիկոլին» հարցի շուրջ:

«Չափազանց մեծ բան էր, սենց, հակում կար քաղաքական մոնոպոլիայի, տնտեսական մոնոպոլիաների, և սա նյարդացնում էր ուղղակի: Տրիգերը եղավ, երբ երրորդ նախագահն ընտրվեց վարչապետ», - հայտարարել էր Քոչարյանը:

«Նրանք փութաջանորեն քողարկում 2018-ին իշխանազավթներին աջակցելու սեփական քայլերը, իսկ միգուցե գալիք ընտրություններից առաջ պարզապես փորձում են ընդդիմադիր ձայներ փախցնել», - իր հերթին, ասում էր Սարգսյանը:

«Ո՞վ բերեց Նիկոլին» վեճն անցած տարի փոխակերպվեց «ինչպե՞ս հեռացնել Նիկոլին» տարաձայնությամբ: Բացվեց իմփիչմենթի թեման: Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու, Ռոբերտ Քոչարյանն՝ ընտրություններով իշխանափոխության կողմնակից էին: Երկու նախագահների պատգամավորական թիմերը ստորագրությունների շուրջ էին վիճում, չնայած երկուսը միասին Փաշինյանին անվստահություն հայտնելու անհրաժեշտ ձայները չունեին:

«Մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի», - ասել էր երկրորդ նախագահը:

«Մեր հիմնավորումները դա ա, որ մենք ասում ենք՝ փորձենք», - նշում էր երրորդ նախագահը:

Ամիսներ անց Քոչարյանը մտավ ընտրապայքարի մեջ, Սարգսյանը՝ ոչ:

«Տենց սիրուն անուններով, ինչ-որ Սահմանադրության վրա հղումներ կատարելով, բան-ման, անլուրջ ա է դա», - պնդում էր երկրորդ նախագահը:

«Ներողություն, բայց դուք Սահմանադրության մեջ գրված հոդվածին անլրջությամբ ե՞ք վերաբերվում: Այսինքն՝ 21 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ է, որ «հաղթելու ենք», իսկ իմպիչմենտ անելը անլուրջ է՞», - հակադարձում էր երրորդ նախագահը:

Իսկ մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի փեսան՝ քրեական գործերով հետախուզվող Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ Փաշինյանի կողքին Քոչարյանին «Հայաստանի գերեզմանափոր» անվանեց: Երկրորդ նախագահի մեթոդները ռեպրեսիվ անվանեց, իսկ «Մարտի 1»-ի պատասխանատու՝ և՛ Քոչարյանին, և՛ այն ժամանակ ընդդիմադիր Փաշինյանին:

Քոչարյանի թիմակից՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Բորիս Թամոյանը պատասխանեց. - «Հայերենի համար՝ հինգ, բովանդակության համար՝ երկու»: Լրագրողի հարցին՝ «էս գրառումներով ի՞նչ է փորձում անել Միքայել Մինասյանը», նա արձագանքեց. - «Չգիտեմ, ես իր բժիշկը չեմ, եթե անկեղծ»:

Նիկոլ Փաշինյանն ընտրապայքարի է գնում թեզով, թե նախկին նախագահների նպատակը մեկն է՝ ռևանշը:

«Սերժ Սարգսյանը, հա, իմիջիայլոց, էդ որ ասում են՝ չի մասնակցում ընտրություններին, դա կեղծ թեզ ա. նախորդ ընտրություններում «Պատիվ ունեմ»-ով էր մասնակցում Սերժ Սարգսյանը, էս ընտրություններում մասնակցում ա «Ուժեղ Հայաստան»-ով: Էսօրվա ընտրական գործընթացում նրանք ուզում են ռևանշի հասնեն և վերականգնեն 2007 թվի, 2006 թվի կոալիցիան՝ Դաշնակցություն, ԲՀԿ, Հանրապետական, ուրիշ պատմություն չկա սրա տակ», - երեկ հայտարարեց վարչապետը:

Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր բևեռներին չհաջողվեց միավորվել, իսկ Նիկոլ Փաշինյանը իշխանության 8-րդ տարում դեռ նախկինների թեզի վրա է իր քաղաքական պայքարն առաջ մղում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Պայքարել մի քանի մանդատի՞ համար, թե՞ նվազեցնել ներընդդիմադիր պայքարը և հաջողության հասնել». Սերժ Սարգսյան«Մեծ հավանականությամբ կմասնակցեմ 2026-ի ընտրություններին». Քոչարյան Փաշինյանի համոզմամբ՝ Քոչարյանն ու Սարգսյանը վաղուց այլևս մրցակից չեն «ՀՀԿ-ի վրա ոչ մեկը ժամկետ դնել չի կարող». Քոչարյան-Սարգսյան բանավեճը նոր երանգներ է ստանում Մենք որոշում չունենք, զբաղված ենք այլ գործով. Սերժ Սարգսյանը՝ 2026-ի ընտրություններին մասնակցության մասինՀՀ-ն պատերազմի մեջ ներքաշելու մեղադրանքներ ու արձագանքներ. ներկա ու նախկին ղեկավարների բանավեճը«Իշխանության չենք հավակնում, այս պայքարը իշխանափոխության համար է». Սերժ Սարգսյան«Ավանտյուրա, փորձում են սադրել «Հայաստան» խմբակցությանը». Աղվան Վարդանյանը՝ իմփիչմենթի առաջարկի մասինՌոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վեճը նոր երանգներ է ստանում. ի՞նչ չեն կիսում երբեմնի մերձավոր դաշնակիցները ՀՀԿ-ն պատրաստ է վարչապետի պաշտոնում սատարել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը. վերջինիս գրասենյակից չեն մեկնաբանում Երկրորդ ու երրորդ նախագահների ճամբարներում կրկին լարված է, այս անգամ՝ Շիրակի թեմի առաջնորդի խոսքերի պատճառով