Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր օդանավակայանում արգելել են լքել երկիրը։ Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Թե ինչ հիմնավորմամբ, այս պահին դեռ պարզ չէ։

Արձագանքելով Քոչարյանի ելքի արգելքին՝ նրա գրասենյակի ղեկավարը հայտարարել է. «Նախագահի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց։ Մանր բռնապետն իր եվրոպացի տերերի կողմից այդքան գովաբանված «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի»»։

Ռոբերտ Քոչարյանն այսօր ավելի վաղ սոցցանցի իր էջում հայտնել էր, որ եռօրյա այցով մեկնում է երկրից. «Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով։ Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»։

Նախկին նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, «Ֆակտոր ԹՎ»-ին ասել է, որ հայրը Ռուսաստան էր մեկնում։

Այն մասին, որ Քոչարյանին արգելվել է լքել երկիրը, առաջինը գրել էր իշխանական civic.am-ը։

Վարչապետ Փաշինյանն էլ քիչ առաջ տեսանյութ է տարածել, որում ասում էր. «Ափալ-թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները։ Ես դեռ քարոզարշավի ժամանակ եմ ասել՝ դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու»։

Ըստ Փաշինյանի՝ ժողովուրդը հստակ պահանջում է՝ «ծնկի բերել, կործանել եռագլուխ մաֆիային, և դա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա»։

Փաշինյանը «եռագլուխ մաֆիա» անվանում է իր քաղաքական հակառակորդներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին ու Գագիկ Ծառուկյանին:

Ավելի վաղ նաև Գագիկ Ծառուկյանին էր արգելվել լքել Հայաստանը՝ իր դեմ հարուցված նոր քրեական գործի պատճառով։