Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի վաղը նախատեսված մոսկովյան այցից առաջ ռուսական զորքերը լքում են երկրի հյուսիսային՝ քրդաբնակ շրջաններում գտնվող միակ ռազմակայանը։ Ղամիշլիի օդանավակայանում տեղակայված ռազմաբազայից ռուսական զորքերի դուրսբերման մասին հաղորդում են Reuters գործակալությունը և մի շարք արաբալեզու լրատվամիջոցներ։
Վերջին երկու օրերի ընթացքում ռուս զինծառայողների՝ Ղամիշլիից դուրսբերման տեղեկատվությունը հաստատում են նաև քրդական լրատվամիջոցները։ Kurdistan 24 հեռուստաընկերության նկարահանող խմբին երեկ նույնիսկ հաջողվել էր ընդհուպ մոտենալ ռազմակայանի տարածքին՝ նկարահանելով ռուսաստանցի զինծառայողների տեղաշարժը։
Ռուսական զորքերը սիրիացի քրդերով բնակեցված խոշորագույն քաղաքներից մեկում տեղակայվել էին 2019 թվականին։ Այժմ, ըստ մի շարք աղբյուրների, Ղամիշլիում գտնվող ռազմական տեխնիկան և ծանր սպառազինությունը տեղափոխվում են Սիրիայի տարածքում գործող մյուս ռուսական ռազմակայաններ՝ Տարտուս և Խմեյմիմ (նաև՝ Հմեյմիմ)։
«Ինչ վերաբերում է Ղամիշլիում տեղակայված ռուսաստանցի զինվորականներին, ապա նրանց մի մասը ծառայությունը կշարունակի Խմեյմիմում, մյուս մասը՝ կվերադառնա Ռուսաստան», - պնդում են Reuters-ի աղբյուրները։
Ռուսական ստորաբաժանման դուրսբերումը տեղի է ունենում մի պահի, երբ սիրիացի քրդերի կողմից ստեղծված ինքնավարության՝ այսպես կոչված Ռոժավայի ճակատագիրը խիստ անորոշ է։
Հունվարի կեսին Սիրիայի կառավարական բանակի կողմից իրականացված հարձակման ընթացքում Դամասկոսի վերահսկողության տակ անցան վերջին տասը տարիներին քրդերի իշխանության տակ գտնվող, սակայն առավելապես արաբներով բնակեցված Դեր Զորի և Ռաքքայի նահանգները։ Կառավարական բանակի սրընթաց առաջխաղացմանը նպաստեց նաև այն հանգամանքը, որ նախկինում քրդերին դաշնակցած արաբական ջոկատները անցան կառավարական ուժերի կողմը։
«Մենք բոլորս սպասում էինք այս հրաշալի պահին, երբ մեր քաղաք մուտք կգործեն Սիրիայի արաբական բանակի զոինվորները և մենք վերջապես կազատվենք այն բոլոր հանցագործներից, որոնցից շարունակ բողոքում էինք և որոնք մեզ հոգնեցրել էին», - Reuters-ի թղթակցին ասում էր կառավարական բանակի հսկողության տակ անցած քաղաքներից մեկի բնակիչը։
Ինչպե՞ս ստացվեց, որ գրեթե 15 տարի Սիրիայի տարածքի զգալի հատվածը վերահսկող քրդերն ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում հայտնվեցին լիակատար պարտության շեմին ։Reuters-ի տեղեկություններով` դա հնարավոր դարձավ նախևառաջ սիրիացի քրդերի գլխավոր դաշնակիցների՝ ամերիկացիների դիրքորոշման փոփոխության հետևանքով։ Գործակալությունը, սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով, պարզել է, որ Ալ-Շարաայի կառավարությունը քրդերի դեմ հարձակման Վաշինգտոնի փաստացի հավանությունը ստացել է հունվարի 5-ին Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ։
«Այդ օրը Փարիզում, ամերիկյան միջնորդությամբ, բանակցություններ էին կազմակերպվել Սիրիայի և Իսրայելի ներկայացուցիչների միջև։ Այդ հանդիպմանը մասնակցող սիրիացի պաշտոնյաներն առաջարկեցին սահմանափակ գործողություն իրականացնել քրդերի կողմից վերահսկվող տարածքի մի մասը հետ բերելու նպատակով՝ չհանդիպելով որևէ առարկության։ Դրան էլ գումարած՝ սիրիական կառավարությունը առանձին մի ուղերձ ստացավ Թուրքիայի իշխանություններից։ Դրանում նշվում էր, որ Վաշինգտոնը հավանություն կտա Սիրիական դեմոկրատական ուժերի դեմ գործողությանը, եթե դրա ընթացքում քրդական խաղաղ բնակչությունը չտուժի», - բանակցությունների մասնակիցներին վկայակոչելով գրում է Reuters-ը։
Այսօրվա դրությամբ Սիրիայի հյուսիսում գործում է Ալ-Շարաայի կառավարության կողմից հայտարարված 15-օրյա հրադադարը, որի վերջնաժամկետը լրանում է փետրվարի 9-ին։ Մինչև այս ժամկետը քրդերը պետք է հստակ պատասխան տան՝ արդյո՞ք իրենք պատրաստ են ինտեգրվել Սիրիայի ունիտար պետության կազմում՝ լուծարելով կառավարման ինքնավար մարմիններն ու սեփական զինված ուժերը։ Եթե պատասխանը բացասական լինի, Սիրիական բանակը կանցնի նոր լայնածավալ հարձակման։ Արևմտյան աղբյուրների տեղեկություններով՝ ապագա գործողության պլանն արդեն գծված է։
Կառավարական բանակի հրամանատարներից մեկը լրագրողների հետ մասնավոր զրույցում նշել է, որ Դամասկոսին ենթակա ստորաբաժանումները նախ վերահսկողություն կհաստատեն Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին գտնվող անցակետերի նկատմամամբ՝ կտրելով սիրիացի քրդերի կապն արտաքին աշխարհի հետ։ Դրանից հետո բանակը կշրջապատի քրդաբնակ բոլոր խոշոր քաղաքները՝ կտրելով կապը դրանց միջև։
«Քաղաքացիական բնակչությանը մենք կոչ կանենք լքել այդ տարածքները, իսկ կապիտուլյացիայի բանակցությունները կվարենք արդեն ոչ թե սիրիացի քրդերի կենտրոնական ղեկավարության, այլ յուրաքանչյուր քաղաքի իշխանությունների հետ՝ առանձին-առանձին», - նշել է զինվորականը։