ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Հայաստանում է

Երևանում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից միայն այսօր օրվա երկրորդ կեսին հաստատեցին տեղեկությունը՝ հավելելով, որ Օվերչուկը մասնակցում է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 24-րդ նիստին, որն այժմ ընթանում է:

Նախորդ շաբաթ Օվերչուկը հայտարարել էր, որ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև․ երկու դաշինքներում միաժամանակ մնալը անհնար է:

«Մենք բազմիցս ենք ասել այս մասին, կարծում ենք, որ անդամակցությունը երկու ինտեգրացիոն միավորումներին անհամատեղելի է: Ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի համապատասխան ընտրություն կատարել»,- ասել էր Օվերչուկը։

Նա նշել էր նաև, որ ընդհանուր առմամբ Հայաստանն ու Ռուսաստանը լավ կապեր են պահպանում, սակայն առևտրաշրջանառությունը այս տարի զգալիորեն նվազել է:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինն էլ երեկ ասել էր, որ ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և Մոսկվայի հնարավոր մասնակցության վերաբերյալ:

ՀՀ իշխանությունից պնդել էին, որ «Թրամփի ուղու» նախագծում ռուսների հետ նրանց մասնակցության վերաբերյալ քննարկումներ չեն եղել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր հայտարարություններ Իրանից ու ՌԴ-ից «Թրամփի ուղու» մասին. իշխանությունն արձագանքում է
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ