Տվյալների կենտրոնների զարգացումը և շինարարությունը, այդ թվում՝ Արկտիկայում, ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո Ռուսաստանում ամերիկյան ներդրումների գլխավոր ուղղություններից մեկն է լինելու: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Ամերիկյան առևտրի պալատի (AmCham) նախագահ Ռոբերտ Էյջին:
«Կարծում եմ՝ երբ այդ հակամարտությունն ավարտվի, դա ամերիկյան ներդրումների ամենաառաջին ուղղություններից մեկն է լինելու», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Էյջին:
Նրա խոսքով, մասնավորապես, կլիման Ռուսաստանը դարձնում է «տվյալների կենտրոնների զարգացման իդեալական վայր»: «Գումարած՝ ունենք կադրերի հսկայական քանակ, որոնք հասկանում են այդ տեխնոլոգիան», - նշել է AmCham-ի նախագահը՝ դրական պատասխանելով հարցին, թե արդյոք խոսքը Ռուսաստանի հարավում՝ մասնավորապես Արկտիկայում տվյալների կենտրոնների կառուցման մասին է:
Նման ծրագրերի վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշումը հայտնի չէ:
Երկու շաբաթ առաջ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը զգուշացրել է «Ռուսաստանի, Իրանի և այլ պետությունների դեմ արևմտյան հատուկ ծառայությունների» օգտին Հայաստանում տվյալների նոր կենտրոնի օգտագործման ենթադրյալ հնարավորության մասին:
«Նման կենտրոնները կարող են օգտագործվել ի շահ արևմտյան հատուկ ծառայությունների վերլուծական և հետախուզական աշխատանք կատարելու համար, մասնավորապես՝ Իրանի, Ռուսաստանի և Անդրկովկասի ու Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ», - պնդել է Ալեքսեյ Շևցովը՝ հավելելով, թե «ԱՄՆ հատուկ ծառայություններին կարող են հասանելի դառնալ դրա սերվերների վրա մշակվող բոլոր տվյալները»: