Մատչելիության հղումներ

Շոյգուի տեղակալը Հայաստանի ԱԲ գործարանում «արևմտյան հատուկ ծառայությունների շահերն» է փնտրում

Արհեստական բանականության գործարանը Հայաստանում, 8-ը օգոստոսի, 2026թ.
Արհեստական բանականության գործարանը Հայաստանում, 8-ը օգոստոսի, 2026թ.

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը զգուշացրել է «Ռուսաստանի, Իրանի և այլ պետությունների դեմ արևմտյան հատուկ ծառայությունների» օգտին Հայաստանում տվյալների նոր կենտրոնի օգտագործման ենթադրյալ հնարավորության մասին:

«Նման կենտրոնները կարող են օգտագործվել ի շահ արևմտյան հատուկ ծառայությունների վերլուծական և հետախուզական աշխատանք կատարելու համար, մասնավորապես՝ Իրանի, Ռուսաստանի և Անդրկովկասի ու Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ», - ТАСС-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Ալեքսեյ Շևցովը: Այդպես է նա մեկնաբանել օգոստոսի սկզբին Հրազդանում Firebird ընկերության Արհեստական բանականության գործարանի բացումը, որն աշխատում է NVIDIA-ի պրոցեսորներով:

«Հաշվի առնելով, որ Firebird ընկերությունը ենթարկվում է ամերիկյան օրենսդրությանը, ԱՄՆ հատուկ ծառայություններին կարող են հասանելի դառնալ դրա սերվերների վրա մշակվող բոլոր տվյալները», - պնդել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի տեղակալը՝ եզրակացնելով. - «Դա նշանակում է, որ հայաստանյան պետական հաստատությունների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին առանց հայաստանյան իշխանությունների համաձայնության»:

ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը նաև պնդել է, թե այդ կենտրոնի հզորության մեծացումը սպառնում է էլեկտրաէներգիայի դեֆիցիտով:

Ռուսաստանցի պաշտոնյայի պնդումների վերաբերյալ մեկնաբանություններ Երևանից առայժմ չեն հնչել:

Firebird-ի Արհեստական բանականության գործարանը Հրազդանի մերձակայքում բացվել է օգոստոսի 8-ին: Մոտ 500 մլն դոլարի ներդրումներով և հազարից ավելի GPU-ներով կամ գրաֆիկական պրոցեսորներով Արհեստական բանականության տվյալների կենտրոնն արդեն գործարկվել է: Ըստ Bloomberg-ի՝ գործարանի հզորությունների 20 տոկոսը նախատեսված է հայաստանյան, 80 տոկոսը՝ միջազգային ընկերությունների համար:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության այժմ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը վստահեցրել էր, որ Հայաստանում արտադրվող էլեկտրականությունը բավարար կլինի գործարանի համար:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG