Ռուս կինը հիստերիայի մեջ հեկեկում էր, երբ տղամարդկանց մի խումբ խաղաղ նստած էր սպիտակ միկրոավտոբուսի խավարում։ Մեկ այլ կին բղավում էր մեքենայի դուռը բարձր շրխկոցով փակող կամուֆլյաժե հանդերձանքով զինվորականի վրա։ Եվս մեկը լաց էր լինում և, ձեռքը պարզելով տղամարդկանցից մեկին, խաչակնքման ժեստ էր անում՝ ասելով․ «Լյոշա՛, ես քեզ սիրում եմ»։
«Տղանե՛ր, ասացե՛ք՝ բոլորդ ստորագրե՞լ եք պայմանագիրը։ Ձեր կամքո՞վ եք ստորագրել, - հարցնում է Մոսկվայից հարավ-արևելք գտնվող կես միլիոն բնակչությամբ մարզկենտրոն Պենզայում հունիսի 17-ի միջադեպը տեսանկարահանած կինը՝ փորձելով ճշտել․ - Ձեզ ստիպե՞լ են դա անել»։
Միկրոավտոբուսը փորձում էր հեռանալ, երբ մի կին փորձեց փակել դրա ճանապարհը։
Ականատեսներն ու հարազատները «Ազատությանը» պատմել են, որ այդ տղամարդիկ տեսանկարահանված միջադեպից մեկ օր առաջ փողոցում բերման են ենթարկվել և հարկադրաբար տարվել զինկոմիսարիատներ, որտեղ նրանց ստիպել են պայմանագրեր ստորագրել՝ Ուկրաինայի դեմ կռվելու համար։
«Անշուշտ, այս ամենը ապօրինի հարկադրանքի տեսք ունի։ Հայրս պատերազմ գնալու որևէ մտադրություն չուներ։ Մենք դա նրա հետ քննարկել ենք, - պատմում է մի կին։ - Սպառնալիքներից, բռնությունից կամ ճնշումներից բացի՝ որևէ այլ բացատրություն չեմ տեսնում»։
Քրեական հետապնդումից խուսափելու նպատակով «Ազատության» հետ զրուցած բոլոր ականատեսները, այդ թվում՝ վերոնշյալ կինը, խնդրել են կա՛մ չհրապարակել իրենց անունները, կա՛մ փոխել դրանք։
Հինգերորդ տարին բոլորող Ռուսաստանի լայնածավալ պատերազմում ռուսական զինուժին ուկրաինական ուժերի ցուցաբերած դիմադրությունը փաստացի փակուղային իրավիճակ է ստեղծել․ Մոսկվան ռազմադաշտում մեծ դժվարությամբ է որևէ էական հաջողության հասնում։
Մարդկային կորուստների վիճակագրությունը սահմռկեցուցիչ է․ ըստ բրիտանական հետախուզության և այլ արևմտյան հաշվարկների՝ ռուսական կողմը շուրջ կես միլիոն զոհ ունի, իսկ վիրավորների թիվը դրա առնվազն կրկնապատիկն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լրագրողներն Ուկրաինայի դեմ մարտերում զոհված 223,000-ից ավելի ռուս զինծառայողի անուն են հաստատելԹեև երկու կողմերն էլ դժվարանում են լրացնել մարդկային կորուստները, Ռուսաստանի մոտ այն համեմատաբար ավելի հեշտ է ստացվում, քանի որ բարձր վարձատրությունից բացի գործի են անցել նաև հարկադրանքն ու սպառնալիքները։
Ընթացիկ տարին, սակայն, բեկումնային է եղել, փաստում են փորձագետները։
Շրջանառվող ասեկոսեների համաձայն՝ հնարավոր է՝ Կրեմլը երկրորդ անգամ ընդհանուր զորահավաքի է նախապատրաստվում՝ հենց գալիք աշնան համար։ 2022-ի սեպտեմբերին հայտարարված առաջին ընդհանուր զորահավաքը տեկտոնիկ ցնցման էֆեկտ ունեցավ ռուս հասարակության համար։
Մինչ այդ, պատերազմի մասնակիցներին հավաքագրող պաշտոնյաները, ըստ երևույթին, ավելի ու ավելի են դիմում ուժային մեթոդներին՝ Ուկրաինա մեկնելու հարցում տղամարդկանց կամավոր կամ լռելյայն համաձայնությունը կորզելու նպատակով։ Պենզայի բնակիչների խոսքով՝ ոստիկանները տղամարդկանց այլևս բերման չեն ենթարկում քաղաքի փողոցներում, հիմա արդեն դռնեդուռ են ընկել։
Պենզայից արևմուտք Կամենկայի բնակիչ Լյուդմիլան պատմում է, որ մի քանի օր Պենզայի զինկոմիսարիատի առջև է անցկացրել՝ փորձելով գտնել որդուն, սակայն ապարդյուն։ Ըստ նրա՝ որդուն փողոցում են առևանգել։
«Խայտառակություն է։ Մարդիկ, փաստորեն, առևանգվում են։ Ինչ-որ բան է պետք անել, բայց չգիտեմ, թե ինչ», - ասում է նա։
Ռուսական «ВКонтакте» սոցիալական հարթակում տեսանյութի հրապարակումից երկու օր անց իշխանությունները հարկադրաբար պայմանագրեր կնքելու մասին տեղեկությունները «կեղծ» որակեցին։ Ավելի ուշ «ВКонтакте»-ն հեռացրեց խնդրո առարկա տեսանյութը։
Ուկրաինայում այն «բուսիֆիկացիա» են կոչում
Ուկրաինայում փողոցներից զինվորական ծառայության համար ենթադրաբար պիտանի տղամարդկանց բռնելու և զինկոմիսարիատներ ներկայացնելու պրակտիկան խիստ խնդրահարույց է։ Ուկրաինացիներն այն «բուսիֆիկացիա» են անվանում, որովհետև զինապարտներին և զինվորական ծառայությունից խուսափածներին որոնող իրավապահները հենց ավտոբուսատիպ մեքենաներով են շրջում փողոցներում։
Հիմնականում պահեստազորայիններին վերաբերող 2022-ի սեպտեմբերի զորահավաքի մասին նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրից բացի՝ իշխանություններին մեծամասամբ հաջողվել է խուսափել պատերազմի համար պարտադիր ծառայություն, օրինակ՝ համապետական զորակոչ, սահմանելուց։
Գործի են դրվել ինչպես դաշնային, այնպես էլ տեղական բյուջետային միջոցներ և խրախուսանքի այլ ձևեր՝ Ուկրաինայում կռվելու պայմանագիրը կնքելու համար հարյուր հազարավոր տղամարդկանց քաջալերելու նպատակով։ Ֆինանսական վիճակի բարելավման «հնարավորությունից» մեծապես նախընտրում են օգտվել երկրի ավելի գյուղական, աղքատ շրջանները։
Իշխանությունները նաև ճկունացրել են պարտադիր զինծառայողներին մարտի դաշտ ուղարկելու սահմանափակումները, ինչն, ըստ էության, արգելված է օրենքով։ Պարտադիր զինծառայողներին հարկադրել և համոզել են ժամկետային ծառայության առաջին իսկ ամիսներին պայմանագրեր ստորագրել։
Օրինակ՝ խաղաղօվկիանոսյան Սախալին կղզում ծառայության մեկնած պարտադիր զինծառայողը մանրամասնել է, թե ինչպես է սպաներից մեկը պատժիչ վազքային վարժությունների սպառնալիքով ստիպել զինծառայողներին ստորագրել պայմանագրերը։ Անգամ ստորագրություններ է կեղծել։
Իշխանությունները նաև բանտարկյալների վրա են հենվում՝ առաջնագիծ մեկնելու համաձայնության դիմաց ներկայացնելով ներման գայթակղիչ առաջարկը։ Թիրախում անգամ աշխատանքային միգրանտներն են հայտնվել․ ռազմի դաշտ մեկնելու դիմաց նրանց խոստանում են պարզեցված կարգով ռուսական քաղաքացիություն շնորհել։
Փորձագիտական գնահատմամբ՝ այս տարի ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածները գրեթե չեն զիջում Ռուսաստանի զորակոչի տեմպերին, ուստի զինվորական պաշտոնյաները ստիպված են եղել ավելացնել նոր կամավորների վարձատրությունն ու հավելավճարները։
Նոր իրավիճակը հանգեցրել է նաև ֆիզիկական մեթոդների կիրառմանը․ վկա՝ Պենզայի օրինակները։ Պենզայի մեկ այլ բնակիչ՝ Մարգարիտան, պատմում է, որ իր որդուն բերման են ենթարկել և առանց փաստաթղթերի զինկոմիսարիատ տարել։ Կնոջ խոսքով՝ որդու համար մեկ ժամվա ընթացքում փաստաթղթեր են ձևակերպել, որպեսզի Ուկրաինա մեկնի՝ կռվելու։
«Նա հաջողացրել էր զանգել ինձ և ցածրաձայն ասել. «Նրանք ինձ Ուկրաինա են տանում»։ Նրա ձայնից զգացվում էր, որ նա արդեն հանձվել է», - մեզ հետ զրույցում նշեց Մարգարիտան, շարունակեց․ «Բղավեցի՝ «ինչո՞ւ ես ստորագրել»։ Նա պատասխանեց․ «Պետք է ստորագրեի»։ Վստահ եմ՝ նրան ծեծել են։ Նա չէր ծրագրում պատերազմ գնալ»։
«Մարդկանց հենց փողոցից բռնում, տանում են»
Իրավապաշտպանները պնդում են՝ կամայականորեն տղամարդկանց բերման ենթարկելու և հարկադրաբար պատերազմելու պայմանագրերի տակ ստորագրություններ ստանալու պրակտիկան միայն Պենզայում չէ, որ արձանագրվում է։
Զինծառայողներին իրավական աջակցություն տրամադրող փաստաբան Վալերիի խոսքով՝ իրավապահները նույնականացում իրականացնելու պատրվակով բերման են ենթարկում տղամարդկանց, նպատակը՝ պարզել՝ նրանք դասալի՞ք են, թե՞ ոչ։ Փորձում են հայտնաբերել նաև վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն ստացած ներգաղթյալներին, որոնք դեռ չեն հաշվառվել տեղի զինկոմիսարիատում։
«Մարդկանց հենց փողոցից բռնում, տանում են, - ասում է Վալերին։ - Առաջ հիմնականում հարբած պատահական անցորդներին էին թիրախավորում։ Հիմա բռնում են ցանկացած տարիքի և ցանկացած վիճակում գտնվող տղամարդու»։
Նրա գնահատմամբ՝ սա «արդեն համատարած է երկրում»։
Հունիսի 9-ին խաղաղօվկիանոսյան նավահանգստային Վլադիվոստոկ քաղաքում բերման ենթարկվեց ընկերոջ ծննդյան խնջույքից տուն վերադարձող 26-ամյա Յարոսլավ Կուբովը։ Կուբովի ազգական Իգորի փոխանցմամբ՝ քաղաքացիական հագուստով երկու տղամարդ նրան գարեջուր խմելու են հրավիրել։ Մերժում ստանալուց հետո նրան բռնել են և մեքենայով տարել քաղաքից դուրս։
Իգորի տեղեկություններով՝ Կուբովին ծեծել են, բղավել նրա վրա։ Նոր անձնագիր և զինվորական գրքույկ են պատրաստել և ուղարկել նրան Դոնի Ռոստով։ Ռուսաստանի հարավում, Ուկրաինային մոտ գտնվող այս քաղաքը տարանցիկ կետ է պատերազմ մեկնողների համար։ Այստեղ բերվելուց հինգ օր անց միայն նա կարողացել է կապ հաստատել հարազատների հետ։
26-ամյա տղան ռազմի դաշտ մեկնելու շարժառիթ չուներ, գումարի խնդիր չկար, «Ազատությանն» ասաց Իգորը՝ տեղեկացնելով, որ նա և Կուբովի այլ հարազատներ ռազմական ոստիկանություն և դատախազություն բողոքարկող դիմումներ են ներկայացրել։
Իգորի դիտարկմամբ՝ «Եթե չփախչի, օրենքի շրջանակում նրան ազատելու տարբերակ չի լինի»։
Արտյոմ Նիկոլաևն էլ, որը նույնպես Պենզայի բնակիչ է, պատմում է, թե ինչպես են բերման ենթարկել և պարտադրել պայմանագիր ստորագրել իր 53-ամյա ազգականին, որը ուշ երեկոյան աշխատավայրից տուն վերադառնալու ճանապարհին էր։ Երեք շաբաթ շարունակ փնտրել են նրան։ Նա կապի է դուրս եկել երեք շաբաթ անց միայն, կրկին՝ Դոնի Ռոստովից։
«Նա շոկի մեջ է, իհարկե, և մենք բոլորս այստեղ շոկի մեջ ենք։ Պենզայի տղամարդկանց համար փողոց դուրս գալն այժմ ուղղակի վտանգավոր է, - կարծում է Արտյոմը։ - Կապ չունի՝ տարեց ես, սթափ ես, փաստաթղթերը մոտդ են․ կարող են բռնել յուրաքանչյուրին»։
«Ինչպես անասունին սպանդանոց են հասցնում՝ մորթելու»
Պենզայից հյուսիս-արևմուտք գտնվող Սպասկի բնակիչ Արինան նկարագրում է, թե ինչպես են իր հարևան Սերգեյին որոնող իրավապահները հունիսի 19-ին կոտրել նրա դուռը։
«Բղավում էին նրա վրա՝ «Ցույց տո՛ւր փաստաթղթերդ, հենց հիմա»։ Նա հրաժարվեց, և նրանք տապալեցին դուռը՝ ի վերջո նրան նստեցնելով բակում սպասող միկրոավտոբուսը», - պատմում է Արինան, որը չգիտի՝ հիմա որտե՞ղ է իր հարևանը։
«Այս ամենը միայն Պենզայում չի կատարվում։ Ճանապարհային ոստիկանության և հարկադիր կատարողների մեքենաները շրջում են ամենուր, - մանրամասնում է մեր զրուցակիցը։ - Հիմա միայն փողոցները չեն, որ վտանգավոր են։ Շուտով ստիպված ենք լինելու տանը թաքնվել»։
Արինան «Ազատությանը» պատմեց նաև, որ Կամենկա գյուղում բնակվող իր ազգականը վարկի իբր բացթողնված վճարումների վերաբերյալ վիճաբանել է ոստիկանների և հարկադիր կատարողների հետ։ Երբ իրավապահները փորձել են նրան բռնի ուժով տանել, հորից երեխաներն են կառչել, իսկ կինը փորձել է թույլ չտալ, որ տանեն ամուսնուն։
«Ոլորեցին ձեռքերը, մի կողմ հրեցին երեխաներին և քարշ տալով դուրս հանեցին տնից»։
Երբ արդեն ավտոմեքենայի մեջ էր, տղամարդը ցույց է տվել վարկային փաստաթղթերը։ «Բայց դա ակնհայտորեն նրանց չէր հետաքրքրում։ Նպատակը նրան զինկոմիսարիատ հասցնելն էր, ինչպես անասունին սպանդանոց են հասցնում՝ մորթելու»։
Նույնանման դեպքեր արդեն մի քանի տարի է՝ տեղի են ունենում, նշում է «Համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվածներ» հասարակական կազմակերպության իրավաբան Արտյոմ Կլիգան, սակայն Պենզայում դրանք առանձնահատուկ ուշադրության են արժանացել՝ հաշվի առնելով բերման ենթարկելու ռեյդերի խոշոր ծավալը, նաև հարազատների բողոքի ալիքը։
«Շատ հաճախ պետք չէ ծեծել կամ խոշտանգել։ Քո կամ քո ընտանիքին սպասվող հնարավոր հետևանքներով ահաբեկելը բավարար է, - «Ազատության» հետ զրույցում փաստում է Կլիգան՝ եզրափակելով․ - Մարդիկ հոգեբանական ծանր ճնշման ներքո են գտնվում և որոշումներ են կայացնում վախից ելնելով»։