ՌԴ-ն ՀՀ-ից հաշվետվություն է պահանջում, Փաշինյանը նրանց Հայաստան է հրավիրում․ «Այս ամենը կավարտվի ՀՀ շուկայի դիվերսիֆիկացմամբ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Ավելի քան երեք ամիս ռուսական շուկան հայկական արտադրանքի մեծ մասի համար փակ պահելուց հետո Մոսկվան Երևանից հաշվետվություն է պահանջում սանիտարական ստուգումների արդյունքների և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ ծրագրերի վերաբերյալ։

Հայկական արտադրանքի որակից դժգոհ «Ռոսսելխոզնադզոր»-ը պահանջում է, որ Հայաստանը փաստաթղթերով ներկայացնի՝ ինչ ստուգումներ է արել, ինչ խախտումներ է հայտնաբերել ու ինչպես է դրանք հետագայում կանխելու:

«Ռոսսելխոզնադզոր»-ից այս մասին երեկ էին ասել ռուսական "Известия"-ին: Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որ այս ամիսներին ուղիղ տեքստով երբեք չի ընդունել Ռուսաստանի այս դիտարկումները, երեկ ամբողջ օրը լուռ էր: Բովանդակային ոչինչ չասացին նաև Էկոնոմիկայի նախարարությունից: Արդեն այսօր վարչապետ Փաշինյանին լրագրողը հարցրեց՝ Հայաստանը ներկայացնելո՞ւ է այդ հաշվետվությունը:

«Եթե Ռուսաստանի համապատասխան մարմինները մտահոգություններ ունեն, մենք թափանցիկ ենք, ասում ենք՝ «եկեք ստուգեք, եկեք իրար հետ ստուգենք», - ասաց վարչապետը:

Թեև Ռուսաստանը Հայաստանից հստակ հաշվետվություն է պահանջում, Նիկոլ Փաշինյանը ռուսական կողմին է Հայաստան հրավիրում՝ կասկածները փարատելու համար:

Ռուսաստանը հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումները սկսեց կիրառել գարնանը՝ Երևանում անցկացված երկու եվրոպական գագաթնաժողովներից հետո, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Առաջինը «Ջերմուկ» հանքային ջուրն էր, հետո արգելքը տարածվեց գյուղմթերքի, ծաղիկների, ձկնեղենի, ինչպես նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների որոշ տեսակների վրա։

Մինչ հայ ֆերմերներն ու տնտեսվարողներն այս ամենը Հայաստանին ուղղված քաղաքական պատիժ էին համարում, Փաշինյանը պնդում էր, որ խոսքը ոչ թե պատժամիջոցների, այլ զուտ սահմանափակումների մասին է:

Ի վերջո, արդյո՞ք Ռուսաստանը պատրաստվում է հայկական արտադրանքի առաջ բացել իր շուկան: Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին՝ իր պատկերացմամբ՝ ինչպե՞ս է լուծվելու այս հարցը:

«Այսինքն, եթե հիմա նույնիսկ, հենց հիմա, մի ժամից Ռուսաստանի շուկան 100 տոկոս բացվի, միևնույն է՝ մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա, որպեսզի էս իրավիճակներից մենք մեկընդմիշտ մեզ ապահովագրենք», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի անդրադարձից հետո, երեկվա լռությունն այսօր խախտեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանին «Ազատություն»-ը հարցրեց՝ հայկական գյուղմթերքի ստուգումների արդյունքների, հայտնաբերված խնդիրների և մյուս պահանջների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրե՞լ են «Ռոսսելխոզնադզոր»-ին, իսկ եթե ոչ, ապա պատրաստվո՞ւմ են դա անել:

«Ընթանում է ընդհանուր առմամբ կառուցողական երկխոսություն, հստակեցվում են համատեղ ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունը, գործողությունների ալգորիթմը, համաձայնեցումը, ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշների պահպանմանն ուղղված ժամանակացույցը, գործողությունները և այլն», - ասաց Հարությունյանը:

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը դեռ սպասում է ՍԱՏՄ-ի հաշվետվությանը։ ՍԱՏՄ-ից էլ ասում են, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի գործընկերների հետ մշտական կապի մեջ են, բայց այլ մանրամասներ չեն հայտնում՝ դեռ վաղ է խոսել։

«Վերջնական հստակեցված արդյունքների և իրականացված միջոցառումների մասին անպայման կհրապարակենք, երբ որ դրանք պատրաստ կլինեն», - խոստացավ ՍԱՏՄ խոսնակը:

Այս ընթացքում ՀՀ կառավարությունը աջակցության տարբեր ծրագրեր է ընդունել ռուսական սահմանափակումներից տուժած հայ ֆերմերներին օգնելու և արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու համար։ Աջակցություն է տրամադրել նաև Եվրամիությունը՝ ավելի քան 50 մլն եվրոյի փաթեթով, այդ թվում՝ հայկական գյուղմթերքի արտահանումը եվրոպական շուկա հեշտացնելու նպատակով։ Չնայած այս աջակցությանը՝ ֆերմերներն ու բեռնափոխադրողները ժամանակ առ ժամանակ ակցիաներ են անում, ճանապարհներ փակում՝ նշելով, որ եվրոպական շուկա մտնելը ամենևին էլ հեշտ գործ չէ, դրա համար տարիներ են պահանջվում ու այլ ստանդարտներ:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը հաշվետվություն է պահանջել. Հայաստանը ներկայացրե՞լ է ԵԱՏՄ պահանջների կատարման ծրագիրըՌուսական սահմանափակումների ֆոնին ի՞նչ ցուցանիշներ կան գյուղատնտեսությունումԿառավարությունը հերթական փոխհատուցումը կհատկացնի արտանահողներին՝ ավելի քան 5 միլիարդ դրամ Մոսկվան ներկայացրել է հայկական գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմաններըՌուսական սահմանափակումներից մինչև վիզաներ․ բեռնափոխադրողները կառավարության լուծումներին են սպասումՄատվիենկոն հայտնել է. «ՌԴ քաղաքացիների ձերբակալման պատճառով, Մոսկվան իր զբոսաշրջիկներին կարող է խորհուրդ տալ չայցելել Հայաստան»Օվերչուկ․ «Ռուսաստանի և Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազել է երկու երրորդով»Ռուսական հերթական սանկցիաները. «Ռոսսելխոզնադզոր»-ից պաշտոնական հիմնավորում դեռ չկա Ռուսաստանն արգելել է հայկական ըմպելիքների հերթական խմբաքանակի իրացումը«Ոչ թե ճգնաժամ է, այլ հնարավորություն». Փաշինյանն անդրադարձավ ռուսական շուկայի սահմանափակումներին