ՌԴ-ն այլ ռեսուրսներ էլ ունի, նույն «Մատրոշկա» և «Ստորմ» ցանցերը. Կոստանյանը՝ Մոսկվայի առաջարկած օգնության մասին

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը չի տեսնում որևէ հնարավորություն, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ, իսկ մնացյալ քայլերը ըստ անհրաժեշտության և ճիշտ ժամանակին պետք է տեղի ունենան։ Այս և այլ թեմաների մասին նա խոսել է «Ազատությանը» տված հարցազրույցում:

Ստորև ներկայացնում ենք հատված, իսկ ամբողջական տարբերակը՝ տեսանյութում:

«Ազատություն». - Պարո՛ն Կոստանյան, երբ Հայաստան ներխուժումներից հետո ՀԱՊԿ-ի շուրջ այս պատմությունը ծագեց, սառեցումը, պարզ է, ընկալվում էր որպես բողոքի գործողություն, դեմարշ, չգիտեմ՝ ինչ կանվանեք, բայց դրան պիտի ինչ-որ որոշում հաջորդի, չէ՞, կա՛մ Հայաստանը վերադառնում է այդ ընտանիք, կա՛մ հակառակը՝ դուրս է գալիս։

Վահան Կոստանյան. - Ես չեմ տեսնում որևէ հնարավորություն, որ Հայաստանը կվերադառնա, իսկ մնացյալ քայլերը ըստ անհրաժեշտության և ճիշտ ժամանակին պետք է տեղի ունենան։

«Ազատություն». -Շատ ժամանակ է արդեն անցել, երեք տարուց ավելի է։

Վահան Կոստանյան. - Տեսեք, մենք, ըստ էության, որևէ թե՛ գործուն, թե՛ սիմվոլիկ մասնակցություն չունենք ՀԱՊԿ-ում, և այդ սառեցված հարաբերություններ կամ մասնակցություն բառn արդեն ինքն էլ ամբողջությամբ չի արտահայտում այն իրադրությունը, որը կա։ Հայաստանը ՀԱՊԿ-ի ո՛չ որոշումների կայացման մաս է կազմում, ո՛չ գործողությունների մաս է կազմում, մենք պրակտիկորեն դուրս ենք ՀԱՊԿ-ից այս պահին:

«Ազատություն». - Ի դեպ, Ռուսաստանում չկա ընկալում, թե ինչու, որովհետև Պուտինը նախօրեին Ղարաբաղի մասին էր ասում, թե ինչու պիտի «մենք այն ժամանակ օգնեինք, եթե դուք Պրահայում ճանաչել էիք Ղարաբաղը Ադրբեջանի մաս»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան. Փաշինյանը՝ Պուտինին

Վահան Կոստանյան. - Անկեղծորեն չեմ մտածում, որ ռուսաստանցի մեր գործընկերները չեն հիշում քայլերի հերթականությունը, որոնք տեղի են ունեցել կամ չեն հասկանում այն իրերի դրությունը, որը այսօր ձևավորվել է Հայաստանում, Հայաստանի շուրջ, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Այլ բան է, որ իրենց միգուցե ազգային շահերից ելնելով իրականությունը այլ կերպ են փորձում մատուցել թե՛ իրենց ներքին հանրությանը, և թե՛ հայաստանյան հանրությանը՝ փորձելով որոշակիորեն աջակցել այն քաղաքական ուժերին, որոնք, ըստ էության, ռուսական օրակարգն են փորձում Հայաստանում առաջ տանել, բայց կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիշողությունը, նաև Ղարաբաղի հայերի հիշողությունը այդքան կարճ չէ, մարդիկ ամեն ինչ շատ լավ հիշում են, և իրենց գնահատականները թե՛ այս տարիների ընթացքում են տվել ինչ-որ գործողությունների մասնակցությամբ կամ ցույցերի չմասնակցությամբ, իսկ քվեարկության միջոցով արդեն իրենց գնահատականը հունիսի 7-ին կտան։

«Ազատություն». -Կալանավորված դերակատարների մասին Պուտինի հիշատակումը կանվանեի՞ք միջամտություն Հայաստանի ներքին գործերին։

Վահան Կոստանյան. - Անկախ այն հայտարարություններից կամ խնդրանքներից, որոնք հնչել են, այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է կառուցել անկախ դատական համակարգ, և որևէ կերպ գործադիր մարմնի ղեկավարը չէ, որ նման խնդրանքների հասցեատեր է, և ոչ մեկը նման խնդրանքների հասցեատեր չէ, իսկ այն, որ նաև անցյալ տարվա ընթացքում, այս տարիների ընթացքում եղել են որոշակի փորձեր ռուսաստանյան տարբեր օղակներից՝ միջամտել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին, Գյումրու ընտրությունները դրա վառ օրինակն էին, և այն հայտարարությունները, որոնք հնչում էին Ռուսաստանի իշխող կուսակցության կողմից, դա ակնհայտ էր։

«Ազատություն». -Այստեղ էլ փաստարկը կա, որ մի կողմը ասում եք, մյուսի վրա աչք եք փակում, մի քանի օրինակներ են մասնավորապես բերում՝ Վենսի երևանյան հայտարարությունները, Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, Եվրամիության հիբրիդային խմբի այցը Երևան և այլն, որ դրանք էլ են միջամտություն, ուրեմն դրանց էլ գնահատական տվեք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վենսն իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին ընտրություններում. իշխանության և ընդդիմության արձագանքը

Վահան Կոստանյան- - Նախ՝ առաջին և երկրորդ պարագայում այդ վերլուծությունը կառուցվել է ոչ ճիշտ թարգմանության կամ խոսքի աղավաղման վրա, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցությանը հիբրիդային սպառնալիքների հասցեագրման ուղղությամբ, Հայաստանը և Եվրամիությունն առաջին տարին չէ և առաջին ընտրությունները չէ, որ համագործակցում են՝ ապահովելու համար ընտրությունների թափանցիկությունը, և դա եղել է թե՛ մինչև 18 թվականը, թե՛ 18 թվականից հետո, և այս գործընթացները եղել են ոչ միայն Եվրամիության հետ, այլ նաև այլ դոնոր պետությունների՝ Ճապոնիայի, Միացյալ Նահանգների, Կանադայի: Երկրների թիվը կարելի է բավականին ընդլայնել և շարունակել։

«Ազատություն». - Ռուսաստանն ասում է՝ մենք էլ կօգնենք, մենք էլ ունենք այդ ռեսուրսը, ընդամենը մեկ օր առաջ Մարիա Զախարովան էր ասել։

Վահան Կոստանյան. - Ռուսաստանը այլ ռեսուրսներ էլ ունի, նույն «Մատրոշկա» և «Ստորմ» ցանցերը։ Մենք ուրախ կլինենք իրենցից տեղեկատվություն ստանալ, օրինակ, թե ինչպես են իրենց հետ փոխկապակցված այս տելեգրամյան բոտերը աշխատում։