Երևանի կողմից Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցել ռուսական գազի գնի հետ կապված Հայաստանի առավելությունների կորստին, РИА "Новости" գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:
«Հայաստանի հետ մենք ծավալուն պայմանագրաիրավական բազա ունենք, որն ամրագրում է երկկողմ հարաբերությունների արտոնյալ, դաշնակցային կարգավիճակը: Եթե հայաստանյան իշխանությունները արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացման» շրջանակում ցանկանում են վերանայել այդ կարգավիճակը, դա իրենց իրավունքն է: Սակայն այդ ժամանակ հարկ կլինի նաև հրաժարվել առավելություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին: Այդ առավելությունների օրինակներից մեկն է գազի գինը», - ասել է Կալուգինը:
Դիվանագետի խոսքով՝ ռուսական կողմը դեմ չէ, որ Հայաստանը գազ գնի այլ երկրներից, նման հնարավորություն արձանագրված է 2013 թվականի ռուս-հայկական «գազային» համաձայնագրում:
«Սակայն պետք է հասկանալ՝ որն է ռուսաստանյան մատակարարումների այլընտրանքը: Բերեմ որոշ թվեր: Ռուսաստանից Հայաստան մուտք է գործում հանրապետության կողմից սպառվող գազի մինչև 85 տոկոսը՝ տարեկան շուրջ 2.2-2.7 միլիարդ խորանարդ մետր: Մատակարարումներն իրականացվում են առանց արտահանման մաքսատուրքերի, հազար խորանարդ մետրի դիմաց 177.5 ԱՄՆ դոլար ֆիքսված գնով: Հայաստանը նաև Ռուսաստանից նավթամթերք է ստանում առանց մաքսատուրքերի», - նշել է Կալուգինը:
Նրա պնդմամբ՝ Հայաստանը ոչ մի տեղ չի գտնի գազի գնման նույնքան արտոնյալ պայմաններ, որքան այսօր առաջարկում է Ռուսաստանը:
Այս տարվա հուլիսին ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշյոտնիկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում հազար խորանարդ մետրի դիմաց 177.5 դոլարով, մինչդեռ գազի «եվրոպական» գները գերազանցում են հազար խորանարդ մետրի դիմաց 600 դոլարը: Նախարարի խոսքով՝ դա այլ բան, քան սուբսիդիա, անվանել հնարավոր չէ, քանի որ այդ գումարը կազմում է տարեկան շուրջ մեկ միլիարդ դոլար:
Հայաստանի վարչապետը սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթում հայ-ռուսական հարաբերությունների փոփոխությունը կապել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի հետ։ «Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, և մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Օրեր առաջ էլ Փաշինյանը ճեպազրույցում ասել էր, որ գազի թանկացման որևէ ազդակ Հայաստանը ռուսական կողմից չի ստացել, իսկ ավելի վաղ Հայաստանի համար բնական գազի շուկայական սակագին սահմանելու՝ Ռուսաստանից պարբերաբար հնչող սպառնալիքների թեման «Կիկոսի մահի» հետ էր համեմատել: