ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, թե «Արևմուտքը շանտաժի է ենթարկում ՀՀ-ին «Հարավկովկասյան երկաթուղու» հարցում»

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ռուսական կոնցեսիան այլ կողմի փոխանցելու մասին Հայաստանի հայտարարությունները Մոսկվան գնահատում է որպես Արևմուտքի կողմից Հայաստանին շանտաժի ենթարկելու փորձ։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը։

«Հաշվի առնելով, որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց ընդհանրապես չէր բարձրացվել, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանի իշխանություններին պարզապես շանտաժի են ենթարկում։ Պահանջում են վերացնել ռուսական գործոնը տրանսպորտային ոլորտում, իսկ դրա դիմաց խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և ներգրավում նախագծերում, որոնց տնտեսական նպատակահարմարությունը դժվար է տեսնել։

Սա լիովին համապատասխանում է տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու՝ Արևմուտքի անազնիվ խաղերի տրամաբանությանը»,- գրում է լրատվամիջոցը՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գերատեսչությանը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում նաև նշել են, որ Երևանի այն պնդումները, թե ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի՝ միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին միանալուն, «բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»։

«Այս հարցի վերաբերյալ բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներում։ Միևնույն ժամանակ, հայկական կողմը դժվարանում է հակափաստարկներ ներկայացնել»,- ընգծել են արտգործնախարարությունում՝ հավելելով՝ մինչև հրապարակային հայտարարություններ անելը գործընկերները սովորաբար նստում են բանակցությունների սեղանի շուրջ և գործնական ձևաչափով քննարկում են առկա խնդիրներն ու մտահոգությունները։

ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն առավելագույն պատասխանատվությամբ կատարում է իր պարտավորությունները և իրականացրել է ավելի քան 30 միլիարդ ռուբլու ներդրումներ, այդ թվում՝ շարժակազմի արդիականացման ուղղությամբ։

«Ներդրումների ժամանակացույցը փոփոխվել է հայկական կողմի խնդրանքով։ Հենց ռուսաստանցի երկաթուղայինների մասնագիտական կարողություններն են օգնել Հայաստանին պահպանել մրցակցային առավելությունները, որոնք այսօր, ընդհանուր առմամբ, հնարավորություն են տալիս խոսել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին»,- Ինտեֆաքսի հաղորդմամբ հայտնել է Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե Հայաստանի երկաթուղիների կառավարումը շարունակի մնալ Ռուսաստանի ձեռքում, Հանրապետությունը կորցնում է միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները։ Նա նաև ռուսական կողմին խնդրել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիայի իրավունքը վաճառել երրորդ երկրի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետը կրկին դիմեց ռուս գործընկերներին՝ երկաթուղու կառավարումը երրորդ երկրին հանձնելու խնդրանքովԻ՞նչ է անելու կառավարությունը երկաթուղու ու ատոմակայանի հետԳյումրի-Կարս երկաթգծի նախագծային աշխատանքների մրցույթ է հայտարարվելՓաշինյանը երկաթուղու կառավարման նոր լուծումներ է թվարկում. Մոսկվայից դեռ չեն արձագանքում«Ուզում ենք բարեկամական լուծում, չենք ուզում պայմանագրի խզում». վարչապետը՝ երկաթուղու մասին