ՌԴ ԱԳՆ. Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կազդի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վրա

Եվրամիության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

Մեկնաբանելով Եվրոպական միությանը միանալու Երևանի մտադրությունը՝ ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ հաշվի առնելով «ԵՄ-ի արագ վերափոխումն ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի և Ռուսաստանի հետ առճակատմանն ուղղված նրա ռազմավարական գիծը, այս կազմակերպությանն անդամակցելու Հայաստանի հետաքրքրությունը չի կարող չմտահոգել»։

«Մենք հույս ունենք, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, գիտակցում է Բրյուսելի հետ արագացված մերձեցման հնարավոր բացասական հետևանքները՝ ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար», - ընդգծել է Մասլեննիկովը։

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Ռուսաստանը հարգում է այլ պետությունների ինտեգրացիոն միավորումներին մասնակցելու ինքնիշխան իրավունքը, և հատկապես «նրանց ցանկությունը՝ տնտեսական զարգացման լրացուցիչ հնարավորություններ ստանալու և սեփական բնակչության բարեկեցությունը բարելավելու համար»։

«Փաստը մնում է փաստ, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է», - հայտարարել է դիվանագետը։

Մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները, ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր. - «Ցանկացած մարդ, որ ծանոթ է Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության գործունեության սկզբունքներին, տեղյակ է, որ հնարավոր չէ անցնել ԵՄ չափանիշներին՝ մնալով ԵԱՏՄ անդամ»:

Անդրադառնալով 2025-ի դեկտեմբերին Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված փաստաթղթին՝ Լավրովը նշել էր․ - «Հայերին վիզային ռեժիմի ազատականացում են առաջարկում, ինչը կապված է այն հանգամանքի հետ, որ ԵՄ-ն պետք է դերակատարություն ունենա իրավապահ համակարգում, սահմանների պաշտպանության հարցերում։ Հասկանալի է, որ Հայաստանում են գտնվում մեր սահմանապահները։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչպե՞ս է դա համատեղվում Երևանի ներկայիս պարտավորությունների հետ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանին Հայաստանից դուրս թողնելու օրակարգ ՀՀ կառավարությունը չունի. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերջերս հայտարարեց՝ Ռուսաստանին Հայաստանից դուրս թողնելու, Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չունի: Միրզոյանն ընդգծել է՝ հարաբերությունների խորացումը Եվրամիության հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ:

«Խզել կապերը Ռուսաստանի հետ, պետք չէ նույնականացնել ԵԱՏՄ անդամակցության հետ: Մենք հիմա ԵԱՏՄ անդամ պետություն ենք, և մենք հիմա շահեկան համագործակցություն ունենք ԵԱՏՄ շրջանականերում։ Եթե մի օր հարց ծագի անդամակցել Եվրոպական միությանը, այդ հարցին զուգահեռ մենք բոլորս կնստենք և կմտածենք այդ մասին։ Դա կդառնա քննարկման առարկա»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ աջակցությունը` ընտրություններին ընդառաջ միջամտությո՞ւն, թե՞ ժողովրդավարության պաշտպանությունՄիրզոյանն ու Կոսը քննարկել են ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններըԻ՞նչ է նախատեսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր փաստաթուղթը. մանրամասներ ԲրյուսելիցԵրևանն ու Բրյուսելը համագործակցության նոր փաստաթուղթ ստորագրեցին