Ռամզան Կադիրովը Չեչնիայի նախագահական ընտրություններում ստացել է ձայների 99.85%-ը, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ բոլոր քվեաթերթիկները մշակելուց հետո, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։
Կադիրովի համար 99.85% արդյունքը նոր ռեկորդ է։ 2021 թվականի ընտրություններում, պաշտոնական տվյալներով, նա ստացել էր ձայների 99.7%-ը։
Այս ընտրարշավի ընթացքում Չեչնիայի ղեկավարը պահանջել է հանրապետությունում ավելի ուժեղ պայքար մղել այլախոհության դեմ։ Քվեարկության օրերին եղան հաղորդումներ «անվստահելի» քաղաքացիների ձերբակալությունների, ինչպես նաև աննորմալ բարձր մասնակցության մասին. Արդյունքում, ինչպես հայտնում են Գրոզնից, ընդհանուր առմամբ այն կազմել է 93.98%, այսինքն՝ քվեարկությանը մասնակցել է 825,348 մարդ:
Մյուս շրջաններում ևս առաջատար են գործող ղեկավարները
Տարածաշրջանային ղեկավարների ուղղակի ընտրություններ են անցկացվել Ռուսաստանի ևս յոթ շրջաններում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ բոլորում էլ հաղթել են գործող կամ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նշանակված ժամանակավոր նահանգապետերը:
Տուվայում քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո գործող նահանգապետ Վլադիսլավ Խովալիգը («Եդինայա Ռոսիա») ստացել է 90.95%: Մորդովիայում քվեաթերթիկների 78.25%-ի մշակումից հետո Արտյոմ Զդունովը («Եդինայա Ռոսիա») ստացել է 79.91%: Պենզայի մարզում քվեաթերթիկների գրեթե 90%-ի մշակումից հետո գործող նահանգապետ Օլեգ Մելնիչենկոն («Եդինայա Ռոսիա») ստացել է 71.23%: Տվերի մարզում քվեաթերթիկների 88.84%-ի մշակումից հետո գործող նահանգապետ Վիտալի Կորոլյովը («Եդինայա Ռոսիա») ստացել է 69.94%:
Բրյանսկի մարզում գործող նահանգապետ Եգոր Կովալչուկը («Եդինայա Ռոսիա») ձայների 68.26%-ի մշակումից հետո ստացել է 69.2%, իսկ Բելգորոդի մարզում գործող նահանգապետ Ալեքսանդր Շուվաևը («Եդինայա Ռոսիա») ձայների 56.6%-ի մշակումից հետո ստացել է 64.5%։
Ուլյանովսկի մարզում առաջատարն է գործող նահանգապետ Ալեքսեյ Ռուսկիխը: Նա նահանգապետի ուղղակի ընտրություններում միակ հաղթողն է, որ ներկայացնում է ոչ թե «Եդինայա Ռոսիան», այլ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեաթերթիկների կեսը մշակելուց հետո նա հավաքել է 77.1% ձայն։
Բացի դրանից՝ երկու շրջանների ղեկավարներն ընտրվել են ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ իրենց տեղական խորհրդարանների պատգամավորների կողմից։ Ռաշիդ Թեմրեզովը վերընտրվել է Կարաչայ-Չերկեզիայում, իսկ Սերգեյ Մենյայլոն՝ Հյուսիսային Օսիայում։
Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում, քվեաթերթիկների 87.91 տոկոսի մշակումից հետո, նախնական տվյալներով, առաջատարն է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, որն ստացել է ձայների 57.87 տոկոսը: Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 13.84 տոկոս ձայներով, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է ձայների 8.86 տոկոսը, իսկ «Նոր ժողովուրդը»՝ 7.94 տոկոսը։ Պետդումայի ընտրությունների մասին առավել մանրամասն կարդացեք «Ազատության» այս նյութում: