Չնայած ՔՊ-ի բոյկոտին՝ Գյումրիի ավագանուն հաջողվեց արտահերթ նիստ գումարել

«Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր դարձյալ բոյկոտել էր Գյումրիի ավագանու նիստը, բայց ի տարբերություն նախորդի՝ այս անգամ ընդդիմադիր ուժերը կարողացան քվորում ապահովել ու արտահերթ նիստ գումարել:

Այսօրվա արտահերթը նախորդ տապալված նիստի օրակարգով էր, որը ՔՊ-ն բոյկոտել էր՝ պատճառաբանելով, թե սուբվենցիոն հայտերի իրենց առաջարկը մերժվել է: Արդյոք քաղաքային իշխանության հեռացումը պահանջող քաղաքական թիմը աշնանային նստաշրջանում ևս կշարունակի բոյկոտը, այս պահին դեռ պարզ չէ: Նոր հայտարարություն խմբակցությունից դեռ չկա:

Աշնանը ՔՊ խմբակցությունը, ըստ ամենայնի, նոր ղեկավար ու քարտուղար կունենա, քանի որ Սարիկ Միասյանն ու Քնարիկ Հարությունյանը, «Ազատության» տեղեկություններով, վերցնելու են պատգամավորի մանդատը՝ հրաժարվելով ավագանու աշխատանքից:

Իսկ ահա Գյումրիի քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի 8-րդ համարն է, պնդում է, որ խորհրդարանի մանդատը վերցնել-չվերցնելու հարցում վերջնական որոշում դեռ չունի, թեև ինքնաբացարկի վերջնաժամկետին հինգ օր է մնացել: Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին իրեն նշանակած և այդ պաշտոնը մյուս ուժերին չզիջած Վարդան Ղուկասյանի հետ արդյո՞ք այս հարցը քննարկել է:

«Դեռ էդպիսի քննարկումներ չեմ ունեցել պարոն Ղուկասյանի հետ: Սպասում ենք տեսնենք՝ ամսի 17-ին որ կարողանանք արդար վճիռ կայանա, և պարոն Ղուկասյանը գա և մասնակցի իր աշխատանքներին», - հարցին արձագանքեց Առաքելյանը:

Քաղաքապետ աներոջն ազատ արձակելու վերաբերյալ քաղաքական որևէ պայմանավորվածություն չկա, ասաց Առաքելյանը: Այդ դեպքում ինչի՞ց է ենթադրել, որ կոռուպցիոն մեղադրանքով 9 ամիս բանտում գտնվող Ղուկասյանը երկու օրից ազատ կարձակվի: Ղուկասյանի փաստաբանները միջնորդել են փոխել նրա խափանման միջոց կալանքը և հույս ունեն, որ ուրբաթ օրը դատարանում այդ միջնորդությունը կքննվի:

«Որպես իրավաբանական կրթություն ստացած մարդ, իմ վերլուծություններով և ամբողջ էդ դատական պրոցեսին մասնակից լինելով հանդերձ, գտնում եմ, որ դատարանը այլևս էլ հիմքեր չունի, մինչև էդ էլ չուներ հիմքեր, հիմա առավել ևս չունի, սպառվել են այն ամեն ինչը, ինչ որ մեկնաբանել են: Ես դա եմ, որպես իրավաբան եմ ես հիմա խոսում՝ էդ ամեն ինչը հետևելով, վերլուծելով ... Քաղաքական պայմանավորվածություն ունենայինք, 9 ամիս առաջ կանեինք», - նշեց փոխքաղաքապետը:

Ամեն դեպքում, ասում է, մանդատը ծածուկ չի վերցնի, հայտարարություն կանի, կսպասի նաև բանտում գտնվող Ղուկասյանի խոսքին. - «Էսպես, ծածուկ չէ, բարձաձայն, նաև հայտարարությամբ ելույթ կգամ, մինչև ինձ հայտարարությամբ նաև ելույթ կգա Գյումրու քաղաքապետը՝ էնտեղից, և անպայման կիմանաք»:

Առաքելյանը ևս մեղադրյալի կարգավիճակ ունի՝ իրավապահները նրան մեղադրում են Գյումրիի քաղաքապետի ձերբակալման օրը զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Գործը հիմա դատարանում է: Հնարավո՞ր է նախընտրի պատգամավորի մանդատը, քանի որ ավագանու անդամի պարագայում անձեռնմխելիությունից զրկելու հարց չկա, և բացակայելու արգելքը կալանքով փոխարինելով կարող են ավագանու ընդդիմադիր թևին փաստի առաջ կանգնեցնել:

«Էն որ Գյումրու քաղաքապետը 25 թվականին հայտարարություն արեց, ելույթ ունեցավ, որ «ինձ կալանավորեն՝ ինձ կփոխարինի Ավետիս Առաքելյանը», էդ ամբողջը մենք խոսել էինք, զրուցել էինք: Հո, էսպես ասած՝ վայ, ավագանի եկանք, վայ, պատգամավորության բան է, պիտի էրթանք, ու էդպես անուններս գրելով չէ, մենք պատկերացումով ենք գնում, դատողությունով, ամեն ինչով առաջ ենք գնում», - ընդգծեց փոխքաղաքապետը:

Գյումրիում արտահերթ ընտրությունների մասին հայտարարող իշխանությունը մինչև հիմա չի բացահայտում, թե ինչպես է հասնելու այդ նպատակին, մասնավորապես՝ ինչպես է լուծարելու գործող ավագանին, եթե նիստերը գումարվում են: Առաքելյանը չբացառեց, որ աշնանային նստաշրջանը բոյկոտելով ՔՊ-ին հաջողվի կրկնել 24 թվականի սցենարը. - «Ըստ երևույթին, եթե էդ ուղղությամբ գնացին, էդ մեթոդներին դիմեցին, ինձ թվում է՝ նորից արդեն Գյումրի քաղաքի քաղաքացիները դրա պատասխանը պետք է տան թվերով»:

ՔՊ-ականները ավագանու նիստը բոյկոտում, բայց ակտիվ ստատուսներ են գրում իրենց ֆեյսբուքյան էջերում: ՔՊ խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը հռետորական հարց է տվել. - «Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան, Ռուբեն Մխիթարյան, Կարեն Սիմոնյան ընտրողներ, բա ձերոնց չե՞ք հարցնում շների ապաստարանն ինչ եղավ»:

Ավետիս Առաքելյանը խորհուրդ տվեց՝ ստատուս գրելու փոխարեն նիստերին մասնակցել. - «Թող գային նստեին լսեին, բարձրացնեին հարցերը: Երկու նիստ է՝ չեն գալիս, չեն ներկայանում»:

Ավագանու աշնանային նստաշրջանի առաջին նիստը նշանակվեց սեպտեմբերի 15-ին: Իշխանությունները Գյումրիում թեժ աշուն են խոստանում, որն, ըստ նրանց, հանգեցնելու է հնարավորինս շուտ արտահերթ ընտրությունների, բայց մինչ այս պահը խաղաքարտերը չեն բացել: Նախորդ՝ 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների շրջափուլից հետո ՔՊ-ին հաջողվել է պարտվելուց որոշ ժամանակ անց իշխանություն վերցնել Ախուրյանում, Ալավերդիում՝ իրենց կողմը ավագանու անդամների ներգրավելով ու ընտրված համայնքապետին անվստահություն հայտնելով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գյումրիի ավագանու կազմն առաջիկայում կփոփոխվի. ովքեր կտեղափոխվեն խորհրդարանԵվս մեկ քրեական վարույթ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. Գյումրիում արտահերթ ընտրություն լինելո՞ւ է, ինչպե՞ս և ե՞րբԽուզարկվել են Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարի բնակարանն ու մեքենաները. ի՞նչ էին փնտրումՓաշինյանը չի հրաժարվում Գյումրիում արտահերթ ընտրությունների մտադրությունիցԻնչու պետք է Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացվեն. մեկնաբանում է իշխանական պատգամավորըԳյումրիում հնարավորինս արագ պետք է ունենանք արտահերթ ընտրություններ. Փաշինյան