Պուտինը ստորագրել է Ռուսաստանում ինտերնետի նկատմամբ ԱԴԾ վերահսկողությունն ուժեղացնող օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որը Անվտանգության դաշնային ծառայությանը (ԱԴԾ) տալիս է նոր լիազորություններ՝ երկրի ներսում ինտերնետը անջատելու համար։

Փետրվարի 20-ին ուժի մեջ մտած օրենսդրությունը վերջինն է մի շարք կարգավորումներից, որոնք կտրուկ ընդլայնում են իշխանությունների՝ Ռուսաստանի ներսում տեղեկատվությունը սահմանափակելու լիազորությունները։

Անցնող շաբաթվա սկզբին օրենսդիրների ընդունած նոր օրենսդրությունը ԱԴԾ-ին լիազորություն է տալիս պահանջելու ինտերնետային ծառայություններ մատուցողներից անջատել կամ սահմանափակել մուտքը համացանց «Ռուսաստանի Դաշնության նախագահի կարգավորող իրավական ակտերով սահմանված դեպքերում»։

Այս փոփոխությունը թույլ է տալիս Պուտինին անձամբ որոշել, թե երբ պետք է անջատվեն առցանց հաղորդակցությունները երկրում կամ որոշակի տարածաշրջանում՝ առանց պատճառաբանելու անհրաժեշտության։

Վերջին ամիսներին Ռուսաստանի իշխանությունները ուկրաինական անօդաչու թռչող սարքերի՝ երկրի օդային տարածք մուտքը կանխելու եղանակներ են փնտրում։ Շատ դեպքերում անօդաչուներն օգտագործում են ռուսական տվյալների ազդանշանները՝ դեպի թիրախներ թռչելու համար, որոշ դեպքերում՝ մեծ հեռավորությունների վրա։

Իշխանությունները նաև սահմանափակել են ինտերնետային հայտնի գործիքների, մասնավորապես՝ WhatsApp-ի և Telegram-ի նման հաղորդագրությունների հավելվածների աշխատանքը։ Հաղորդումներից մեկի համաձայն՝ Telegram-ն ապրիլի 1-ից ամբողջությամբ արգելափակվելու է։

Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային գործակալությունը` «Ռոսկոմնադզոր»-ը մեղադրել է Telegram-ին Ռուսաստանի քաղաքացիների արտահոսած անձնական տեղեկատվության շուկա ստեղծելու մեջ։

ԱԴԾ-ն այսօր հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ ուկրաինական հետախուզությանը հասանելի է դարձել ռուս զինվորների կողմից Telegram-ում հրապարակված տեղեկատվությունը, և դա «բազմիցս հանգեցրել է զինծառայողների կյանքին սպառնացող վտանգների» վերջին երեք ամիսների ընթացքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը փորձել է «ամբողջությամբ արգելափակել» WhatsApp-ը